Կուսակցությունները որպես ժողովրդավարացմանը նպաստող և խոչընդոտող ինստիտուտներ

1-3-1024x266

Կուսակցությունները որպես այդպիսին առաջացել են Հին Հունաստանում՝ խթանելով ժողովրդավարության ձևավորումը։ Հին Հունաստանում առաջացած կուսակցությունները տարբերվում էին ներկայիս կուսակցություններից` չկրելով ինստիտուցիոնալ բնույթ և ներկայացնելով հասարակության տարբեր հատվածների շահերը։

Հին Հունաստանում առկա էր երկու կուսակցություն՝ պատրիկների կուսակցություն, որը ներկայացնում էր ազնվական ընտանիքների շահերն ու պլեբեյների կուսակցություն, որը ներկայացնում էր հարուստ առևտրականների և միջին խավի շահերը։ Թեև այս երկու կուսակցությունները հաճախ միախառնվում էին, սակայն որոշում ընդունելու գործընթացում դրանք հանդես էին գալիս որպես մրցակից կուսակցություններ։ Այսպիսով, ցածր խավի ներկայացուցիչները զրկվում էին քաղաքական կյանքին մասնակցելու իրավունքից։

Ներկայիս կուսակցությունների նախատիպերն առաջացել են Եվրոպայում 17-18-րդ դարերում, երբ ազնվական ընտանիքներին աջակցող կուսակցությունները սկսեցին հանդես գալ որպես հասարակության ներկայացուցչական մարմիններ։

Կուսակցությունների ձևավորման պատմության մեջ գերմանացի սոցիոլոգ Մաքս Վեբերն առանձնացրել է երեք փուլ՝ կուսակցությունները որպես արիստոկրատական խմբավորումներ, կուսակցությունները որպես քաղաքական ակումբներ և ներկայիս մասսայական կուսակցություններ։ Անդրադառնալով կուսակցությունների նախատիպերին՝ Վեբերը տարբերակում էր կուսակցությունների երկու տիպ՝ էլիտար կուսակցություն և մասսայական կուսակցություն։ Էլիտար կուսակցությունը կազմված էր նշանավոր մարդկանցից՝ պետական պաշտոնյաներից, իրավաբաններից, լրագրողներից և այլն, կախված հասարակությունում իրենց ունեցած հեղինակության աստիճանից՝ ազդեցությունից և հարստությունից։ Մասայական կուսակցությունը ներառում էր քաղաքական գործիչներին՝ ընտրված ընտրությունների արդյունքում։ Մասսայական կուսակցությունների առաջացումը պայմանավորված էր նախ և առաջ ընտրական իրավունքի ընդլայնմամբ և աշխատանքային խավի համակարգված զարգացմամբ։ Առաջին մասսայական կուսակցությունը եղել է լիբերալ կուսակցությունը 1861թ․ Անգլիայում։ Մասսայական կուսակցությունը ժամանակակից կուսակցությունների նախատիպն է։ Նմանատիպ տարբերակում առաջարկել էր նաև կուսակցությունների ընդհանուր տեսության հիմնադիր, ֆրանսիացի գիտնական Մորիս Դյուվերժեն։ Նա առանձնացնում էր կադրային և մասսայական կուսակցություններ։

Վաղ 19-րդ դարում, երբ ընտրական իրավունքից օգտվելը պայմանավորված էր քաղաքացիների ունեցվածքի չափով, կուսակցություններին անվանում էին կադրային։ Դրանք գոյատևում էին անդամների նվիրատվությունների միջոցով և նպատակ ունեին աջակցելու հիմնականում հարուստ և ազդեցիկ մարդկանց։ Այլ կերպ ասած, կադրային կուսակցությունների համար առաջնային էր որակը, այլ ոչ թե քանակը։ Կադրային կուսակցության նպատակն էր մոբիլիզացնել ազդեցիկ մարդկանց, որոնք հետագայում կկարողանան ներգրավել ընտրություններում ընտրողների լայն զանգվածին՝ անկախ իրենց գաղափարախոսական պատկանելիությանը։

