Հանրային գործիչները և խոսքի ազատության իրավունքը

freedom_of_expression_by_matiel-d2a1sz5

Մարդու իրավունքների Եվրոպական Կոնվենցիայի 10-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ազատ արտահայտվելու իրավունք։ Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը՝ առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից։

Նույն հոդվածի 2-րդ մասը նախատեսում է, որ այս ազատությունների իրականացումը կարող է ենթարկվել այնպիսի սահմանափակումների, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, (…) այլ անձանց հեղինակության կամ իրավունքների պաշտպանության:

Այսօր ամբողջ աշխարհում, այդ թվում և Հայաստանի Հանրապետությունում, գրեթե ամեն օր մամուլը և քաղաքացիները քննադատական և հաճախ անգամ վիրավորական արտահայտություններ են հնչեցնում քաղաքական և հասարակական գործիչների նկատմամբ՝ վկայակոչելով իրենց խոսքի ազատության իրավունքը, վերջիններս էլ իրենց հերթին դիմում են դատական ատյաններին՝ իրենց հեղինակության և բարի համբավի պաշտպանության նպատակով։ Այսպիսով առաջանում է ակնհայտ շահերի բախում և հարց է ծագում՝ այս հիմնարար իրավունքներից ո՞ր մեկի պաշտպանությանը տալ առաջնայնություն։

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի (այսուհետ՝ ՄԻԵԴ) տասնյակ որոշումներ անդրադառնում են այս իրավունքների հարաբերակցությանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք մամուլը և հասարակ քաղաքացիները կարող են քննադատության ենթարկել քաղաքական և հասարակական գործիչներին, ե՞րբ է քննադատությունը համարվում օրինաչափ և անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում, որքանո՞վ են վերջիններս պաշտպանված այսպիսի քննադատությունից, որտեղո՞վ է անցնում սահմանը խոսքի ազատության և քաղաքական ու հասարակական գործիչների հեղինակության ու այլ իրավունքների պաշտպանության միջև։

ՄԻԵԴ-ի բազմաթիվ որոշումներում արտացոլված հիմնական սկզբունքն այն է, որ քաղաքական գործիչները պետք է ավելի հանդուրժող լինեն քննադատության նկատմամբ, քան անհատները, քանզի վերջիններս անխուսափելիորեն և գիտակցաբար հրապարակային են դարձնում իրենց ցանկացած խոսք կամ գործ թե՛ լրագրողների և թե՛ հանրության մանրակրկիտ ուսումնասիրության համար՝ հատկապես այն ժամանակ, երբ իրենք են հրապարակային հայտարարություններ անում, որոնք ենթակա են քննադատության և գտնվում են հանրության ուշադրության կենտրոնում: [1]

