Քաղաքական տեռորը ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի խաղաքարտն է

hhk-bhk-armenia-politics

Վերջին բռնությունների ֆոնի վրա քաղաքական շահարկումները անցնում են բանականության սահմանները: Բնականաբար, տեղի ունեցած բռնություններն անասնական բնազդի ցցուն օրինակներ են, և ցանկացած քաղաքական ու հասարակական ուժ պարտավոր է դատապարտել տեղի ունեցածը, սակայն տեղի ունեցածի վրա «արյունոտ ձեռքեր լվանալն» այնքան էլ ազնիվ չէ:

Տեղի ունեցած բռնությունները, վստահաբար, բոլորիս տեղափոխեցին 1998-2008 թվականներ, երբ տեղի էին ունենում հարյուրավոր քաղաքական բռնություններ և սպանություններ, իսկ 2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցավ «արյունոտ տասնամյակի» վերջին ակորդը, երբ Երևանի կենտրոնում վերոնշյալ քաղաքական ուժերի ղեկավարմամբ գնդակահարվեց 10 ցուցարար:

Այն, որ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական մեթոդները բռնի և հանցավոր էին, որևէ մեկը չի կարող ժխտել, ինչպես չի կարող ժխտել այն ակնհայտ իրողությունը, որ Ծառուկյանի ղեկավարած ուժը ևս ոչնչով չի զիջել և չի զիջում իշխող ՀՀԿ-ին:

Տեղի ունեցած բռնությունները ներկայիս քաղաքական իրավիճակի համատեքստում դիտարկելիս ակնհայտ է, որ չէին կարող բխել Սերժ Սարգսյանի քաղաքական շահերից, սակայն այդ դեպքերի ամբողջական բացահայտման բացակայության դեպքում Սերժ Սարգսյանի իշխանությունn ամբողջությամբ իր վրա է վերցնելու ամբողջ պատասխանատվությունը: Դեպքերի չբացահայտումը բավականին բացասական է անդրադառնալու նաև երկրի ներքին կայունության վրա և անկանխատեսելի հետևանքներ ունենալու, իսկ որոշ քաղաքական ուժերի, տվյալ իրողությունը, «արյունոտ ձեռքերը» լվալու հնարավորություն է ընձեռելու:

Իշխող կուսակցության բազմաթիվ ներկայացուցիչներ բազմիցս ապացուցել են, որ ընդունակ են ինքնադատաստանի միջոցով տարատեսակ հարցեր պարզել (նույնը ապացուցել են ԲՀԿ ներկայացուցիչները), և որևէ մեկի համար զարմանալի չի լինի, եթե բռնություններն ուղղակիորեն կազմակերպված լինեն այս կամ այն ՀՀԿ-ական քրեական տարրի կամ նրանց սպասարկող թաղային հեղինակությունների կողմից: Սակայն այստեղ չի կարելի անտեսել նաև այն պարզ իրողությունը, որ «վերտու հեռախոսով» շրջող Ծառուկյանը և իր` ՀՀԿ-ականներից ոչնչով չտարբերվող շրջապատը փորձելու են  տեղի ունեցածից կեղտոտ դիվիդենտներ ստանալ և դրանցով «կերակրել» հասարակությանը, և բացառված չէ, որ հասարակությունը կուլ կտա այդ խայծը: Վերջիվերջո եկեք չմոռանանք, որ հասարակությունը բավականին շուտ մոռացավ Մարտի 1-ին զինվորական հագուստներ և (ըստ ՀԱԿ անդամների պնդումների) զենք զինամթերք ստացած Գագիկ Ծառուկյանի և իր ԲՀԿ-ի մասնակցությունը քաղաքացիների սպանդին:

Ընդհանրապես ստեղծված իրավիճակը ամբողջությամբ բխում է ԲՀԿ շահերից: Ստեղծված իրավիճակում ԲՀԿ-ն նախ ամեն ինչում մեղադրել և մեղադրելու է իշխանություններին (դրա համար ունենալով նպաստավոր և օբյեկտիվ պատճառներ) և այդպիսով փորձելու է ժողովրդի շրջանում մոռացության մատնել «վերտու հեռախոսը», իրենց «թագավորի» մականունը հնչեցնողների հասցեին սպառնալիքներն ու ֆիզիկական հաշվեհարդարները, իրենց շարքերում մականունավոր օլիգարխների և դատարաններում դատավոր հայհոյող պատգամավորների առկայությունը և այդպես շարունակ:

Միևնույն ժամանակ ԲՀԿ-ն և «խնամի վարչապետը» այս ընթացքում հրապարակային և ներկուլիսային հարթակներում սկսելու են քննարկել Ոստիկանապետի հրաժարականի հարցը, իսկ քաղաքական դուստր ձեռնարկությունների վերածված «եռյակի» բեկորների շրջանում միանգամից արթնանալու են Ծառուկյանի բարեհաճության մասին ակնկալիքները: Արդյունքում ՀՀ քաղաքացիները հերթական անգամ ականատես են լինելու լավ կամ վատ բեմադրված թատերական ներկայացման կամ «թեժ գարնան», իսկ տեղի ունեցած բռնությունները, որպես գաղջ հիշողություն, մնալու են անցյալում և չբացահայտված:

Այսպիսով, կարելի է հստակ ընդգծել, որ տեսականորեն տեղի ունեցած բռնությունները կարող էին լինել ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի կամ, որ նույնն է Ռոբերտ Քոչարյանի ձեռագիրը, իսկ երբ հաշվի ենք առնում, որ գործնականում այս իրավիճակը բխում է միայն ու միայն ԲՀԿ-ի (Ռոբերտ Քոչարյանի) շահերից, իրականությունն ավելի «անհասկանալի» է դառնում:

Հ.Գ. Ստեղծված իրավիճակում ապացուցելու բան ունեն ազատամարտիկները, ովքեր պետք է հնարավորինս հեռու մնան քաղաքական ինտրիգներից և ոչ մի դեպքում չդառնան քաղաքական երկու հանցավոր ուժերի զոհը:

Նարեկ Սամսոնյան