Ինչ վերաբերում է մասսայական կուսակցություններին, ապա դրանք առաջացան ընտրելու իրավունքի ընդլայնումից հետո և խորհրդարանացմանը զուգընթաց՝ ունենալով կազմակերպվածության բարդ կառուցվածք և գաղափարախոսական խորը հիմք։ Ի տարբերություն կադրային կուսակցությունների, այստեղ առկա էին անդամավճարներ, այլ ոչ թե նվիրատվություններ։ Ընտրական իրավունքի ընդլայնումը հնարավորություն տվեց ավելի շատ մարդկանց դառնալ քաղաքականապես ներգրավված հասարակության քաղաքական կյանքում։ Սկսվեց կարևորվել անդամների ոչ թե հեղինակությունը, այլ քանակը։

Ընդհանրացնելով, կարելի է նշել, որ գոյություն ունի կուսակցությունների առաջացման երեք տեսություն։ Առաջին տեսությունը շեշտադրում է պատմական զարգացումը՝ նշելով, որ կուսակցություններն ընտրական համակարգերի ձևավորման և ընտրական իրավունքի ընդլայման, այսինքն՝ խորհրդարանական համակարգերի ձևավորման արդյունքն են։ Երկրորդ տեսությունը բացատրում է կուսակցությունների առաջացումը խորհրդարանից դուրս առկա գործոններով։ Այն ծագում է քաղաքական ազատությունների ընդլայնմամբ՝ խմբակցությունների ստեղծման ազատությամբ, հավաքների ազատությամբ, որը հնարավորություն տվեց մարդկանց հավաքվելու խմբերում, իսկ հետագայում ստեղծել կուսակցություններ։ Բացի այդ, կարևոր ազդեցություն ուներ նաև ընտրելու իրավունքը։ Կուսակցությունը դիտարկվում էր որպես մարդկանց շահերն արտահայտելու միջոց։ Երրորդ տեսության համաձայն՝ կուսակցությունները հեղափոխության՝ տնտեսական ու մշակութային մոդերնիզացիայի, արդյունքն են։ Այս տեսությունն ունի երկու մոտեցում։ Առաջին մոտեցման համաձայն՝ շեշտադրվում է մոդերնիզացիայի գործընթացը։ Իսկ երկորդ մոտեցման համաձայն՝ կարևորվում են սոցիալական ցնցումները, ճգնաժամերը, պատմական և քաղաքական բեկումները։

Խոսելով կուսակցությունների առաջացումից, անհրաժեշտություն է առաջանում անդրադառնալ նաև կուսակցությունների տիպաբանությանը, ըստ որի կուսակցությունները կարելի է դասակարգել․

  • Ըստ կազմակերպվածության մակարդակի․ լինում են ընտրազանգվածային կուսակցություններ, որոնք չունեն լայն անդամակցություն, բայց մասնակցում են ընտրություններին և անդամակցային կուսակցություններ, որոնք ունեն լայն անդամակցություն։
  • Ըստ սոցիալ-քաղաքական նպատակի․ լինում են կուսակցություններ, որոնք ձգտում են փոփոխություններ իրականացնել գործող ժողովրդավարության շրջանակներում (պահպանողական, ազատական, սոցիալ-դեմոկրատական, քրիստոնեա-դեմոկրատական կուսակցություններ) և կուսակցություններ, որոնք ձգտում են փոփոխություններ իրականացնել ծայրահեղական և հեղափոխական միջոցներով (ծայրահեղ աջեր կամ ձախեր, կոմունիստական կուսակցություններ)։
  • Ըստ սոցիալական խավերի ներգրավվածության․ լինում են հանրային, որոնք ներառում են լայն զանգվածներ՝ ընդգրկող տարբեր սոցիալական խավերի հետաքրքրություններն ու շահերն և մասնավոր, որոնք ներառում են մասնավոր խմբերի հետաքրքրություններն ու շահերը (կրոնական կուսակցություններ)։
  • Ըստ քաղաքական համակարգի հանդեպ ունեցած դիրքորոշմանը․ լինում են հաստատող, որոնք ընդունում են ու շարունակում են գործել առկա քաղաքական համակարգի շրջանակներում և ընդդիմացող, որոնք ագրեսիվ ծրագրային առաջարկներ են ներկայացնում վերափոխելու առկա քաղաքական համակարգը։
  • Ըստ անվանման․ սոցիալ-դեմոկրատական կուսակցություն, քրիստոնեա-դեմոկրատական կուսակցություն, կոմունիստական կուսակցություն և այլն։
  • Ըստ գաղափարախոսության․ ազատական կուսակցություն, պահպանողական կուսակցություն, սոցիալիստական կուսակցություն և այլն։

Կուսակցությունների տիպաբանության ավելի ամփոփ ձև է ներկայացրել ֆրանսիացի սոցիոլոգ Ալեքսիս դը Տոքվիլը, ըստ որի գոյություն ունի կուսակցությունների երկու տեսակ՝ կուսակցություններ, որոնք առաջնորդվում են գաղափարախոսությամբ և կուսակցություններ, որոնք առաջնորդվում են շահերով։ Շահերի մասին խոսելիս հարկ է առաջանում կուսակցությունները չշփոթել միությունների, ֆեդերացիաների, հասարակական կազմակերպությունների և այլ խմբերի հետ։ Կուսակցությունները պետք չէ շփոթել նաև քաղաքական շարժումների հետ, որոնք համեմատաբար կայուն և այս կամ այն չափով կազմակերպված մարդկանց խմբեր են, որոնք առաջանում են ոչ թե իշխանություն ձեռք բերելու, այլ պետական քաղաքական համակարգի վրա որևէ ազդեցություն ունենալու նպատակով, այն է՝ կա՛մ դրա պաշտպանության և աջակցության համար, կա՛մ դրա փոփոխման համար։ Քաղաքական շարժումները, ի տարբերություն կուսակցությունների, չունեն կուսակցական կազմակերպվածություն, հիերարխիա և մշտական անդամակցություն։ Կուսակցությունները հասարակական կազմակերպվածության հատուկ ձև են, որոնք պետության հասարակա-քաղաքական կյանքում ունեն հետևյալ գործառույթները ՝

  • ներկայացնել հասարակության պահանջներն ու շահերը: Ընտրություններին հաջողություն ձեռք բերելու համար կուսակցությունը պետք է արժանանա հասարակության լայն զանգվածի հավանությանը, որը հնարավոր է որևէ սոցիալական խմբի կամ խավի շահերն ու հետաքրքրություններն արտահայտելու միջոցով։ Կուսակցությունների կողմից հասարակությունում առկա տարբեր շահերի ներկայացումը խթանում է նաև պլյուրալիստական մթնոլորտի առաջացմանը։
  • առաջարկել թեկնածուներ քաղաքական պաշտոններում, որոնք ընտրվելու դեպքում կկարողանան ներկայացնել հասարակությունում առկա շահերի բազմազանությունը քաղաքական համակարգի ներսում, ինչպես նաև հնարավորություն կունենան մասնակցելու քաղաքական որոշում կայացնելու գործընթացին։
  • մշակել քաղաքական ծրագիր։ Քաղաքական ծրագիրը մշակելիս կուսակցությունը հաշվի է առնում սոցիալական խմբերի շահերը՝ ներկայացնելով քաղաքական տեսլական։ Քաղաքական ծրագիրը կուսակցության այն փաստաթուղթն է, որտեղ ամրագրված են կուսակցության գործունեության նպատակն ու խնդիրները, որը հետագայում ներկայացվում է ընտրողների դատողությանը։ Ընտրողները գնահատելով ծրագիրը կարող են պարզել, թե արդյո՞ք կուսակցությունն ունի անհրաժեշտ պատկերացում հասարակական խնդիրների շուրջ և արդյո՞ք ունակ է առաջ քաշել ադեկվատ առաջարկություններ խնդիրների և մարտահրավերների լուծման համար։
  • խթանել քաղաքացիների մասնակցությունը քաղաքական որոշումների ընդունման գործընթացում՝ ստեղծելով քաղաքացիների ներգրավվածության այլընտրանքային ձևեր։ Կուսակցությունները կապող օղակ են քաղաքացիների և քաղաքական համակարգի միջև, որոնք հնարավորություն են տալիս քաղաքացիներին ազդեցություն ունենալ քաղաքականության և քաղաքական որոշումների վրա։
  • ձեռք բերել իշխանություն։ Իշխանություն ձեռք բերելով կուսակցությունը հնարավորություն է ստանում իրականացնելու իր կառավարման քաղաքականությունը՝ իրագործելով իր կողմից մշակված քաղաքական, տնտեսական, սոցիալական և այլ ծրագրեր։
  • նպաստել քաղաքական համակարգի լեգիտիմացմանը։ Ընտրությունների ընթացքում կուսակցությունները, արժանանալով ընտրողների մեծամասնության հավանությանը, ձեռք են բերում իշխանություն, լեգիտիմացնելով քաղաքական համակարգը։
  • ազդել հասարակական կարծիքի ձևավորման վրա։ Կուսակցությունները, ձգտվելով ձեռք բերել իշխանություն, դիմում են քարոզչությանը հնարավորինս շատ մարդկանց ներգրավվելու համար, դրանով իսկ ազդելով մարդկանց վարքագծի վրա։ Այս գործընթացն ընդունված է անվանել քաղաքական սոցիալիզացիա։

Բացի վերոնշյալ գործառույթներից՝ գոյություն ունեն կուսակցություններին բնորոշ այլ հատկանիշներ, որոնցից են, օրինակ, կազմակերպվածությունը, որն անհրաժեշտ է կուսակցությանն իր նպատակներին հասնելու համար։ Առանց կազմակերպվածության կուսակցությունը կձախողվի ձեռք բերել քաղաքական իշխանություն և իրականացնել իր նպատակները ցանկալի ուղիով։

Կարևոր հատկանիշ է նաև դիմացկունությունը, այն է՝ չենթարկվել այլ ուժերին, անդամների միջև հասնել փոխհամաձայնությանը քաղաքական կառավարման և իշխանության իրականացման վերաբերյալ։ Բացի այդ, կուսակցությունը պետք է լինի հաստատուն և անկախ մարմին։ Կուսակցության ռազմավարությամբ է պայմանավորված նրա դիմացկունությունը և կայունությունը, ու այն պետք է պատկերացնի իրեն հետևյալ երեք կարգավիճակներում՝ կուսակցությունը՝ կառավարությունում, կուսակցությունը՝ ընտրություններին, կուսակցությունը որպես ներկայացուցչական ինստիտուտ։ Այն չպետք է ձևավորվի միայն մեկ ընտրության համար և դադարի գոյություն ունենալ ընտրությունից հետո։

Խոսելով կուսակցության գործառույթներից ու հատկանիշներից՝ հարկավոր է անդրադառնալ նաև կուսակցությանը որպես ընդդիմություն: Ընդդիմությունը ժողովրդավարության համար անհրաժեշտ տարրերից է, որպես այլընտրանք գործող իշխանությանը։ Ընդդիմությունն ունի քննադատելու, վերահսկելու, այլընտրանք առաջարկելու գործառույթ։ Առանց ընդդիմության կառավարությունը կխորասուզվի ինքնագոհության և ինքնաբավարարության մեջ ու կձախողվի առաջարկել այլընտրանքներ։