Լինգենս ընդդեմ Ավստրիայի 1986թ. կայացված որոշման մեջ դատարանն առաջին անգամ անդրադառնում է վերոնշյալ խնդրին և դնում այն հիմնաքարերը, որոնց վրա հետագայում պետք է ձևավորվեր ամբողջ նախադեպային իրավունքը։ Այսպիսով՝ դատարանը նշում է, որ քաղաքական գործչի նկատմամբ ընդունելի քննադատության սահմանները ավելի լայն են, քան անհատի նկատմամբ: Ի տարբերություն վերջինիս, քաղաքական գործիչը պետք է ցուցաբերի հանդուրժողականության ավելի բարձր աստիճան իր յուրաքանչյուր բառի և գործողության նկատմամբ լրագրողների և ամբողջ հասարակության ուշադրության հանդեպ։ TUŞALP v. TURKEY գործով դատարանը արձանագրում է Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում՝ նշելով, որ հայցվոր Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով այդ պահին Թուրքիայի վարչապետն էր, բարձրաստիճան քաղաքական գործիչ է և պարտավոր էր ավելի մեծ հադուրժողականություն ցուցաբերել լրագրողի կողմից իր հասցեին հնչեցված քննադատությունների նկատմամբ։ Դատարանն անգամ արձանագրում է, որ ցանկացած ներպետական օրենք, որը հատուկ կամ ավելի բարձր տուգանքներով է պաշտպանում քաղաքական գործիչներին, և ընդհանրապես, բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին վիրավորանքից կամ զրպարտությունց, անհամատեղելի է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի հետ։ Իսկ եթե նման դրույթներ գոյություն ունեն և դրանք վկայակոչվում են քաղաքական գործիչների կողմից, ապա ներպետական դատարանները պետք է ձեռնպահ մնան դրանց կիրառումից։ Զարմանալիորեն նմանատիպ նորմեր գործում են, անգամ, բազմաթիվ ժողովրդավարական երկրներում [2] ։ Օրինակ՝ OTEGI MONDRAGON v. SPAIN գործով դատարանը նշել է, որ Իսպանիայի քրեական օրենսգրքի 490 հոդվածի 3-րդ մասը, որը պետության ղեկավարին տալիս է պաշտպանության ավելի մեծ աստիճան, քան այլ անձանց կամ ինստիտուտների` կապված նրանց վերաբերյալ տեղեկատվության կամ կարծիքների բացահայտման հետ, և որը ավելի ծանր տուգանքներ է նախատեսում վիրավորական հայտարարությունների համար, չի համապատասխանում Կոնվենցիայի ոգուն։

Դատարանը նույնատիպ մոտեցում ունի և նույնիսկ պաշտպանության ավելի ցածր մակարդակ է նախատեսում բարձրաստիճան պաշտոնյաների և քաղաքացիական ծառայողների վերաբերյալ հնչեցված վիրավորանքներից և զրպարտությունից, ներառյալ՝ ոստիկաններին, դատախազներին, իրավապահ մարմինների աշխատակիցներին և առհասարակ բոլոր պետական ծառայողներին։

Առաջին հայացքից շատ անորոշ կարող է թվալ «քաղաքական գործչի նկատմամբ ընդունելի քննադատության սահմանները ավելի լայն են» արտահայտությունը, և առհասարակ հարց է առաջանում, թե որտեղ են ավարտվում այդ սահմանները։ Որպեսզի այս հարցի որոշումը չկրի սուբյեկտիվ բնույթ և չչարաշահվի ներպետական դատարանների կողմից, դատարանը հստակեցնում է, որ որոշելու համար՝ կա արդյոք անձի խոսքի ազատության իրավունքի խախտում, անհրաժեշտ է ըստ հերթականության պատասխանել մի քանի հարցերի։

1. Առաջին հերթին դատարանը որոշում է,թե արդյոք կա միջամիտություն դիմումատուի խոսքի ազատության իրավունքին։ Այդպիսի միջամտություն կարող է լինել վերջինիս տուգանելը կամ ավելին՝ քրեական պատասխանատվության ենթարկելը։

2. Եթե կա այդպիսի միջամտություն, ապա անհրաժեշտ է, որպեսզի այն սահմանված լինի օրենքով։ ԵԱՀԿ անդամ հանդիսացող պետությունների գերակշիռ մեծամասնությունը վիրավորանքի և զրպարտության համար նախատեսում է ազատազրկում, այլ պատժատեսակները ներառում են տուգանքներ, ավելի հազվադեպ՝ ուղղիչ աշխատանքներ կամ որոշակի քաղաքական իրավունքներից զրկում։ Հայաստանի Հանրապետությունում զրպարտության և վիրավորանքի համար նախատեսված է քաղաքացիական պատասխանատվություն։ ԵԱՀԿ-ի 9 անդամ պետություններ ավելի խիստ պատիժ են նախատեսում են, եթե «զոհը» հանրային պաշտոնյա է։ Իսկ 15 պետություն քրեական պատասխանատվություն է նախատեսում պետական պաշտոնյաների դեմ վիրավորանքի տարբեր ձևերի համար։ [3]

