Նախագահական և խորհրդարանական կառավարման համակարգերի համեմատական վերլուծություն

parliamentaryvs-presidentialdemocracies

Նախագահականը և խորհրդարանականը հանրապետության կառավարման համակարգերից են։ Դրանք ըստ բնույթի ժողովրդավար են։ Նախագահական կառավարման համակարգի դեպքում պետության ղեկավար է դառնում ընտրությունների արդյունքում ձայների մեծամասնությունը ստացած նախագահի թեկնածուն։

Նախագահը համարվում է գործադիր իշխանության ղեկավարը։ Նախագահը նաև հանդես է գալիս որպես կառավարության ղեկավար և իրավունք ունի վետո դնել խորհրդարանում քննարկվող հարցերի կամ խորհրդարանի կողմից կայացված որոշումների վրա։ Նախագահական կառավարման համակարգում բացակայում է վարչապետի պաշտոնը:Նախագահական կառավարման համակարգի առանձնահատկությունն այն է, որ և՛ նախագահը, և՛ խորհրդարանն ընտրվում են ուղղակի քվեով։ Կառավարությունը կազմվում է նախագահի կողմից և քաղաքական պատասխանատվություն կրում միայն նրա առջև։ Նախագահն իր գործունեության համար քաղաքական պատասխանատվություն չի կրում խորհրդարանի առջև: Խորհրդարանը չի կարող անվստահություն հայտնել կառավարությանը, նախագահն էլ իր հերթին, իրավունք չունի արձակել խորհրդարանը: Սակայն նա ունի խորհրդարանի վրա ազդելու բավական շատ միջոցներ, մասնավորապես` վետոյի իրավունքը, որ նախագահին հնարավորություն են ընձեռում ազդել օրենսդրության իրականցման վրա: Իր հերթին խորհրդարանը կարող է օգտագործել նախագահին անվստահություն հայտնելու՝ իմպիչմենտի ինստիտուտը։ Նախագահական կառավարման համակարգի առավելություններից են այն, որ նախագահն է ամբողջովին պատասխանատվություն կրում կառավարության գործունեության համար և նախագահն է ղեկավարում խորհրդարանը։ Բացի այդ, ընտրողներն այս համակարգի շրջանակներում կարող են կանխատեսել կառավարության կազմը։ Սակայն, կառավարման այս համակարգում առկա են նաև թերություններ։ Քանի որ և՛ նախագահը, և՛ խորհրդարանն ընտրվում են ժողովրդի կողմից, առկա է լինում կրկնակի ժողովրդավարական լեգիտիմություն, որը կարող է դառնալ նախագահի և խորհրդարանի միջև սուր կոնֆլիկտի աղբյուր: Հետևաբար առաջանում է նաև ժողովրդավարական վարչակարգի հարաբերական անկայունությունը:

Ինչ վերաբերում է խորհրդարանական կառավարման համակարգին, ապա խորհրդարանական կառավարման համակարգի դեպքում ժողովրդավարական ընտրություններից հետո մեծամասնություն ստացած քաղաքական ուժերը ձևավորում են կառավարություն, որը հետագայում հաշվետու է լինում խորհրդարանի առջև։ Հաղթած կուսակցության առաջնորդը դառնում է վարչապետ, որը հանդես է գալիս որպես պետության ղեկավար և ունենում է ամենամեծ իշխանությունը: Խորհրդարանական կառավարման համակարգում կարող է լինել նաև նախագահի պաշտոնը, որն ընտրվում է խորհրդարանի կողմից։ Նա հանդիսանում է պետության գլուխը, սակայն իրականացնում է զուտ ներկայացուցչական լիազորություններ և օժտված չէ իրական գործադիր իշխանությամբ՝ ի տարբերություն վարչապետի։Այլ կերպ ասած, խորհրդարանական կառավարման համակարգում իշխանության գործադիր մարմինը բաժանված է երկու մասի`պետության ղեկավարի, այսինքն` նախագահի, որը միայն անվանական գործադիրն է և կառավարության ղեկավարի, այսինքն՝ վարչապետի, որն իրական գործադիրն է: Հետևաբար, կառավարությունը քաղաքական պատասխանատվություն է կրում խորհրդարանի, այլ ոչ թե նախագահի առջև։ Սրանով է պայմանավորված խորհրդարանական համակարգի կարևոր գործառույթներից մեկը՝ կառավարության վերահսկումը։