Ինչպես նշում է ամերիկացի քաղաքագետ Էլմեր Շատտշնայդերը՝ կուսակցությունները կերտում են ժողովրդավարություն։ Միևնույն ժամանակ կուսակցությունները դիտարկվում են որպես ժողովրդավարության համար խոչընդոտ։ Դա պայմանավորված է նրանով, որ կուսակցության առաջնորդը, երբեմն դիտարկում է կուսակցությունը որպես միջոց ձեռք բերելու իշխանություն և պետական պաշտոն։ Այլ կերպ ասած, կուսակցության առաջնորդը նույնականացնում է իրեն կուսակցության հետ, շփոթելով իր սեփական շահերը կուսակցության շահերի հետ։ Այսինքն, ի հայտ է գալիս առաջնորդի կողմից դրսևորվող բռնապետություն՝ հիմնվող մասսայի հուզականության շահագործման վրա։ Ամբողջ օբյեկտիվ քննադատությունն ուղղված կուսակցությանն առաջնորդն ընդունում է որպես անձնական վիրավորանք։ Սա ցույց է տալիս կուսակցության առաջնորդի անկարողությունն արդարացիորեն դիտարկելու հակառակորդների քննադատությունը։ Առաջնորդը հայտարարում է իրեն անձնապես վիրավորված, որպես կանոն միտումնավոր, որպեսզի հանդես գա որպես անհիմն հարձակման անմեղ օբյեկտ։ Եվ հակառակը, եթե հարձակումն ուղղված է կուսակցության առաջնորդին, առաջնորդը ներկայացնում է այն որպես հարձակում ամբողջ կուսակցության վրա։ Առաջնորդը դիմում է նման քայլի ապահովելու համար կուսակցության աջակցությունը և որպեսզի ճնշի հակառակորդին իր կուսակցության անդամների քանակով։ Սակայն, նման քայլին դիմելուց առաջ առաջնորդը պետք է հաշվի առնի նաև քաղաքացիների կողմից անվստահության հնարավոր արտահայտումը։ Վստահությունը կուսակցությունների հանդեպ անհետանում է այն ժամանակ, երբ առկա է ներկայացուցչական գործառույթի ձախողում, հակա-կառուցողական հռետորաբանություն, քաղաքացիների ներգրավվածության պակաս և կուսակցության կողմից քաղաքական պատասխանատվության պակաս քաղաքացիների պահանջների նկատմամբ։ Վստահությունն անհետանում է նաև այն ժամանակ, երբ քաղաքական գործիչներն անում են վեհ քարոզչական խոստումներ կամ «անհոգ» հայտարարություններ։

Կուսակցության կողմից պոպուլիզմի կիրառումը նպատակ ունի վերացնելու պլյուրալիզմը, որը դիտարկվում է որպես խոչընդոտ մարդկանց ընդհանուր կամքն արտահայտելու համար։ Սա ուղղակիորեն վտանգ է հանդիսանում ժողովրդավարության, ինչպես նաև կուսակցական համակարգի համար։

Կուսակցական համակարգը կուսակցությունների միջև հարաբերությունների, կուսակցությունների ու պետության և այլ քաղաքական ինստիտուտների միջև հարաբերությունների ամբողջությունն է։ Կուսակցական համակարգը կարող է դասակարգվել ըստ տարբեր չափորոշիչների։ Որպես կանոն, իշխանության համար պայքարող կուսակցությունների թվաքանակով է որոշվում կուսակցական համակարգի տեսակը։ Այս առումով լինում են միակուսակցական, երկկուսակցական, բազմակուսակցական և անկուսակցական համակարգեր։ Միակուսակցական համակարգում առաջատար է մի կուսակցություն։ Միակուսակցական համակարգի դեպքում ճնշվում են քաղաքական մրցակցությունը և ժողովրդավարության ազատությունը։ Երկկուսակցական համակարգում երկու կուսակցություն է առաջատար տեղ զբաղեցնում քաղաքական մրցակցության ժամանակ, մինչդեռ մյուս՝ ավելի փոքր կուսակցությունները խաղում են երկրորդական դեր։ Բազմակուսակցական համակարգում երկուսից ավել կուսակցություններն են մրցում քաղաքական իշխանության համար։ Երկկուսակցական և բազմակուսակցական համակարգերի ընտրությունը կախված է տարբեր գործոններից՝ քաղաքական ավանդույթներից, քաղաքական ինստիտուտների զարգացվածությունից և այլն։ Որոշ ազդեցություն կարող է ունենալ նաև ընտրական համակարգը։