3. Հաջորդ քայլը պարզելն է, թե արդյոք միջամտությունը հետապնդել է Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ մասում նշված օրինական նպատակներից մեկը։ Վերոշարադրյալ թեմայի համատեքստում այդ նպատակը կարող է լինել անձանց հեղինակության կամ իրավունքների պաշտպանությունը։

4. Վերջին քայլը որոշելն է, թե արդյոք միջամտությունը «անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում»։ Թերևս սա ամենաբարդ քայլն է, որի վերաբերյալ դատարանը կատարել է լայնածավալ մեկնաբանություններ։ Չկա մի սահմանում կամ միասնական բանաձև, որի վրա հիմնվելով դատարանը որոշի խոսքի ազատության սահմաանփակման անհրաժեշտ լինել կամ չլինելը։ Սակայն ուսումնասիրելով դատարանի նախադեպերը կարելի է առանձնացնել մի քանի չափորոշիչներ, որոնք դատարանը կարևորում է և դնում իր որոշումների հիմքում, երբ խոսքը գնում է քաղաքական կամ հասարակական գործիչների վերաբերյալ հնչած արտահայտություններից։

4.1. Նախ և առաջ դատարանը նշում է, որ խոսքի ազատությունը հանդիսանում է ժողովրդավարական հասարակության կարևոր հիմքերից մեկը, նրա առաջընթացի և յուրաքանչյուրի ինքնաարտահայտման և ինքնաիրացման հիմնական պայմաններից մեկը: Ըստ Դատարանի՝ խոսքի ազատությունը տարածվում է ոչ միայն այնպիսի տեղեկատվության կամ գաղափարների վրա, որոնք դրական են, համարվում են ոչ վիրավորական կամ անտարբերությամբ են ընդունվում, այլև որոնք վիրավորում են, ցնցում կամ խանգարում են։ Այսպիսին են բազմակարծության, հանդուրժողականության և լայնախոհության պահանջները, առանց որոնց «ժողովրդավարական հասարակությունը» գոյություն ունենալ չի կարող։ [4] Ակնհայտ է, որ դատարանը խոսքի ազատության մեջ է ներառում նաև բացասական բնույթ ունեցող արտահայտությունները, այդիսով դրական համարելով մամուլի և անհատների կողմից նման արտահայտություններ հնչեցնելը քաղաքական գործիչների վերաբերյալ։

4.2. Դատարանը մեծ կարևորություն է տալիս քաղաքական բանավեճին։ Ինչպես նշում է դատարանը՝ քաղաքական գործիչը, անշուշտ, ունի իր հեղինակության պաշտպանության իրավունք, նույնիսկ այն ժամանակ, երբ նա չի գործում որպես մասնավոր անձ, սակայն այդ պաշտպանության պահանջները պետք է հավասարակշռվեն քաղաքական հարցերի բաց քննարկման շահերի դեմ: [5]