Խորհրդարանական համակարգի հիմնական առանձնահատկությունն այն է, որ կառավարությունը ձևավորվում է խորհրդարանական հիմքով և ամբողջապես պատասխանատվություն է կրում խորհրդարանի առջև, այսինքն՝ իշխանության գործադիր մարմինը քաղաքական պատասխանատվություն է կրում իշխանության օրենսդիր մարմնի առջև:Սա նաև հանդիսանում է խորհրդարանական կառավարման համակարգի առավելություննեից մեկը, քանի որ խորհրդարանական կառավարման համակարգում ներառված սկզբունքներն ու կազմակերպվածությունը նվազեցնում են քաղաքական ճգնաժամի առաջացումը պետությունում` զսպելով օրենսդիր և գործադիր իշխանությունների միջև դիմակայության առաջացման հնարավորությունը: Խորհրդարանական կառավարման համակարգի մեկ այլ առավելություն է պետության կառավարման համար կարևորագույն որոշումներ ընդունելու ժամանակ պետության բնակչության առավել ներկայացվածությունը, այսինքն` նույնիսկ նվազագույն քվե ստացած և պետության բնակչության փոքր հատվածը ներկայացնող քաղաքական ուժերը հնարավորություն են ունենում մասնակցելու պետության համար կարևորագույն որոշումներ ընդունելու գործընթացին: Սրանով է պայմանավորված այն, որ ներկայացուցչական ժողովրդավարության ապահովման տեսանկյունից այս համակարգն ավելի ընդունելի է, քան նախագահականը։ Սակայն, խորհրդարանական կառավարման համակարգում նույնպես առկա են թերություններ։ Խորհրդարանական համակարգի դեպքում, որպես կանոն, կառավարություններն ավելի հաճախ են փոփոխության ենթարկվում և կայուն կառավարման տեսանկյունից ավելի խոցելի են։ Խորհրդարանական կառավարման համակարգում կարող է նաև տեղի ունենալ ֆակուլտատիվ կարգապահության թուլացում, որը խաթարում է կուսակցական պատասխանատվության սկզբունքները:

Այսպիսով, նախագահական և խորհրդարանական կառավարման համակարգերի միջև առկա տարբերությունները հիմականում պայմանավորված են կառավարության ղեկավարների ընտրությամբ և նշանակմամբ, կառավարության և պետության ղեկավարների կողմից կրած քաղաքական պատասխանատվությամբ, գործադիր և օրենսդիր ճյուղերի հարաբերություններով և միմյանց նկատմամբ կրած պատասխանատվությամբ և այլն։ Սակայն, խորհրդարանական կամ նախագահական կառավարման համակարգի ընտրությունը կախված է ոչ միայն կառավարման համակարգի կառուցվածքից, այլև դրանցում առկա մի շարք առավելություններից և թերություններից։

Նախագահական և խորհրդարանական կառավարման համակարգերի համեմատությունը

Վեր հանելով խորհրդարանական և նախագահական կառավարման համակարգերի առավելություններն ու թերությունները՝ ավելի հեշտ է դառնում համեմատել դրանց նմանություններն ու տարբերությունները։ Թեև երկու համակարգն էլ համարվում են ժողովրդավար, այնուամենայնիվ, այս համակարգերի միջև առկա են որոշ հիմնարար տարբերություններ՝

  • Նախագահական համակարգում իշխանության օրենսդիր, գործադիր և դատական մարմինները միմյանցից անկախ են, այսինքն՝ ոչ մի իշխանության մարմին այլ իշխանության մարմնի առջև պատասխանատվություն չի կրում: Խորհրդարանական կառավարման համակարգում օրենսդիր և գործադիր իշխանության մարմինները սերտորեն կապված են և պատասխանատվություն են կրում միմյանց առջև, իսկ դատական իշխանությունն անկախ է մյուս երկու մարմիններից, որը հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ իրագործել զսպումների ու հակակշիռների մեխանիզմը։
  • Նախագահական կառավարման ձևի ժամանակ օրենսդիր և գործադիր ճյուղերը տարանջատված են, ինչն էլ ավելի է դժվարացնում քաղաքականության իրագործումը, և հաճախ խնդիրները, որոնք լուծման կարիք ունեն, այդպես էլ մնում են առանց լուծման, քանի որ դժվար է լինում գալ ընդհանուր համաձայնության: Ի տարբերություն սրան՝ խորհրդարանական համակարգի առկայության դեպքում գործադիր և օրենսդիր ճյուղերը տարանջատված չեն, որը հնարավոր է դարձնում ձևավորել ցանկալի քաղաքականություն և իրագործել քաղաքական խնդիրներն ավելի հեշտությամբ։
  • Նախագահական կառավարման ձևի ժամանակ նախագահի և խորհրդարանի միջև առճակատումների և անհամաձայնությունների հավանականությունն ավելի մեծ է` կապված որոշակի խնդիրների լուծման հետ: Դա հիմնականում տեղի է ունենում այն պատճառով, որ նախագահը և վարչապետը կարող են լինել տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, հետևաբար՝ տարբեր են նրանց գաղափարախոսությունները, շահերը, նպատակները, հետաքրքրությունները և այլն: Ի տարբերություն նախագահականի՝ խորհրդարանականում նման առճակատումները հնարավոր չեն, քանի որ վարչապետ է ընտրվում խորհրդարանի իշխող կուսակցությունից, հետևաբար՝ նրանց շահերը, նպատակները, հետաքրքրությունները, գաղափարախոսությունները և այլն համընկնում են:
  • Նախագահական կառավարման ձևի ժամանակ հավանականությունն ավելի մեծ է, որ իշխանությունը կկենտրոնանա մեկ առաջնորդի ձեռքերում, որը որոշումներ կայացնելիս հաշվի կառնի սեփական շահերը, հասարակական շահերի փոխարեն: Սա էլ իր հերթին կտանի ոչ թե դեպի ժողովրդավարական համակարգ, այլ ավտորիտար համակարգ: Նման իրավիճակը խորհրդարանում դժվար թե տեղի ունենա, քանի որ իշխանությունը բաշխված է տարբեր կուսակցությունների միջև, հետևաբար՝ դժվար է կենտրոնացնել այն միայն ինչ-որ մեկի ձեռքերում: Ուստի, սա նվազեցնում է ավտորիտար վարչակարգի առաջացման վտանգը և նպաստում ժողովրդավարական վարչակարգի հաստատմանը։

Այսպիսով, խորհրդարանական կառավարման համակարգը, եթե իհարկե այդ համակարգն իրացնողներն իսկապես քաղաքական ազնվություն ունենան, ավելի ժողովրդավար համակարգ է, քան նախագահականը։ Սրանով է պայմանավորված այն, որ, որպես կանոն, ժողովրդավարական պետություններում կառավարման առավել տարածված ձև է հանդիսանում խորհրդարանականը: Անշուշտ նախագահական կառավարման ձևը պատշաճ կառավարման դեպքում նույնպես կարող է համարվել ժողովրդավարական ձև:

Սակայն, ժողովրդավարական երկիր կառուցելու գործում ոչ այնքան կարևոր է կառավարման համակարգը, որքան այն, թե ովքեր են այս կամ այն կառավարման համակարգի կատարողները։ Այսինքն, կառավարման համակարգի կատարելությունը կախված է քաղաքական գործչի կառավարման ունակություններից, հասարակությանը վստահություն ներշնչման ունակությունից, անհրաժեշտության դեպքում փոխզիջումների գնալու ունակությունից և այլն:

Ընտրական համակարգի ընտրության առանձնահատկությունը նախագահական և խորհրդարանական կառավարման համակարգերում

Նախագահական և խորհրդարանական կառավարման համակարգերից է կախված ընտրական համակարգի ընտրությունը։ Ընտրական համակարգի ընտրություննից էլ հետագայում կախված է լինում կուսակցական համակարգի ընտրությունը։ Նախագահական կառավարման համակարգին բնորոշ հատկանիշ է այն, որ «հաղթողը ստանում է ամեն ինչ, իսկ պարտվողը՝ ոչինչ»։ Այս տեսանկյունից առավել նախընտրելի է մեծամասնական ընտրական համակարգի ընտրությունը, որը հաղթանակը դարձնում է ոչ այնքան հասանելի, քանի որ կուսակցությունը, որնուզում է իշխող դիրք ունենալ և կառավարման գործընթացի վրա ազդեցություն ունենալ, պետք է ձեռք բերի ձայների մեծամասնությունը՝ հաղթահարելով սահմանված շեմը։ Այսինքն, կուսակցությունն ինքնին պետք է կայացած լինի հաղթահարելու համար այդ շեմը, քանի որ հետագայում այն պետք է զբաղվի պետության կառավարմամբ, որը պահանջում է մի շարք հմտություններ։ Այլ կերպ ասած, նախագահական կառավարման համակարգի դեպքում կարևորվում է որակը, ոչ թե քանակը։ Սրանով է պայմանավորված մեծամասնական ընտրական համակարգի ընտրությունը, որն էլ իր հերթին նպաստում է երկկուսակցական համակարգի ձևավորմանը։