Մեծամասնական ընտրական համակարգի դեպքում ավելի նախընտրելի է երկկուսակցական համակարգը, իսկ համամասնական ընտրական համակարգի դեպքում՝ բազմակուսակցական համակարգը։ Որոշ ազդեցություն կարող է ունենալ նաև կառավարման համակարգը։ Նախագահական կառավարման համակարգի դեպքում նախընտրելի է երկկուսակցական համակարգը, իսկ խորհրդարանական կառավարման համակարգի դեպքում՝ բազմակուսակցական համակարգը։ Ինչ վերաբերում է անկուսակցական համակարգին, ապա այն, սովորաբար հանդես է գալիս ամբողջատիրական հասարակարգերում, որտեղ կուսակցությունների գործունեությունն արգելված է։

Ամփոփելով, կարելի է ասել, որ կուսակցություններից են կախված քաղաքական փոփոխություններն ու բարեփոխումները, կուսակցական համակարգի զարգացվածությունն ու ժողովրդավարացման հնարավորությունը, ինչն առավել արդյունավետ է դառնում այն ժամանակ, երբ, ինչպես ամերիկացի քաղաքագետ Էնթոնի Դաունսը է նշում, կուսակցությունը հանդես է գալիս որպես մարդկանց թիմ։ Հակառակ դեպքում կուսակցությունները հանդես կգան ոչ թե որպես ներկայացուցչական և ժողովրդավարության համար կենսական նշանակություն ունեցող ինստիտուտներ, այլ որպես սեփական շահերն առաջ քաշելու և պետական պաշտոն ստանալու միջոց, ինչը վտանգի տակ է դնում ժողովրդավարացման գործընթացը։

Լուսինե Հակոբյան

Գրականության ցանկ

  1. Dutch Political Party Origins,

    https://openaccess.leidenuniv.nl/bitstream/handle/1887/35047/Rowaan%2C%20Rembrandt-s0700223-ReMa%20Thesis-2015.pdf?sequence=1,

  2. Hofmeister W., Grabow K., Political Parties Functions and Organisation in Democratic Societies, Konrad Adenauer Stiftung, Singapore, 2001, p. 99.
  3. Lipset S., The Indispensability of Political Parties, Journal of Democracy, №11.1, 2000, pp. 48-55.
  4. Marume S., Chikasha A., Ndudzo D., Political Parties, IOSR Journal of Mechanical and Civil Engineering, № 13, 2016, pp. 140-152.
  5. Michels R., Political Parties, Batoche Books, Kitchener, 2001, p. 245.
  6. Political Parties and Democracy in Theoretical and Practical Perspectives, National Democratic Institute, USA, 2013, p. 145.
  7. Simon J., The Change of Function of Political Parties at the Turn of Millennium, Institut de Ciències Polítiques i Socials, Barcelona, 2003, p. 34.
  8. The Changing Nature of Political Parties and Representation, International Institute for Democracy and Electoral Assistance, Stockholm, 2017, pp. 98-123.
  9. The Evolution of Political Parties,

    https://catalogue.pearsoned.co.uk/assets/hip/gb/hip_gb_pearsonhighered/samplechapter/0205831230.pdf,

  10. The Origins and Functions of Political Parties,

    https://www.scholastic.com/teachers/articles/teaching-content/origins-and-functions-political-parties/

  11. Дюверже М., Политические партии, Академический Проект, Москва, 2002, с. 558.
  12. Политические партии и партийные системы,

    http://docplayer.ru/29568923-Lekciya-5-politicheskie-partii-i-partiynye-sistemy.html,