Ինչպե՞ս է առաջացել Բողոքականությունը

787px-campanahuesca

16-րդ դարում միջնադարյան Գերմանիայում ընդհանուր դժգոհության մթնոլորտ էր տիրում: Դժգոհության համար հիմնական շարժառիթն էր հանդիսանում ինդուլգենցիաների վաճառքը: Հռոմի պապերն իրենց իրավունք էին վերապահում վճարով ներել հավատացյալների հանցագործություններն ու մեղքերը՝ վաճառելով մեղքերի թողության հատուկ գրություն՝ «ինդուլգենցիա»:

1517 թվականին ինդուլգենցիաների «անխիղճ» վաճառքի դեմ դուրս եկավ գիտնական վանական, Վիտենբերգ քաղաքի համալսարանի աստվածաբանության պրոֆեսոր Մարտին Լյութերը: Նա համալսարանի դռներին փակցրեց իր կոչը հավատացյալներին՝«95 թեզիսները»: Դրանցում Լյութերը դատապարտում էր Ինդուլգենցիաների վաճառքը և վիճաբանության էր կանչում ամենքին, ով իր հետ համաձայն չէր:

Դուրս գալով ինդուլգենցիաների դեմ՝ Լյութերն ընդունում էր, որ եկեղեցին չի կարող միջնորդ լինել աստծո և մարդկանց միջև: Շուտով Լյութերը հայտարարեց, որ եկեղեցին կարող է գոյություն ունենալ նաև առանց պապի: Նա առաջարկեց այլևս դրամ չուղարկել և կոչ արեց վճռականորեն պայքարել Հռոմի Պապի դեմ: Ինդուլգենցիաների վաճառքի դեմ ուղղված Լյութերի ելույթի լուրը «չորս շաբաթում տարածվեց ամբողջ քրիստոնեական աշխարհում»:

Գերմանիայից հետո բարեփոխումներ սկսվեցին նաև Եվրոպական այլ երկրներում: Կաթոլիկ եկեղեցին կորցնում էր իր նախկին ազդեցությունը: Առաջարկվող բարեփոխման բոլոր կողմնակիցներին անվանեցին բողոքականներ, իսկ նոր եկեղեցին՝ բողոքական եկեղեցի: Բողոքականությունն ունի երկու՝ պահպանողական և լիբերալ ճյուղեր: Ներկայումս 2.1 միլիարդ քրիստոնյաներից մոտ 800 միլիոնը բողոքական է, որից 170 միլիոնն ապրում է Հյուսիսային Ամերիկայում, 160 միլիոնը՝ Աֆրիկայում, 120 միլիոնը՝ Եվրոպայում, 70 միլիոնը՝ Լատինական Ամերիկայում, 60 միլիոնը՝ Ասիայում և 10 միլիոնը՝ Օվկիանիայում:

Բողոքականությունն իր մեջ ընդգրկում է դավանական, պաշտամունքային և եկեղեցական առանձնահատկություններով միմյանցից տարբերվող, անկախ եկեղեցիներ և դավանանքներ: Բողոքական եկեղեցիները բաժանվում են երկու մեծ խմբի` լյութերական և ռեֆորմատական: Ռեֆորմատական և լյութերական եկեղեցիների հիմնական տարբերությունն այն է, որ վերջիններն ընդունում են երկու խորհուրդ (Մկրտություն և Հաղորդություն), իսկ ռեֆորմատական եկեղեցիները մերժում են բոլոր խորհուրդները: Բողոքական եկեղեցիները կոչվում են նաև ավետարանական եկեղեցիներ:

Նյութը պատրաստեց՝ Նարինե Ղազինյան