Ինչ վերաբերում է խորհրդարանական կառավարման համակարգին, ապա ընտրական համակարգի ընտրության ժամանակ հաշվի է առնվում բազմակարծության ապահովումը խորհրդարանում։ Այս տեսանկյունից առավել նախընտրելի է համամասնական ընտրական համակարգի ընտրությունը, քանի որ այն հնարավորություն է տալիս ավելի շատ կուսակցություններին մասնակցել կառավարման գործընթացում, ի տարբերություն մեծամասնական ընտրական համակարգի, որը բարձր շեմ է սահամանում ընտրությունների հաղթահարման համար։ Համամասնական ընտրական համակարգի դեպքում այնքան էլ կարևոր չէ, որ բոլոր կուսակցությունները կայացված լինեն, քանի որ իշխանությունը բաշխվում է կուսակցությունների միջև։ Այսինքն, խորհրդարանական կառավարման համակարգի դեպքում կարևորվում է քանակը, ոչ թե որակը։ Հենց քանակն է ապահովում բազմակարծությունը խորհրդարանում, որը կարևորվում է քաղաքական որոշումների ընդունման գործընթացում։ Բազմակարծությունն էլ իր հերթին նպաստում է բազմակուսակցական համակարգի ձևավորմանը։

Սակայն, միանշանակորեն չի կարելի ասել, որ նախագահական կառավարման համակարգը պահանջում է մեծամասնական ընտրական համակարգ (Արգենտինա), իսկ խորհրդարանական կառավարման համակարգը պահանջում է համամասնական ընտրական համակարգ (Մեծ Բրիտանիա)։

Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ նախագահական կառավարման համակարգի դեպքում առավել նախընտրելի է մեծամասնական ընտրական համակարգը հաշվի առնելով այն, որ հաղթող կուսակցությունն իշխանությունը ամբողջովին կենտրոնացնում է իր ձեռքում։ Ի տարբերություն նախագահական կառավարման համակարգի՝ խորհրդարանական կառավարման համակարգի դեպքում առավել նախընտրելի է համամասնական ընտրական համակարգը՝ հաշվի առնելով այն, որ այս համակարգը կարևորում է բազմակարծությունը, որը հնարավոր է դառնում համամասնական ընտրական համակարգի դեպքում։

Կուսակցական համակարգի ընտրության առանձնահատկությունը նախագահական և խորհրդարանական կառավարման համակարգերում

Նախագահական և խորհրդարանական կառավարման համակարգերից է կախված կուսակցական համակարգի ընտրությունը պետությունում։ Ժամանակակից ժողովրդավարության համատեքստում նախագահական կառավարման համակարգ ունեցող պետություննեը հակված են ընտրելու երկկուսակցական համակարգը (ԱՄՆ, Ֆիլիպիններ)։ Նման ընտրությունը բացատրվում է նրանով, որ նախագահական կառավարման համակարգ ունեցող պետություններում, որպես կանոն, գործում է մեծամասնական ընտրական համակարգը։ Մեծամասնական ընտրական համակարգի դեպքում բազմակուսակցական համակարգն ինչ-որ չափով դառնում է անիմաստ, քանի որ տվյալ դեպքում մեծամասնության ապահովման համար ընտրությունները դառնում են երկարատև, և ընտրական գործընթացը կրում է որոշակի բարդություններ։ Դա կախված է նրանից, որ բազմակուսակցական համակարգի դեպքում հավանականությունը մեծ է, որ մեկից ավելի կուսակցություններ կստանան ձայների մեծամասնությունը, որը կդժվարացնի հաղթող կուսակցություն ընտրելու գործընթացը։ Այդ իսկ պատճառով, կարելի է ասել, որ մեծամասնական ընտրական համակարգի դեպքում առավել նախընտրելի է երկկուսակցական համակարգի ընտրությունը՝ հաշվի առնելով պետության նախագահական կառավարման համակարգ ունենալը։ Բացի այդ՝ հենց մեծամասնությունն է ապահովում այն, որ իշխանությունը կենտրոնանա մեկի ձեռքերում, ինչը հենց նախագահական կառավարման համակարգի առանձնահատկություններից մեկն է։

