Քաղաքական մշակույթ

rey-ty-political-culture-roskin-chapter-7-3-638

Հայտնի է, որ քաղաքականության ոլորտում մարդը երբեք չի ղեկավարվում միայն դերային կամ իշխանության ինստիտուտների կողմից հանձնարարված վարքի նորմերով: Ընդհակառակը, մասնակցելով իշխանության վերաբաշխման գործընթացին, նա միանշանակ մարդկայնացնում է իր կապերը գործընկերների և հակառակորդների հետ՝  իր հույսերն ու հիասթափությունները ներառելով քաղաքական համագործակցության համատեքստում:

Միաժամանակ, մարդկային սովորությունների և նախապաշարմունքների զանգվածային վերարտադրությունը ոչ միայն ստիպում է պետական ինստիտուտներին փոխել և վերակառուցել իրենց գործունեությունը, այլ նաև հանդիսանում է քաղաքականության մեջ իշխանության փոխանցման մեխանիզմների և կառուցվածքների ձևավորման համար կարևոր գործոններից մեկը:

Այս բոլոր հաստատուն դրսևորումները մարդկային կողմնորոշումների և կարծրատիպերի, մարդկանց կողմից կիսվող արժեքների և լոկալ դիցաբանության, մտավոր և արխայիկ կառույցների իրենց վարքաբանական շրջանակով հնարավորություն են ընձեռում ավելի խորն ուսումնասիրել քաղաքացիների և ինստիտուտների քաղաքական վարքագծի շարժառիթները, բացահայտել կոնֆլիկտների այն պատճառները, որոնք անհնար է բացատրել միայն հիմք ընդունելով քաղաքականության ավանդական պատճառները (տարբեր խմբերի պայքարը հանուն իշխանության, պայքարը ռեսուրսների վերաբաշխման և այլնի համար):

Զարմանալի չէ, որ քաղաքականության էությամբ սուբյեկտիվ տարրերի հետազոտությունը քաղաքական պատմության ողջ ընթացքում հետաքրքրել է գիտնականներին: 20-րդ դարի 50-ականների 2-րդ կեսին ամերիկացի գիտնական Գ. Ալմոնդն այդ շրջանակի երևույթներն արտացոլելու նպատակով առաջ քաշեց բովանդակային հայեցակարգը: Խոսքը «քաղաքական մշակույթ» եզրույթի մասին է: Չնայած մասնագիտական տերմինաբանության մեջ այդ հասկացությունը շրջանառության մեջ էր մտել 18-րդ դարում գերմանացի փիլիսոփա Ի. Հերդերի կողմից՝ ամերիկացի տեսաբանն առաջարկեց մշակութային օբյեկտների համակարգային նկարագիրը: Մասնավորապես, հիմք ընդունելով խմբերի կենսագործունեության հոգեբանական չափորոշիչները (ընդհանուր առմամբ նկարագրելով «ազգային բնույթ», «ազգային հոգեբանություն», «ազգային հոգի», «ժողովրդի հիմնարար արժեքներ» և այլ կատեգորիաների միջոցով) և քաղաքական համակարգի ուսումնասիրության երկու մակարդակ առանձնացնելով՝ ինստիտուցիոնալ (հիմնական ուշադրությունը դարձնելով պետական քաղաքականության ձևավորման կառույցների և նորմերի վրա) և կողմնորոշումային (ընդգծելով մարդկանց վերաբերմունքը տարբեր քաղաքական օբյեկտների նկատմամբ): Ալմոնդը ներկայացրեց քաղաքական մշակույթը որպես երևույթների հատուկ դաս, որը բացահայտում է իշխանության դերակատարների և ինստիտուտների իրական գործառնական աղբյուրները և մեխանիզմները: Այս ընկալմամբ՝ քաղաքական մշակույթը կապվում է արժեքային դրդապատճառների, համոզմունքների, իդեալների և հավատամքների հետ, որոնք բնորոշ են որոշակի հասարակության քաղաքական կյանքում ներգրավված այս կամ այն անձի տեսակին: Այս տեսանկյունից՝ «քաղաքական մշակույթ» հասկացությունը դարձել է վարվող՝ սուբյեկտիվ և ոչ ինստիտուցիոնալ ենթատեքստով քաղաքականության խորհրդանիշ:

Ամերիկացի պրոֆեսորի կողմից առաջարկված մոդելը քաղաքական իրականությունը նկարագրող իր սկզբնական տեսքով նախագծվել է ամերիկյան քաղաքական փորձն ուսումնասիրելու համար: Քաղաքական մշակույթի ուսուցումն էապես լրացվել և զարգացվել է վերջինիս հայրենակիցներ Ս. Վերբայի, Լ. Պայի, Վ. Ռուզենբաումի, անգլիացիներ Ռ. Ռուզի և Դ. Կավանահի, գերմանացի տեսաբաներ Կ. Ֆոն Բոյեմի, ֆրանսիացիներ Մ. Դյուվերժեի և Ռ. Շվացենբերգի, հոլանդացի Ի. Ինգլհարտի և այլ գիտնականների կողմից, ովքեր և վերածել են այն քաղաքական աշխարհի ուսումնասիրությունների համընդհանուր տեսական հասկացության:

Այնուամենայնիվ, չնայած քաղաքական մշակույթի տեսության բավականին ինտենսիվ զարգացմանը վերջին տասնամյակներում՝ այսօր հնարավոր չէ խոսել տեսական դիսկուրսի ավարտի և այն հասկանալու համար մեկ միասնական մոտեցման մշակման մասին: Ըստ էության, գիտական հանրույթում շարունակվում է բանավեճը երեք տարբեր միտումների շուրջ. մի կողմից այդ կատեգորիայի մերժումն է կամ էլ դրա այնպիսի ընկալումը, որը կբացառի քաղաքական մշակույթի յուրահատուկ բովանդակությունը[1], մյուս կողմից՝ Ալմոնդի կողմից առաջ քաշված քաղաքական մշակույթի հոգեբանական մեկնաբանությունը[2], որտեղ նեղացվում է նրա բովանդակությունը՝ հասցնելով իդեալական հոգևոր բովանդակության: Երրորդ տեսանկյունից՝ դրանք քաղաքական մշակույթի բազմազան մոդելներն են՝ ներառելով մտածական կամ այլ (օրինակ՝ նորմատիվային, վարքաբանական և նույնիսկ մարդաբանական[3]) տարրեր և ընդհանրական ձևով իրենից ներկայացնում է ինտերպրետացիոն մոտեցում:

Այնուամենայնիվ, ինչպես փորձը ցույց է տալիս, քաղաքական մշակույթը ոչ միայն հաստատել է իր իրավունքը քաղաքական աշխարհի առանձնահատուկ նկարագրման համատեքստում, այլ նաև թույլ արդյունավետ է դարձնում նրա բովանդակության նեղացումը միայն սուբյեկտիվ ասպեկտներով. զանգվածային տրամադրություններին, գաղափարախոսություններին, հոգեբանական դրվածքին և իդեալականի արտահայտման այլ վիճակներին: Պատահական չէ, որ մարդկային մշակույթի երկարաժամկետ ուսումնասիրություններն անկասկած ներկայացնում են մարդկային տրամադրությունների և մտադրությունների նյութականացված ձևերը, որոնք արտահայտված են սովորույթների և գիտակցության արխետիպերի մեջ: Հենց ինքը՝ կուլտուրոգենեզը, իրենից ներկայացնում է ոչ միայն և ոչ այնքան իդեալների և արժեքների էվոլյուցիա, որքան մարդկային ակտիվության պրակտիկ ձևերի փոփոխություն, որոնք վկայում են, թե ինչ գաղափարներ են մնացել և հաստատվել քաղաքացիների վարքում, ինչպես նաև հասարակական հարաբերություններում: Անցյալի և ընթացիկ փորձի գործնական մարմնացումը թույլ է տալիս մարդկանց ձևավորել և փոխանցել բազմազան ավանդույթներ և սովորույթներ և ստեղծել այն սոցիալական մեխանիզմները, որոնք ապահովում են մշակութային զարգացումը, հասարակության և սերունդների շարունակականությունը: Մեկ խոսքով, մշակույթը միշտ գոյություն ունի ոչ միայն որպես մարդկանց գիտակցության մեջ դրված ներուժ իրենց ապագա գործունեության մասին, այլ նաև որպես իրենց մտահղացումների և տրամադրվածությունների իրականացում: Քանի որ մշակույթի զարգացումը չի կարող լինել միայն անցյալի փորձի իմաստային վերաինտերպրետացիա (վերամեկնաբանումը), այլ նաև մշակութային օրինակների դիֆուզիա, այն հնարավոր չէ համարել միայն մտքերի և արժեքների տարածում: Մշակույթի տեսակների փոփոխությունը միշտ եղել է և՛ ձևի, և ՛ մտածողության, և՛ դրանցով պայմանավորված մարդկանց վարքագծերի փոփոխություն:

Այս բոլոր համընդհանուր, հատկանշական գծերը մարդկային մշակույթի կիրառելի են նաև քաղաքականության ոլորտում: Այդ պատճառով քաղաքական մշակույթը, իհարկե, իր մեջ ներառում է ոչ միայն մտածողական, այլ նաև պրակտիկ բնութագիր: Իսկապես, կարելի՞ է արդյոք որպես օրինակ դիտարկել ավտորիտարիզմի և ժողովրդավարության (որպես հասարակության շրջանում իշխանության կազմակերպման հատուկ քաղաքական-մշակութային միջոցներ) բացառապես որպես էլիտար և ոչ էլիտար շերտերի մտադրությունների ձև՝ հավատարիմ մնալով փոխհարաբերությունների սկզբունքներին: Հասկանալի է, որ քաղաքական մշակույթը ոչ այնքան մտադրություն է (կամ հռետորիկա), որքան մարդկանց կողմից իրենց գործառույթների և շահերի պրակտիկ օգտագործման որոշակի բնույթ:

