Քաղաքական մշակույթ. Մաս 2

political-culture-part-2

Քաղաքականության նկատմամբ մարդու օրիենտացիոն հարաբերությունների հիմքում ընկած են արժեքներ, որոնք իրենցից ներկայացնում են այս կամ այն քաղաքական օբյեկտին իմաստային նշանակություն տվող ներքին խորը պատկերացումներ (գիտակցության «խորը կառույցներ»-Մ. Մերելման) և թույլ են տալիս գնահատել դրանք մարդու շահերից և մտադրություններից ելնելով:

Այս տեսանկյունից դրանք որոշակիացնում են մարդու ընկալումները քաղաքական իրականության մասին, սահմանում են քաղաքականության մեջ իրենց վարքի և մտածողության ներքին արդարացման շրջանակը, հիմնավորում են իրենց ներհատուկ կարծրատիպերը և դրդապատճառները, իրականության մասին ունեցած ընկալումը: Այդպիսի կողմնորոշումների համակարգը պահպանում է ճկունություն, որը թույլ է տալիս մարդուն թարմացնել իր արժեքային պատկերացումները և հարմարվել ընթացիկ քաղաքական փոփոխություններին:

Իմաստալից, արժեքա-կողմնորոշումային դատողությունները և գնահատականները թույլ են տալիս մարդուն ըմբռնել և՛ իր ինքնությունը, և՛ աշխարհայացքը, և՛ կողմնորոշումների համակարգին չհամընկնող պատկերացումները: Իրական կյանքում դա առավել վառ դրսևորվում է մարդու կողմից տարբեր խորհրդանիշների (որոնք իրենց մեջ պահպանում են կերպարներ և իմաստներ) ընկալման ժամանակ, որոնք մատնանշում են ծագումը, հասարակության ներսում այս կամ այն խմբին պատկանելը: Օրինակ, պահպանելով ներքին կապվածությունն այնպիսի խորհրդանիշների նկատմամբ, ինչպիսիք են պետական դրոշը, հիմնը, գերբը, մարդ հենց ինքն իրեն ընկալում է որպես այդ պետության ներկայացուցիչ, հպարտանում վերջինովս և այլն:

Մարդկային մտածողության և վարքի համար բազային կարևորություն ունեցող արժեքային կողմնորոշումն իրենից ներկայացնում են մարդկանց վարքի ինքնակարգավորման մեխանիզմ, որի միջոցով հաղթահարվում են ինչպես ներքին հակասությունները, այնպես էլ արտաքին միջավայրի հետ ունեցած կոնֆլիկտները:

Սակայն իր բնույթով լինելով քաղաքական աշխարհի մարդու անհատական ընկալման արդյունք՝ քաղաքական արժեքները կրում են նաև առանձնահատուկ ազդեցություն հասարակության շրջանում: Առաջին հերթին դա տեղի է ունենում մարդու կողմից քաղաքական համակարգի նորմերի յուրացման հաշվին, որոնք իրենց մեջ կրում են ոչ միայն վարքի նկատմամբ արդիական պահանջներ, այլ նաև փոխանցում են անցյալի դրական փորձը և արտահայտվում են ավանդույթներում, սովորույթներում, կարծրատիպերում և այլն:

Ամենալայն իմաստով՝ ավանդույթի մեխանիզմը, ապահովելով շարունակակությունն անցյալի և ապագայի միջև, ինտեգրում է հասարակությունը որպես մեկ ամբողջական մեխանիզմ: Առաջին հերթին, ավանդույթներն արտացոլվում են իշխանության ինստիտուտներում, նրանց գործառույթներում, պետության և հասարակության նկատմամբ առաջացած մասայական կարծրատիպերում և նաև ճարտարապետության առանձնահատկություններում, որոնք քաղաքական կառավարմանն առանձնակի ոճ են տալիս: Մարդկանց կողմից ավանդույթների յուրացումը հաստատուն է դարձնում մշակութային ձևերը քաղաքական գործունեությունում, նաև թույլ է տալիս նրանց ոչ միայն ազդել, այլև դիմադրել միջավայրի թշնամական վիճակին և ժամանակակից կյանքի միտումներին: Այդ պատճառով ոչ միայն անհատը, այլ նաև առանձին ինստիտուտները (օր.՝ կուսակցությունները) կարող են պահպանել իրենց համոզմունքները և նպատակները նույնիսկ այն քաղաքական մթնոլորտի պայմաններում, որն ուղղակի հակասում է իրենց արժեքներին և դրվածքներին: Վերարտադրելով ավանդույթները՝ քաղաքական մշակույթն իրենից ներկայացնում է այն պոզիտիվ ժառանգության յուրացումը մարդու կողմից, որը ժառանգվել է իրեն նախորդ սերունդներից: Այս գործընթացն աստիճանաբար է, որն ուղղորդվում է առանձին մարդկանց նախընտրություններով:

Նույնիսկ ամենաբռնապետական քաղաքական վարչակարգերում վերաբերմունքն ավանդույթների նկատմամբ և արժեքա-կողմնորոշումային մակարդակով անցյալի փորձի յուրացումը կարող է տեղի ունենալ միայն ազատ ընդունելով այս կամ այն մտածողության ձևերը կամ նախորդող սերունդների վարքագծերը: Նույնիսկ բռնապետական վարչակարգը կարող է վերահսկել վարքագիծը, բայց ոչ մարդկանց գիտակցությունը: Այդ պատճառով մշակույթում չկան վերահսկման մեխանիզմներ, բացի մարդկանց գիտակցությունը սահմանափակելուց: Ինչպես նշում էր Գադամարը՝ «…բացարձակ հակադրություն ավանդույթների և գիտակցության միջև: Իրականում, ավանդույթը միշտ հանդիսացել է պատմության և ազատության հատման կետը: Նույնիսկ ամենաճշմարիտ և հաստատուն ավանդույթները ձևավորվում են բնական ճանապարհով… պահանջում է համաձայնություն, ճանաչում … այդ պատճառով հնի պահպանումը հանդիսանում է ազատ ցուցանիշ մարդու համար»[1]: Այսպիսով, քաղաքական մշակույթն անհնար է փոխել, բռնի ձևով ստիպել մարդուն ինչ-որ բան ձեռնարկել (նույնիսկ երկար ժամանակի ընթացքում)՝ հաշվի չառնելով նրա սեփական ընտրությունը: Հաշվի առնելով ավանդույթների նորմատիվ ազդեցության այսպիսի բնույթը՝ մարդու արժեքային կողմնորոշումն իրենից ներկայացնում է ոչ միայն պարզապես իդեալական մենթալիտետ, այլ նաև անհատական սուբյեկտիվության հայտարարում մինչև համընդհանուր ճանաչված նորմերը, ստանդարտները, որոնք համարվում են տվյալ հասարակության մեջ բացառապես դրական և առավել նախընտրելի: Եվ, քանի որ որոշակի մարդկանց մտածողությունում և վարքագծում միշտ պահպանվում է քաղաքական խաղի իրենց կողմից իրացված և չիրացված նորմերի և ավանդույթների որոշակի բաժանում հասարակության մեջ հաստատված ստանդարտների և քաղաքական ակտիվության սովորությունների միջև, քաղաքական մշակույթի մոտ միշտ պահպանվում է ինքնազարգացման և ինքնակառավարման հզոր աղբյուր: Քաղաքական մշակույթի տեսությունում համընդհանուր ճանաչված և կարևոր դիրքորոշումներից մեկն իրենից ներկայացնում է որպես քաղաքական մշակույթի ճանաչում որպես համազգային, համահասարակական մշակույթի բաղկացուցիչ մաս, որը ձևավորվում է այս կամ այն երկրում: Այս տեսանկյունից՝ քաղաքական մշակույթ հասկացությունն իր մեջ, անկասկած, ներառում է իմաստներ և արժեքներ, որոնք ածանցյալ են որպես հատուկ երևույթ «մշակույթին», որը հակադրվում է բնությանը և արտացոլում է հասարակության կենսադրսևորման ամբողջականությունը: Համաձայն Պարսոնսի՝ ընդհանուր մշակութային արժեքները ստեղծում են ավելի ընդհանուր սահմաններ, որոնք ընկած են քաղաքական համակարգի հիմքում և նախորդում են ինչպես նրա գործառնմանն ամբողջապես, այնպես էլ ինստիտուտների գործունեությանը, իշխանության կառույցների գործառնման բնույթին, սուբյեկտների վարքին, նորմերի և քաղաքական դաշտի այլ բաղադրիչներին: Այս տեսանկյունից քաղաքական մշակույթը հասկացվում է որպես որոշակի երկրի մշակույթի մեջ պահպանվող երևույթներ, որոնք վերբերում են քաղաքական աշխարհին և միաժամանակ դրանց վրա ազդում են հանրույթին բնորոշ ընդհանուր քաղաքակրթական կյանքի բաղադրիչներ. կրոն, ազգային մենթալիտետ, գիտության և տեխնոլոգիաների զարգացման մակարդակը, կրթությունը, հոգեբանական տրամադրությունը, բնության հետ հարաբերությունները և այլն:

Այսպիսով, հասարակության մշակույթը գոյություն ունի սոցիալ կոնտեքստում , որի շրջանակում քաղաքական երևույթներն այդպիսով են հասկանալի դառնում մարդկանց համար: Ընդհանուր սոցիալական մշակույթը մի միջավայր է, որի շրջանակում մարդ ձևավորում է իր պահանջները և նախընտրությունները, որոնք ընկած են քաղաքականության նկատմամբ իր վերաբերմունքի հիմքում: Միաժամանակ յուրաքանչյուր հասարակության մեջ կյանքը ձևավորում է հատուկ «մշակութային թեմաներ», որոնք ստիպում են մարդկանց «քննարկել» դրանք քաղաքական ձևով: Այդ պատճառով քաղաքականությունը ոչ միայն տիրապետում է սեփական առարկայական շրջանակը, այլ նաև մշակութային բազմազանության ուժեղացման, տվյալ հասարակության մշակութային լեզվի զարգացման, իմաստաբանական զարգացման, ազգային կերպարներով, դիցաբանությամբ, սովորույթներով հարստացնելու միջոց է դառնում:

Հաշվի առնելով քաղաքականության և մշակույթի այդպիսի փոխկապակցվածությունը՝ քաղաքական մշակույթը վերջին ժամանակներն ավելի շատ է դիտարկվում գիտության մեջ որպես որոշակի հասարակության մշակույթի միջավայրի չափում, որպես այս կամ այն ժողովրդի վարքագծի բնութագրիչ, ժողովուրդների քաղաքակրթական զարգացման առանձնահատկություն: Այս տեսանկյունից՝ քաղաքական մշակույթն արտացոլում է պետական իշխանության մեջ ժողովուրդներին ներհատուկ ավանդույթների շարժում, ժամանակակից կոնտեքստում վերջիններիս մարմնացում և զարգացում, ինչպես նաև քաղաքական տեսլականի ձևավորման պայմանների վրա գործող ազդեցություն: Արտահայտելով այդ «գենետիկ կոդը»՝ ժողովուրդների, ոգին՝ խորհրդանիշներով և պետական ատրիբուտներով (հիմն, դրոշ), քաղաքական մշակույթը՝ իր ձևով ինտեգրում է հասարակությունը, ապահովում է տվյալ մարդկանց համար հասարակության էլիտար և ոչ էլիտար շերտերի միջև հարաբերությունների կայունությունը տվյալ հասարակության անդամների համար ընդունելի ձևով:

Քաղաքական մշակույթի ճանաչումը, որպես ընդհանուր հասարակական մշակույթի բաղկացուցիչ մաս, ցույց է տալիս, որ ազգային տարատեսակները փոխկապակցված են իրար ոչ թե «ցածր-բարձր» հիմքով, այլ ավելի բարդ ձևով: Այդ պատճառով ԱՄՆ-ի քաղաքական մշակույթը չի կարելի դիտարկել որպես ամենաբարձր՝ ի համեմատություն որևէ աֆրիկյան պետության ավանդական քաղաքական մտածողությանը և վարքագծին: Պարզապես, դրանք տարբեր երկրների ոչ միանման քաղաքական մշակույթներ են, որոնց արժեքային կողմնորոշումների հիմքում ընկած են քաղաքացիական ինքնության իրենց սեփական մեխանիզմները, ազգային միասնության գիտակցման խորհրդանիշները, պետության և հասարակության հարաբերությունների կարծրատիպերը:

Այս ամենից ելնելով՝ անհնար է առանձնացնել բարձր կամ ցածր քաղաքական մշակույթներ կամ էլ համարել, որ մի մշակույթ կարող է մյուս մշակույթի համար զարգացման աստիճան հանդիսանալ: Քաղաքական մշակույթը հասարակությանը բնորոշ որակական բնութագրիչների ամբողջություն է, որն արտահայտվում է հրապարակային քաղաքական ոլորտում:

Այսպիսով, ընդհանրացնելով վերոհիշյալ մոտեցումները՝ քաղաքական մշակույթը կարելի է սահմանել որպես մարդկանց հրապարակային մտածողության և վարքագծի տիպիկ ձևերի ամբողջություն, որն արտահայտում է մարդկանց արժեքային պատկերացումները նպատակների մասին և ամրապնդում պետության և հասարակության միջև փոխհարաբերությունների հաստատված նորմերը և համապատասխան իշխանության ինստիտուտի գործունեության ավանդույթները, ինչպես նաև ապահովում է սոցիումում քաղաքական զարգացման շարունակականությունը:

Միաժամանակ, քանի որ մարդու կողմից կիսվող ոչ բոլոր (և ոչ միշտ) արժեքները կարող են արտահայտվել պրակտիկայում (առավել ևս հաստատվեն այս կամ այն ինստիտուտում, կառույցում և կազմակերպությունում), քաղաքական մշակույթի այս ամբողջական բնութագրումը չի մերժում, որ առանձին դեպքերում քաղաքական մշակույթը կարող են գոյություն ունենալ միայն մարդու հոգևոր մղումների և կողմնորոշումների տեսքով: Ավելին, քաղաքական մշակույթի գաղափարական և պրակտիկ արտահայտման ձևերի միջև կարող են հակասություններ առաջանալ:

Պետք է հաշվի առնենք, որ չնայած իր չեզոքությանը (անհնարինությունը մի մշակույթի չափանիշներով մեկ այլ մշակույթը գնահատելու համար)՝ քաղաքական մշակույթի երևույթները, այնուամենայնիվ, տիրապետում են որոշակի արժեքային հստակության: Այն ժամանակ, երբ սուբյեկտներն առաջնորդվում են գաղափարներով, որոնցում տեղ չունեն այնպիսի արժեքներ, ինչպիսին է մարդու կյանքը, մարդկանց շրջանում այդ գաղափարների հանդեպ ատելության և արհամարհանքի զգացում է առաջանում: Ավելին, երբ առաջնորդվելով նման գաղափարներով՝ իշխանությունը բռնություն է գարծադրում, ապա մեծ հարված է հասցվում քաղաքական մշակույթին: Այս դեպքում իշխանության՝ մշակութային կողմնորոշումները և քաղաքական մասնակցության մեխանիզմներն անվերապահորեն իրենց տեղը զիջում են քաղաքական փոխհարաբերությունների այլ ձևերին: Այդ պատճառով ֆաշիստական, ռասիստական կամ շովինիստական շարժումները, ահաբեկչությունը և ցեղասպանությունը, օխլոկրատիան[2] և տոտալիտարիզմը չեն կարող պահպանել և ընդլայնել քաղաքական կյանքի մշակութային տարածությունը ցանկացած հասարակության շրջանում, ուստի՝ չեն կարող համարվել քաղաքական մշակույթի ձև:

Այսպիսով, քաղաքական մշակույթը պետք է հասկացվի որպես չափազանց լայն, միաժամանակ հումանիստական արժեքների (և դրանցով պայմանավորված վարքագծերի) արտահայտում, որոնք տարբերակում են հասարակությունների, բնակչության շերտերի կենսակերպերի զանազանությունը, նրանց ավանդույթները և սովորույթները: Զարգանալով սեփական օրենքներով՝ այն առանձնահատուկ ազդեցություն է թողնում քաղաքական իշխանության կազմակերպման ձևերի, նրա ինստիտուտների ձևավորման, միջպետական հարաբերությունների բնույթի վրա:

Տարբեր հասարակություններում հանդիպում են նաև լոկալ ենթամշակույթներ, որոնք համեմատաբար ինքնուրույն արժեքների, նորմերի, կարծրատիպերի և քաղաքական հաղորդակցման ձևերի խմբեր են՝ ընդունված բնակչության առանձին խմբերի կողմից: Ըստ էության, ենթամշակույթներն իրենցից ներկայացնում են այնպիսի կողմնորոշումների ենթահամակարգեր և քաղաքական վարքագծի մոդելներ, որոնք բնորոշ են այս կամ այն հանրույթներին և տարբերվում են հասարակության մեջ տարածված և գերակշռող (ազգ, ռեգիոն և այլն) արժեքներից և դրանց համապատասխան վարքագծերից:

Քաղաքական մշակույթը, որպես երևույթների առանձնահատուկ շրջանակ, իր ազդեցությունն է թողնում քաղաքական գործընթացների, պետական իշխանության մեջ փոփոխությունների դինամիկայի և գործող սուբյեկտների վրա:

Քաղաքական մշակույթի հիմնական գործառույթներն են ՝

  1. Նույնականացման գործառույթ, որը բացահայտում է մարդու մշտական պահանջը ճանաչելու իր խմբի պատկանելիությունը և հստակեցնում է համապատասխան հանրույթի նպատակների արտահայտմանը կամ մերժմանը մասնակցելու նախնտրելի միջոցները:
  2. Կողմնորոշման գործառույթը բնութագրում է մարդու ձգտումը քաղաքական երևույթների իմաստաբանական արտահայտման, քաղաքական համակարգում իրավունքների և ազատությունների իրականացման սեփական հնարավորությունների գիտակցումը:
  3. Ծրագրավորման, կարգադրման գործառույթն արտահայտում է որոշակի կողմնորոշումների, նորմերի և պատկերացումների առաջնահերթությունը, որոնք պայմանավորում են մարդու վարքագծի ուղղվածությունը և սահմաները:
  4. Հարմարվողականության գործառույթն արտահայտում է մարդու պահանջը հարմարվելու փոփոխվող քաղաքական միջավայրին, իրավունքների և իշխանական լիազորությունների իրացման պայմաններին:
  5. Սոցիալականացման գործառույթը բնութագրում է մարդու նոր հատկությունների և հմտությունների ձեռք բերումը, որոնք թույլ են տալիս այս կամ այն իշխանական համակարգում իրականացնել քաղաքական իրավունքները, քաղաքական գործառույթները և շահերը:
  6. Ինտեգրման (ապաինտեգրման) գործառույթն ապահովում է տարբեր խմբերի համագոյակցման հնարավորությունը որոշակի քաղաքական շրջանակում՝ պահպանելով պետության ամբողջականությունը և հասարակության հետ նրա փոխհարաբերությունները:
  7. Հաղորդակցային գործառույթն ապահովում է բոլոր սուբյեկտների և իշխանության ինստիտուտների փոխազդեցությունը համընդհանուր տերմինների, խորհրդանիշների, կարծրատիպերի և այլ տեղեկատվական և լեզվական հաղորդակցման միջոցների օգտագործման հիմքով:

«Քաղաքական մշակույթ» հոդվածի առաջին մասը կարող եք կարդալ նշված հղումով:

Արմինե Գևորգյան


[1] Հ. Գադամար: Ճշմարտություն և մեթոդ: Փիլիսոփայական հերմենևտիկայի հիմքերը: 1988. Էջ 334-335:

[2] Օխլոկրատիա ( լատ.Ochlocratia-ամբողի իշխանություն ) ժողովրդավարության այլասերված տեսակը, որը հիմնված է դեմագոգների անընդհատ ազդեցության տակ ընկնող ամբոխի փոփոխվող քմահաճույքների վրա