Անկում՝ ոսկե դարաշրջանից հետո. Մաս 2

belgrade_treaty_1739

Շարունակելով 18-րդ դարում Օսմանյան կայսրության վարած արտաքին քաղաքականության ուսումնասիրությունը՝ ներկայացնում ենք հաջորդ երեք սուլթանների օրոք տեղի ունեցած արտաքին քաղաքական նշանավոր իրադարձությունները:

1730 թվականին Ահմեդ Երրորդին սուլթանական գահին հաջորդում է Մահմուդ Առաջինը (1730-1754թթ.): Երկրի ներսում խռովություններ էին: Այդ և այլ պատճառներով Ահմեդ Երրորդը ստիպված էր հրաժարվել գահից:

1724թ. Կ. Պոլսի ռուս-թուրքական պայմանագիրը լոկ ժամանակավոր համաձայնություն էր: Երկու ախոյանների միջև խորքային հակասությունները դեռ մնում էին ուժի մեջ: XVII դ. 30-ական թթ. դրանք կրկին սրվեցին: Դրա գլխավոր պատճառներն էին Ղրիմի և նողայական թաթարների ավերիչ հարձակումները հարավռուսական հողերի վրա, թուրքական իշխանությունների կողմից ռուսական նավերի համար սահմանված արգելքը՝ նավարկելու Սև ծովում և նեղուցներով մտնելու Միջերկրական ծով, Ռուսաստանի աճող ազդեցությունը Բալկանյան թերակղզու և Կովկասի քրիստոնյա բնակչության նկատմամբ և այլն: Ի վերջո Ռուսաստանը ձգտում էր ազատվել Պրուտի պայմանագրի՝ իրեն ոչ ձեռնտու արգելքներից և, առհասարակ, 1720թ. և 1724թ. կնքված ռուս-թուրքական պայմանագրերի այն դրույթներից, որոնք Պետերբուրգն անցանկալի էր համարում իր համար: Երկու պետությունների միջև բախումն ակտիվորեն հրահրվում էր նաև ֆրանսիական դիվանագիտության կողմից, որը գաղտնի Կ. Պոլսում իր դեսպանության և Օսմանյան կայսրությունում ու Ռուսաստանում գործող իր գործակալների միջոցով աշխատում էր պատերազմ հրահրել երկու ախոյանների միջև: Երբ Պետերբուրգում համոզվեցին, որ իրադարձություններն արագ տանում են դեպի պատերազմ, որոշեցին կարգավորել հարաբերություններն Իրանի հետ: Ըստ այնմ, Աննա Իվանովնայի կառավարությունը 1735թ. Իրանի շահի հետ կնքեց դաշնակցային պայմանագիր` Իրանին վերադարձնելով մերձկասպյան բոլոր հողերը, այդ թվում նաև` Դերբենտը և Բաքուն: Կ. Պոլսում դա գնահատվեց որպես 1724թ. ռուս-թուրքական պայմանագրի կոպիտ խախտում և Ռուսաստանի կողմից ուխտադրժություն:

Սուլթանի պատասխանն իրեն երկար սպասեցնել չտվեց: Նրա հրամանով Ղրիմի Խան Դնլեթ Գիրեյը ռուսական հողերի վրայով ավերիչ արշավանք կազմակերպեց դեպի Հարավային Կովկաս` ճանապարհին անխնա կողոպուտի ու ավերածության մատնելով ռուսական հողերը և հազարավոր մարդկանց քշելով գերության: Ռուսներն անշուշտ հասկանում էին, որ Ղրիմի խանի ռազմաշունչ տրամադրությունների բորբոքումը կատարվում է Կ. Պոլսի կողմից: Ուստի, որոշվեց, որ հասել է օսմանցիների հետ զենքով խոսելու ժամանակը: 1736թ. ապրիլին Ռուսաստանը պատերազմ հայտարարեց Օսմանյան կայսրությանը: 1737թ. ամռանը, երբ Ռուսաստանի դաշնակից Ավստրիան ևս մտավ պատերազմի մեջ, Օսմանյան կայսրության վիճակը խիստ բարդացավ: Միանգամայն ակնհայտ է, որ Օսմանյան կայսրությունն ի վիճակի չէ երկու ճակատով միաժամանակյա պայքար մղել Եվրոպայի՝ ռազմական առումով հզոր պետությունների հետ:

Կ. Պոլսի առաջարկով սկսվեցին հաշտության բանակցություններ: 1737թ. Ուկրաինայի լեհական մասում գտնվող Նեմիրով փոքրիկ քաղաքում գումարվեց խաղաղության խորհրդաժողովում: Եվ՛ Ավստրիան, և՛ Ռուսաստանը թուրքերի հետ բանակցում էին սուրը ձեռքներին: Բանակցությունները որևէ դրական արդյունքի չհանգեցրին: Կողմերի դիրքորոշումները չհաջողվեց համաձայնեցնել: Ռազմական գործողությունները շարունակվեցին նոր թափով:

Փարիզում Նեմիրովի խորհրդաժողովում տեղի ունեցած բանակցությունները մեկնաբանվեցին որպես Ռուսաստանի և Ավստրիայի կողմից Օսմանյան կայսրության համատեղ բաժանման փորձ: Կարդինալ Ֆլերնը, որը Վերսալի նկատմամբ ուներ մեծ ազդեցություն, պնդում էր, որ անհրաժեշտ է ինչ գնով էլ լինի պահպանել Օսմանյան Կայսրության ամբողջականությունը: Ֆրանսիայի կառավարող շրջանակները համամիտ էին այդ տեսակետի հետ և գտնում էին, որ հարցը միայն Լևանտում Ֆրանսիայի առևտրական շահերը չեն, այլ այն, որ Օսմանյան կայսրությունը պետք է պահպանվի որպես եվրոպական հավասարակշռության էական բաղկացուցիչ տարր: Ուստի, Վերսալը ոտքի հանեց իր ողջ գործակալական ցանցը դիվանագիտական գրոհի անցնելու համար, որպեսզի նախ՝ ներսից պայթեցնի ավստրո-ռուսական դաշինքը, ապա թուրքերին համոզի, որ ավելի լավ է կռվել, քան ընդունել խաղաղության ամոթալի պայմանները:

Ստանալով ֆրանսիական թագավորի աջակցության խոստումները` մեծ վեզիրի հրամանատարությամբ զորքերը շարժվեցին արևմուտք` դեպի ավստրիական սահմանները: Իրադարձությունների անիվը շրջվեց հօգուտ թուրքերի: Միանգամայն անսպասելիորեն ավստրիական զորքերը պարտություն կրեցին, և թուրքերն իրենց համար ճանապարհ բացեցին դեպի Բելգրադ:

Իրադրությունը միանգամայն հարմար համարելով ՝ Կ.Պոլսում ֆրանսիական դեսպան մարկիզ Դը Վիլնյովը հանդես եկավ միջնորդական առաքելությամբ, որի արդյունքում Սիստովո քաղաքում Վիեննան 1739թ. սեպտեմբերի 1-ին թուրքերի հետ կնքեց անջատ հաշտության պայմանագիր, որով Կ.Պոլիսը հետ էր ստանում այն բոլոր տարածքները, որը կորցրել էր Սերբիայում, Բոսնիայում և Վալախիայում՝ ըստ Պոժարևացի պայմանագրի: Որպես պատերազմող կողմ մնալով մենակ և պատրաստ չլինելով տևական ու հյուծիչ պատերազմի՝ Ռուսաստանը ևս ստիպված էր հաշտության բանակցություններ սկսել, որոնք ավարտվեցին 1739թ. սեպտեմբերի 18-ին Բելգրադում ռուս-թուրքական խաղաղության պայմանագրի կնքմամբ:

1739թ. Բելգրադի պայմանագիրն անկասկած օսմանյան դիվանագիտության խոշոր հաղթանակն էր: Օսմանյան դիվանագիտությունը կարողացել էր կռահել, որ Ռուսաստանի ռազմական ու ֆինանսատնտեսական վիճակը նրան հնարավորություն չի տալիս մենակ, առանց դաշնակիցների շարունակել պատերազմը: Կասկածից վեր է, որ Օսմանյան կայսրությունը թևակոխել էր անկման ու մայրամուտի ժամանակաշրջան, սակայն նա դեռ շարունակում էր մնալ պատկառելի ռազմական ուժի տեր պետություն: Բելգրադի պայմանագիրը հանդիսանում է դրա համոզիչ վկայությունը:

1740-41թթ. Ռուսաստանն ու Օսմանյան կայսրությունը միմյաց հետ փոխանակեցին արտակարգ դեսպանություններ: Կ. Պոլսում ռուսական դեսպան նշանակվեց գեներալ Ա. Ի. Ռումյանցևը, որի դեսպանությանը սուլթանի կողմից շնորհվեց «եվրոպական մեծ դեսպանության» կարգավիճակ:

1740թ. սուլթանական կառավարությունը Ֆրանսիայի հետ կնքեց բարեկամության ու առևտրի մասին 24 հոդվածից բաղկացած պայմանագիր, որը վերականգնում էր կապիտուլյացիաների գործողություններն առավել բարենպաստ ու մշտական պայմանների հիմքի վրա, քան գոյություն ուներ նախկինում: Նախկինում կապիտուլյացիոն պայմանագրերը տրվում էին սուլթանի կողմից որպես շնորհ և ուժի մեջ էին մնում միայն տվյալ սուլթանի կառավարման շրջանում: Եվրոպական դեսպանները յուրաքանչյուր հաջորդ սուլթանից հետո պետք է նորից համաձայնություն ստանային կապիտուլյացիաները հաստատելու համար: Առևտրական արտոնություններն օտարերկյա վաճառականներին տրվում էին որպես առանձնաշնորհումներ («ինթիյազաթ») հնազանդ վասալներին:

1740թ. Ֆրանսիային հատկացված կապիտուլյացիան իր տեսակի մեջ առաջինն էր, որ օսմանյան կառավարության կողմից հատկացվում էր որևէ եվրոպական պետության: Այն մեծապես ամրապնդում էր Ֆրանսիայի դիրքերը Թուրքիայում: Այսուհետ Ֆրանսիան ստանում էր մշտական ու անփոփոխ հիմունքներով բազմաթիվ արտոնություններ ու իրավունքներ Օսմանյան կայսրությունում, այդ թվում նաև՝ Ֆրանսիայի կողմից կայսրության կաթոլիկ բնակչության հովանավորության իրավունք: Ի վերջո Օսմանյան կայրության համար Ֆրանսիան դառնում էր մի պետություն, որի կողմը ողջ XVIII դարի ընթացքում թուրքերն ուղղում էին իրենց հայացքները կայսրության ճգնաժամային պահերին օգնության ակնկալիքով:

Եթե Ավստրիայի և Ռուսաստանի դեմ պատերազմներում թուրքերին հաջողվեց հաջողության հասնել, ապա նույնը չի կարելի ասել Իրանի դեմ մղվող պատերազմների համար: Իրանում Թահմազ Ղուլի խանի (հետագայում` Նադիր շահ Աֆշար) քաղաքական ասպարեզ իջնելը թուրք-իրական հարաբերություններում առաջ բերեց բեկում հօգուտ Իրանի: Դեռևս 1730թ. աֆղաններին Իրանից վտարելուց հետո Նադիրը զենքն ուղղեց օսմանյան թուրքերի դեմ: 1730թ. Նադիրին հաջողեց ջախջախիչ պարտության մատնել թուրքերին: Սակայն հակառակ նրա բազմաթիվ նախազգուշացումների. խուսափել երկու ճակատով մարտեր մղելուց` Իրանի շահը պատերազմական գործողությաններ սկսեց թուրքերի դեմ: Ջախջախիչ պարտություն կրելով` անօգնական ու հուսահատ շահը ստիպված էր հաշտություն թախանձել: 1732թ. հունվարի 10-ին ստորագրվեց մի ամոթալի փաստաթուղթ հաշտության մասին: Իմանալով այդ մասին` Նադիրը Թահմազ շահին հայտարարեց հայրենիքի թշնամի և գահընկեց արեց նրան: Միաժամանակ Նադիրը նամակ գրեց նորընծա սուլթան Մահմուդ Առաջինին, որտեղ պահանջում էր վերադարձնել բոլոր գրավյալ տարածքները` հակառակ դեպքում սպառնալով պատերազմով: 1732թ. վերջին Նադիրը մեծ զորաշարժ կատարեց թուրքերի դեմ: Սկսվեց հերթական թուրք-պարսկական պատերազմը: Բաղդաղի Ահմեդ փաշան Նադիրի հետ ստորագրեց պայմանագիր ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ: Սակայն սուլթանը չճանաչեց փաշայի ստորագրած պայմանագիրը և սկսեց նախապատրաստվել վճռական գործողությունների: Պատերազմը շարունակվեց: Թուրքերը ջախջախվեցին: Պատերազմական գործողություններն ավարտվեցին 1736թ. սեպտեմբերին 28-ին Կ. Պոլսում կնքված թուրք-իրանական խաղաղության պայմանագրով: Սակայն այս պայմանագիրը ևս չհաստատվեց սուլթանի կողմից: Ի վերջո նույն 1736թ. Էրզրումում կնքվեց հաշտության նոր պայմանագիր, որով Օսմանյան կայսրութունը ստիպված էր Իրանին վերադարձնել նրան պատկանող այլ բոլոր տարածքները, որոնք գրավվել էին 1724-1736թթ. ընթացքում տեղի ունեցած ռազմական ընդհարումների ժամանակ:

1743-1746թթ. Օսմանյան կայսրության և Իրանի միջև ընթանում էր նոր պատերազմ: Սակայն այդ պատերազմը երկու պետություների սահմանների միջև էական փոփոխություններ չմտցրեց: 1746թ. սեպտեմբերի 4-ին կնքվեց «վերջնական» թուրք-իրանական պայմանագիր, ըստ որի` վերականգվում էին 1639թ. Քասրե-Շիրինի պայմանագրի դրույթները: Կասկածից վեր է, որ ողջ XVI-XVIII դդ. ընթացքում Իրանը հանդիսացավ այն ուժը, որը կասեցրեց օսմանյան բանակների առաջխաղացումը դեպի Արևելք:

Սուլթան Մահմուդ Առաջինի կառավարման տարիներին Օսմանյան կայսրության եվրոպական տիրույթներում խաղաղություն էր տիրում: Այդ շրջանում եվրոպական երկրները հիմնականում պատերազմում էին միմյանց դեմ: Սկզբում 1740թ. Հաբսբուրգների կայսր Կարլոս VI–ի մահից հետո ավստրիական ժառանգության համար, ապա ներքաշվելով Յոթնամյա պատերազմում:

Ֆրանսիան թեև մի քանի անգամ փորձեց Օսմանյան կայսրությանը ներգրավել պատերազմների մեջ՝ հետապնդելով իր շահերը, սակայն սուլթան Մահմուդ Առաջինն անդրդվելի մնաց: Ֆրանսիական դիվանագիտությունը, Պրուսիայի և գերմանական իշխանների հետ համատեղ ծրագրեր փայփայելով Ավստրիայի նկատմամբ, թուրքերի վրա ճնշում էր գործադրում, որ նրանք ներխուժեն Հունգարիա: Սակայն սուլթանը, քաղաքական կամք դրսևորելով, հայտարարեց, որ ինքը եվրոպական գործերում պահպանելու է խիստ չեզոքություն: Այդ տարիներին թուրքական քաղաքական վերնախավի մի ազդեցիկ մասը, իրատեսական գնահատական տալով կայսրության վիճակին, այդ խաղաղ դադարը փորձում էր օգտագործել պետության ներքին գործերը կարգավորելու, բանակի մարտունակությունը բարձրացնելու համար` քաջ գիտակցելով, որ վաղ թե ուշ նոր պատերազմը Ռուսաստանի հետ անխուսափելի է:

Սուլթան Մահմուդ Առաջինը վախճանվեց 1754թ.: Նրան հաջորդեց եղբայրը` Օսման III-ը (1754-1757թթ.): Վերջինս, ինչպես և մյուսները, հանդիսանում էր «վանդակի» հերթական զոհերից մեկը: Նոր սուլթանը կառավարեց ընդամենը 3 տարի` շարունակելով իր եղբոր «խաղաղասիրական» քաղաքականությունը:

1757թ. օսմանյան գահին նստեց Մուստաֆա III-ը (1757-1774թթ.): Այս նոր սուլթանն իր համար ընտրել էր «ջահանգիր» («աշխարհակալ») բանաստեղծական կեղծանունը և բանաստեղծություններ էր հորինում օսմանյան պետության և անցյալ փառքի ու ապագա նվաճումների մասին: Սուլթանների այս շառավիղն աչքի չէր ընկնում բնավորության կայունությամբ: Նրա քաղաքական մտածողության մակարդակը ևս խիստ սահմանափակ էր, թեև նա ևս երազում էր պետության նորացման ու բարեփոխման մասին: Նրա կյանքի առանձին դրվագներ վկայում են, որ նա, համենայն դեպս, ձգտում էր Օսմանյան կայսրությանն ավյուն ու կյանք հաղորդել և հատկապես պաշտպանել Ռուսաստանի հարձակումներից:

Մուստաֆա Երրորդի կառավարման առաջին շրջանում պետության ղեկը փաստացի գտնվում էր մեծ վեզիր Ռահիբ փաշայի ձեռքում: Այս գործիչը, որը բավականաչափ կրթված էր և ծանոթ եվրոպական կրթությանն ու լուսավորությանը, տարված էր իր երկրի արևմտականացման գաղափարներով: Ռահիբ փաշան անհրաժեշտ էր համարում իրականացնել բարեփոխումներ՝ պետությունը նորացնելու և արդիականացնելու ուղղությամբ` առանց գոյություն ունեցող ինստիտուտի «ներդաշնակության» նկատմամբ սպառնալիք ստեղծելու:

Արտաքին քաղաքականության բնագավառում նա հավասարակշռության գիծ էր բռնել: Որոնելով հակակշիռ Օսմանյան կայսրության ավանդական դարձած հակառակորդների` Ավստրիայի և Ռուսաստանի դեմ` Ռահիբ փաշան փորձեց ապավինել «երրորդ ուժին»: 1761թ. նա պայմանագիր կնքեց Պրուսիայի հետ, որը նա հույս ուներ ապագայում վերածելու հարձակողական-պաշտպանողական դաշինքի: Ընդ որում`Ռահիբ փաշան թյուրիմացաբար ենթադրում էր, որ Պրուսիան մի երկիր է, որն Օսմանյան կայսրության նկատմամբ չունի ինչ-ինչ ծրագրեր: Հենց այդ ժամանակներից սկսած` ձևավորվեց Օսմանյան կայսրության պրուսամետ (հետագայում` գերմանամետ) քաղաքական կողմնորոշումը:

Սուլթանը կատարելապես վստահում էր իր մեծ վեզիրին և հավանություն էր տալիս նրա իրականացրած քաղաքականությանը: Սակայն երբ 1763թ. Ռահիբ փաշայի մահից հետո սուլթանը իր ձեռքում կենտրոնացրեց կառավարման բոլոր լծակները, անմիջապես դրսևորվեցին սուլթանի ագրեսիվ հակումները: Բարձր Դուռը հայտարարեց, որ Եվրոպայի նկատմամբ պետք է վարել ռազմաշունչ ծավալապաշտական քաղաքականություն:

Մուստաֆա II-ի ռազմաշունչ տրամադրությունների դրսևորումը համընկավ մի ժամանակաշրջանի հետ, երբ Ռուսաստանում գահ բարձրացավ ոչ պակաս մարտականորեն տրամադրված Եկատերինա Երկրորդ կայսրուհին, որն էլ իր հերթին Օսմանյան կայսրությունը մասնատելու հույսեր էր փայփայում: Կարծես թե իրադարձությունների զարգացումն արագ տանում էր այդ երկու միապետերի ծրագրերի սանձազերծմանը: Լեհաստանի թագավոր Օգոստոս III-ի մահը կրկին բարձրացրեց Լեհաստանի նոր բաժանման հարցը: Անմիջապես դաշինքի մեջ մտնելով իր նախկին թշնամու` Պրուսիայի Ֆրիդրիխ Մեծ թագավորի հետ (1764թ.)` Եկատերինան ոտնձգություն կատարեց Լեհաստանի անկախության դեմ: Ավստրիայի թույլտվությամբ ռուսական և պրուսական զորքերը ռազմակալեցին Լեհաստանը և բաժանեցին միմյանց միջև: Դա Կ. Պոլսում զայրույթի փոթորիկ առաջացրեց, քանի որ այնտեղ Լեհաստանի նոր բաժանումը մեկնաբանվեց որպես օսմանյան պետության շահերի դեմ անմիջականորեն ուղղված գործողություն: Զայրացած Մուստաֆա III-ը հայտարարեց, որ «ես միջոցներ կգտնեմ այդ անհավատներին կարգի հրավիրելու համար»:

1768թ. հոկտեմբերի 4-ին սուլթանը պատերազմ հայտարարեց Ռուսաստանին: Թեժ մարտեր ծավալվեցին: Ռուսները մեկը մյուսի հետևից գրավում էին հսկայական տարածքներ, այդ թվում` Բուխարեստը, Բեսարաբիան, Մոլդովան և Վալախիան` դուրս գալով Դանուբի ափերը: 1770թ. Դանուբից հյուսիս ընկած թուրքական բոլոր ամրոցներն անցան նրանց ձեռքը: 1771թ. գլխավոր իրադարձությունները ռուսների կողմից Ղրիմի գրավումն էր: Ղրիմի կորուստն ուժգին հարված էր Օսմանյան կայսրությանը, որը մինչև այդ Սև ծովը համարում էր իր ներքին լիճը: Ռուսաստանը հաջողություններ գրանցեց նաև դանուբյան ճակատում:

1772թ. մայիսին թուրքական հրամանատարը ստիպված էր զինադադար խնդրել: 1772թ. հուլիսի վերջին Ֆոկչանում սկսվեցին խաղաղության բանակցություններ, որոնք աշնանը շարունակվեցին Բուխարեստում: Սակայն ամիսներ տևած այդ բանակցությունների ընթացքում կողմերը չկարողացան համաձայնության գալ, քանի որ մուֆթին և ողջ մահմեդական ուլաման դեմ էին, որ Ղրիմի խանությունն անցնի քրիստոյա Ռուսաստանին` համարելով, որ որպես «իսլամական հող»` այն պետք է գտնվի Օսմանյան սուլթան-խալիֆի գերիշխանության ներքո:

Մտավախություն ունենալով, որ բարձր հոգևորականությունը Կ. Պոլսում անկարգություններ կհրահրի և նույնիսկ ապստամբություն` սուլթանը մերժեց ռուսների առաջադրած պայմանները: Համարյա մեկ տարվա ընդմիջումից հետո` 1773թ ապրիլին, ռազմական գործողությունները վերսկսվեցին ավելի ուժգին թափով: 1774թ. հուլիսիսն ֆելդմարշալ Պ. Ա. Ռումյանցևի ռազմակայանում` Քյուչուկ-Կայնարջի գյուղում, սկսվեցին ռուս-թուրքական խաղաղության բանակցություններ: Կնքված պայմանագիրը թուրքերին արգելում էր բնակություն հաստատել մոլդովական և վալախական հողերում: Երկու կողմերն էլ ճանաչում էին Ղրիմի խանի անկախությունը և ինքնուրույնությունը: Ռուսաստանը ձեռք էր բերում հսկայական տարածքներ:

treaty_of_kucuk_kaynarca-svg

Քյուչյուկ-Կայնարջիի խաղաղության պայմանագիրը Ռուսաստանին տրամադրեց այն բոլոր կապիտուլացիոն իրավունքները, որոնք նախկինում ստացել էին Ֆրանսիան և Անգլիան:

Այս պայմանագիրը դեռևս չէր հետապնդում Օսմանյան կայսրությունը բաժանելու և մասնատելու նպատակներ: Սակայն կասկածից վեր է, որ այն դարձավ կայսրությունը տրոհելու ու մասնատելու ուղղությամբ առաջին լուրջ քայլերից մեկը: Հիշյալ պայմանագիրը նաև ամբողջ աշխարհին ցույց տվեց, որ այն տնտեսական և ռազմաքաղաքական առումով անհուսալիորեն հետ է մնացել եվրոպական երկրներից:

Շարունակելի …

Մելինե Հայրապետյան

Աղբյուրները՝

  • Վահան Բայբուրդյան, «Օսմանյան կայսրության պատմություն»
  • Лорд Кинросс , “Рассвет и упадок Османской империи”,
  • D. Quataert, “The Ottoman Empire 1700-1922”
  • А. Д. Новичев, “История Турции в 4 томах”, Том 1,2.