Հատկանշական է, որ քաղաքագիտության մեջ գոյություն ունի այդ մոտեցմանն ավելի համապատասխան քաղաքական մշակույթի մոդել՝ ներկայացնելով այն որպես մարդկանց քաղաքական գործունեության ոճ, իր համոզմունքների, գաղափարների սկզբունքների և այլ հիմնարար հայացքների մարմնացումը պրակտիկ վարքում (Շապիրո, Պ. Շարան, Ռոզենբաում, Բատալով): Քաղաքական մշակույթի ընկալումը, որպես վարքագծային արժեքների համակարգ, շեշտադրում է անում պետության հետ մարդու փոխազդեցության պրակտիկ ձևերի վրա՝ արտահայտվելով նրանց կողմից անհատապես նախընտրելի և յուրացված նորմերի և կանոնների իրականացմամբ: Բնութագրելով իշխանության ոլորտում կողմնորոշումների փնտրտուքի ժամանակ մարդու պրակտիկ գործողությունների անբաժան կապը՝ քաղաքական մշակույթը մեկնաբանվում է որպես մարդու կենսագործունեության անընդհատ վերարտադրվող ներքին ծրագիր, նրա վարքի հոգևոր մոդել, որոնք արտահայտում են մտածողության ու վարքի ամենահաստատուն և անհատական գծերը և ենթական չեն ակնթարթային փոփոխության կոնյուկտուրայի ազդեցությունից կամ զգացմունքային ապրումներից:

Այս տեսանկյունից՝ մարդու քաղաքական գործունեության ոճը բացահայտում է քաղաքական մշակույթը որպես առավել հաստատուն ձևերի՝ նրա քաղաքական վարքի «հոգևոր կոդերի» ամբողջություն, որոնք վկայում են համընդհանուր կամ այլ նորմերի և ավանդույթների յուրացվածության մակարդակը, տվյալ հասարակությունում քաղաքական ազատությունների և իրավունքների համադրման աստիճանը: Գիտակցության և վարքի մոդելների այս հաստատուն և ներկայացուցչական կառուցվածքները հիմնավորում են և՛ քաղաքական ինստիտուտների գործունեության բովանդակությունը, և՛ կառավարումը:

Չնայած քաղաքական մշակույթի հայեցակարգային մեկնաբանման տարբերություններին՝ կարելի է նկատել, որ տեսություններում աստիճանաբար բյուրեղացվում են այս կամ այն չափով գիտնականների կողմից կիսվող բազային մոտեցումներ: Մասնավորապես, կարելի է ընդունել այն փաստը, որ քաղաքական մշակույթը հիմնված է այն բանի վրա, որ կենտրոնական տեղ է տալիս արժեքային կողմնորոշումներին, որոնք իրենցից ներկայացնում են իշխանության ոլորտում մարդկանց վարքի առանձնահատուկ դրդապատճառների համակարգ: Ըստ էության, կողմնորոշումներն արտացոլում են մարդու պատրաստակամությունը գործելու որոշակի ուղղությամբ այս կամ այն քաղաքական օբյեկտի նկատմամբ ձևավորված և գերակշռող հաստատուն հարաբերությունների հիման վրա: Դրանք ասես նրա քաղաքական գործունեությունը ղեկավարող սկզբունքներն են, որոնք ոչ միայն համակարգում, կապակցում են մարդու առանձին գործողությունները մարդու անհատական վարքի շուրջ, այլ նաև ծրագրավորում են նրա ակտիվությունը քաղաքական աշխարհում: Կազմելով հիմնարար պայմանները մարդու հաղորդակցման համար իշխանության ինստիտուտների և քաղաքական համակարգի այլ հարակից ինստիտուտների հետ՝ կողմնորոշումներն ապահովում են նրա հարմարվողականության հնարավորությունը քաղաքական աշխարհի հետ և այդտեղ այս կամ այն գործառույթների իրականացումը:

Արմինե Գևորգյան


[1] Քաղաքական մշակույթի այսպիսի մոտեցումները դիտարկում էին այն ոչ ավելին, քան որպես «հին գաղափարի նոր տերմին » ( Kavanagh D. Political Science and Political Behaviour. L., 1983. P. 48) կամ էլ այնպիսի լայն մեկնաբանությամբ ՝ հավասարեցնելով այն քաղաքական համակարգի հետ ( Զ.Նյումեն ), որոնք էլ մերժում էին այս հասկացության առաջ քաշման անհրաժեշտությունը:

[2] Այսպիսով, առաջին ուղղության կողմնակից Վերբան գրում էր, որ քաղաքական մշակույթը մարդկանց քաղաքականության ընկալաման արտահայտումն է և թե ինչպես են մեկնաբանում այն, ինչ տեսնում են: ( Verba S. Conclusions: Comparative political Culture and Political Development. Princeton, 1965 P> 516):

[3] Օրինակ՝ Դուգլասը դիտարկում էր քաղաքական մշակույթը որպես անտրոպոլոգիական կառույցների կողմից հաստատված « մատրիցա» , որոնք նախանշում և սահմանափակում են մարդու մտածողությունը և գործողությունները, և հենց դրանք են մարդուն հնարավորություն տալիս գիտակցել իրականությունը: