Ժողովրդավարության մասին պատկերացումները և հիբրիդային քաղաքական վարչակարգերը

Abraham_Lincoln_November_1863

«Ժողովրդավարություն» եզրույթը տարատեսակ մեկնաբանությունների առարկա է դարձել: Տարբեր հեղինակներ ժողովրդավարությունը բնութագրում են ելնելով իրենց պատկերացումներին համապատասխան առաջնահերթ հատկանիշներից:

Ոմանք ժողովրդավարության ցուցիչ են համարում ընտրությունների ինստիտուտի առկայությունը, ոմանք կարևորում են քաղաքացու ազատությունների պաշտպանվածությունը: Վերջիններս սահմանում են, թե ինչ է ժողովրդավարությունը և ինչ պետք է լինի իրականում:
Հիմք ընդունելով ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնի՝ 1863 թվականին ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Գեթիսբուրգ քաղաքում տեղի ունեցած ելույթի ժամանակ հնչեցված արտահայտությունը՝ ժողովրդավարությունը մեկնաբանվում է որպես իշխանություն, որը պատկանում է ժողովրդին, իրականացվում է ժողովրդի կողմից հանուն ժողովրդի:

Տվյալ սահմանումը ժողովրդավարության երեք մոտեցումների համաձայն բնութագրելու դեպքում պատկերը հետևյալն է ստացվում: Ժողովրդավարության մինիմալիստական մոտեցման համաձայն՝ վերջինս քաղաքացիների իրավունքների պաշտպանության միջոց է ընդդեմ իշխանության կամայականության: Այս մոտեցման հիմնական նպատակը ժողովրդի բանիմաց ներկայացուցիչերի ընտրությունն է, որոնք ի զորու են հանրային որոշումներ կայացնել և պաշտպանել անհատների ազատությունները: Ժողովրդավարության միջին (medium) մոտեցման համաձայն՝ ժողովրդավարությունը ժողովրդի իշխանությունն է ժողովրդի կողմից: Այստեղ կարևորվում է քաղաքացիների քաղաքական մասնակցությունը՝ համարվելով վերջինիս առանցքային բաղադրիչը: Վերջինս ամրապնդում է վարվող քաղաքականանության արդյունավետությունը և ժողովրդավարական հմտությունները: Քաղաքացիները պետք է անկաշկանդ հնարավորություն ունենան մասնակցել քաղաքական հարցերի շուրջ ընթացող գործընթացներին: Ժողովրդավարության հաջորդ՝ մաքսիմալիստական մոտեցումը ժողովրդավարությունը դիտարկում է որպես նախորդ երկու մոտեցումների ամբողջություն, սակայն կարևորում է քաղաքացիների սոցիալական նախադրյալների առկայությունը, որն անհրաժեշտ է արդար և իմաստալից քաղաքական մասնակցության համար:

Հիբրիդային քաղաքական վարչակարգերը. Լերի Դայմոնդ

Հիբրիդային քաղաքական վարչակարգերը նորություն չեն: Վերջիններս ժողովրդավարական և ավտորիտար քաղաքական համակարգերին բնորոշ տարրերի համադրության արդյունքում ստեղծված քաղաքական վարչակարգեր են: Դեռևս 1960-ական և 1970-ականներին գոյություն են ունեցել բազմակուսակցական և էլեկտորալ, սակայն ավտորիտար քաղաքական վարչակարգեր: Նման քաղաքական վարչակարգեր առկա են եղել Մեքսիկայում, Սինգապուրում, Մալազիայում, Սենեգալում, Հարավային Աֆրիկայում, Ռոդեզիայում և Թայվանում: Այս քաղաքական վարչակարգը մինչ օրս գործում է թվարկված պետություններից միայն Սինգապուրում և Մալազիայում: Եվրոպայում և Լատինական Ամերիկայում ևս հանդիպել են սահմանափակ կուսակցական մրցակցություն սահմանափակ արտոնություններով: 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին Լատինական Ամերիկայի «օլիգարխիկ» ժողովրդավարությունները «նպաստել են լիակատար ժողովրդավարության զարգացմանը»՝ վերջինիս հիմնական քաղաքական ինստիտուտների մեծ մասը, ինչպես նաև իշխանության սահմանափակման և ռոտացիայի սկզբունքները ստեղծելով: Իրականում, այս պետությունների փորձը լավագույն օրինակն է Ռոբերտ Դալի կայուն պոլիարխիային հասնելու օպտիմալ ճանապարհի, որն ուղեկցվում է քաղաքական մրցակցության մեծացմամբ՝ նպաստելով մասնակցության ընդլայնմանը: Արդյունքում, ժողովրդավարության մշակույթը սկզբում խորն արմատներ էր գցում փոքր էլիտաների շրջանում, ապա նոր միայն տարածվում հասարակության էլ ավելի լայն շրջանակների վրա՝ ընդգրկվելով էլեկտորալ քաղաքականության մեջ: Ներկայիս աշխարհում, սակայն, որը ձգտում է մասնակցության հնարավորինս ընդլայնման, այս ճանապարհը փակվել է, և էլիտաներն այլ ճանապարհներ են գտել մրցակցությունը սահմանափակելու և վերահսկելու համար:

Նախկինում քաղաքական վերահսկողությունն իրականացվում էր ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների աշխատանքն արգելելու միջոցով, ինչպես նաև քաղաքացիական հասարակության մաս կազմող այլախոհների և ըննդիմադիր հայացքներ ունեցող կազմակերպությունների վրա խիստ սահմանափակումներ դնելու միջոցով: Ժամանակակից աշխարհի գրեթե բոլոր հիբրիդային քաղաքական վարչակարգեր ունեցող պետությունները կեղծ ժողովրդավարություններ են, որտեղ ժողովրդավարական քաղաքական ինստիտուտների փաստացի գոյությունը քողարկում է իշխանության ավտորիտար բնույթը: Խոսքը, մասնավորապես, բազմակուսակցական էլեկտորալ մրցակցության մասին է: Այս բոլոր քաղաքական վարչակարգերը չունեն բավականաչափ ազատ, անկախ և արդար մրցակցության ասպարեզ, որպեսզի իշխող քաղաքական կուսակցությանը հնարավոր լինի հեռացնել իշխանությունից այն ժամանակ, երբ վերջինս այլևս ցանկալի չէ ընտրազանգվածի մեծամասնության կողմից:

Մինչդեռ հիբրիդային քաղաքական վարչակարգի պայմաններում ընտրություններում ընդդիմության հաղթանակն անհնարին չէ, վերջինս պահանջում է ընդդիմության մոբիլիզացիայի, միասնականության, հմտությունների որոշակի մակարդակ, որը շատ ավելի է մեծացնում հաղթանակ տոնելու հնարավորությունը:

Ժողովրդավարության մակարդակը միայն ընտրությունների որակով չէ պայմանավորված: Հետևաբար, վերջինիս կայացման հարցում մեծ է նաև քաղաքացիական ազատությունների դերը, որոնք պաշտպանվում են օրենքի գերիշխանությամբ: Ժողովրդավարության մակարդակը վերը հիշատակված չափանիշներով որոշելու դեպքում պարզ է դառնում, որ ժողովրդավարացման երրորդ ալիքի արդյունքում ձևավորված ժողովրդավարությունների մեծ մասն անազատական է:

Լուսինե Առաքելյան