Ինչ վերաբերում է խորհրդարանական կառավարման համակարգին, ապա ժամանակակից ժողովրդավարության համատեքստում խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող պետությունները հակված են ընտրելու բազմակուսակցական համակարգը (Իտալիա, Շվեդիա)։ Նման ընտրությունը բացատրվում է նրանով, որ խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող պետություններում, որպես կանոն, գործում է համամասնական ընտրական համակարգը։ Համամասնական ընտրական համակարգի նպատակներից մեկը բազմաներկայացուցչություն ապահովելն է խորհրդարանում, հետևաբար՝ ավելի հեշտ ու նպատակահարմար է այն ապահովել բազմակուսակցական համակարգի միջոցով, այլ ոչ թե երկկուսակցական համակարգի միջոցով։ Բազմակուսակցական համակարգի դեպքում ավելի շատ մարդիկ, անգամ պետությունում փոքրամասնություն կազմողները, հնարավորություն են ստանում մասնակցելու պետության կառավարմանը և հենց համամասնական ընտրական համակարգն է ընձեռում այդ հնարավորությունը։ Սա էլ իր հերթին նպաստում է նրան, որ իշխանությունը բաշխված է լինում քաղաքական ուժերի միջև, որը հենց խորհրդարանական կառավարման համակարգի առանձնահատկություններից մեկն է։

Սակայն, այս սահմանումները պայմանական են, քանի որ կարող են լինել նաև բացառություններ (Մեծ Բրիտանիա, Արգենտինա)։

Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ նախագահական կառավարման համակարգ ունեցող պետություններն ընտրում են երկկուսակցական համակարգը, որն ավելի նախընտրելի է ընտրություններում մեծամասնություն ապահովելու համար։ Ի տարբերություն սրան՝ խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող պետություններն ընտրում են բազմակուսակցական համակարգը, որն ավելի նախընտրելի է ընտրություններում բազմաներկայացուցչություն ապահովելու համար։

Լուսինե Հակոբյան

Աղբյուրները՝

  1. Նախագահական հանրապետություն, https://alvardmanukyan.wordpress.com/2015/06/04/նախագահական-հանրապետություն/ 
  2. Ժողովրդավարություն, http://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1187
  3. Признаки, достоинства и недостатки президентской и парламентской республики, http://m.diary.ru/~shamomist/p198472742.htm?oam,
  4. Президентская и парламентская республики: Общее и особенное, http://www.k2x2.info/politika/politologija_shpargalka/p14.php,
  5. Избирательные системы, партии и политическая стабильность, http://www.polisportal.ru/index.php?page_id=51&id=90
  6. What are the differences between parliamentary and presidential systems of democracy?, https://www.enotes.com/homework-help/what-differences-parliamentary-presidential-603601,
  7. Wegmann S., Parliamentary procedures in presidential and parliamentary systems, 7th ECPR General Conference, 2013, pp. 1-24.
  8. Presidentialism, Multiparty Systems, and Democracy: The Difficult Equation, https://correctphilippines.org/wp-content/uploads/2011/09/Presidentialism-Multiparty-Systems-and-Democracy.pdf,
  9. Forming a government: parliamentary vs. presidential system, http://dirp4.pids.gov.ph/ris/eid/pidseid0602.pdf,
  10. Difference Between Parliamentary and Presidential Form of Government, https://keydifferences.com/difference-between-parliamentary-and-presidential-form-of-government.html,
  11. Democracy: Presidential or Parliamentary, Does it Make a Difference?, http://pdf.usaid.gov/pdf_docs/PNABJ524.pdf,
  12. Constitutional Choices for New Democracies, https://muse.jhu.edu/article/225619,
  13. Carney J., Presidential versus Parliamentary Government, Springer, 2005, pp. 91-117