Լինգենսը, ով ավստրիացի լրագրող էր և «Պրոֆիլ» ամսագրի խմբագիրը, 2 հոդված է հրապարակում, որտեղ քննադատում է Ավստրիայի դաշնային կանցլեր Բրունո Քրեյսկիին, վերջինիս մեղադրելով նրանում, որ նա ոչ միայն աջակցում է Լիբերալ կուսակցության նախագահ Ֆրիդրիխ Պետրերին, ով Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է նացիստական ռազմական մի միավորումում, որը հայտնի էր գերմանացիների կողմից օկուպացված խորհրդային տարածքներում քաղաքացիական անձանց զանգվածային սպանություններով, այլև հաշտվողական վերաբերմունք ունի նացիստերի նկատմամբ։ Նա իր հոդվածում Քրեյսքիի վարքը անվանում է անբարո, անարժան, ինչպես նաև անխոհեմ նացիզմի զոհերի նկատմամբ։ Ավստրիայի դատարանները այդ հայտարարությունները համարում են վիրավորանք և լրագրողին ենթարկում տուգանքի։ Դատարանը անդրադառնալով այս հարցին, նշում է, որ դիմումատուի կողմից հրապարակված հոդվածները վերաբերում են Ավստրիայում հասարակական հետաքրքրություն ներկայացնող քաղաքական հարցերի, որոնք հանգեցրել են թեժ քննարկումների՝ կապված ազգային սոցիալիզմի և երկրի կառավարմանը նախկին նացիստների մասնակցության հանդեպ ավստրիացիների և հատկապես կանցլերի վերաբերմունքի հետ։ Դատարանը արձանագրել է, որ վերոնշյալ արտահայտությունների օգտագործումը իսկապես կարող է վնասել պարոն Քրեյսկիի հեղինակությունը, այնուամենայնիվ քանի որ գործը վերաբերում էր Քրեյսկիին՝ որպես քաղաքական գործչի, պետք է հաշվի առնել այն իրադրությունը, որում հոդվածները գրվել են։ Նախ դրանք հայտնվել էին 1975 թվականի հոկտեմբերին կայացած ընտրություններից անմիջապես հետո: Շատ ավստրիացիներ նախապես մտածում էին, որ պարոն Քրեյսկիի կուսակցությունը կկորցնի իր բացարձակ մեծամասնությունը և ստիպված կլինի կոալիցիա ձևավորել պարոն Պետրոսի կուսակցության հետ: Երբ ընտրություններից հետո պարոն Վիսենտալը մի շարք բացահայտումներ արեց պարոն Պետրոսի նացիստական անցյալի մասին, Կանցլերը պաշտպանեց պարոն Պետրոսին և հարձակվեց իրեն նսեմացնողի վրա, ում գործունեությունը նա անվանեց «մաֆիայի մեթոդներ»: Այս ամենով էլ պայմանավորված էր պարոն Լինգենսի սուր արձագանքը։ Հետևաբար, ինչպես նշում է Դատարանը, վիճարկվող արտահայտությունները պետք է դիտարկվեն հետընտրական քաղաքական հակասությունների ֆոնին. ինչպես Վիեննայի մարզային դատարանը նշել է 1979 թ. մարտի 26-ի իր որոշման մեջ, այս պայքարում յուրաքանչյուրն օգտագործել է իր տրամադրության տակ եղած զենքը, և սա արտառոց բան չէ քաղաքականության ծանր պայքարում:

Այս գործի շրջանակներում դատարանը կարևորագույն սկզբունքներ է առաջ քաշում` հատկապես մեդիայի կողմից քաղաքական գործիչների նկատմամբ կատարվող քննադատության վերաբերյալ։

«Մամուլի ազատությունը ապահովում է հասարակությանը լավագույն միջոցներով, որոնք թույլ են տալիս տեղեկանալ և պատկերացում կազմել քաղաքական առաջնորդների գաղափարների և դիրքորոշումների մասին, իսկ քաղաքական բանավեճի ազատությունը կազմում է ժողովրդավարական հասարակության հայեցակարգի հիմքը: Չնայած այն չպետք է գերազանցի սահմանները, մասնավորապես, «ուրիշների հեղինակության պաշտպանությունը», այնուամենայնիվ, դրա նպատակը քաղաքական հարցերի և ընդհանուր հետաքրքրության այլ հարցերի վերաբերյալ տեղեկատվության և գաղափարների տարածումն է։ Եթե մամուլի առաքելությունն է տեղեկատվություն և գաղափարներ տարածելը, ապա հանրությունն, իր հերթին, իրավունք ունի ստանալ դրանք»:

Այսպիսով քաղաքական գործիչների վերաբերյալ հնչած արտահայտությունների որակման ժամանակ պետք է հաշվի առնել այն իրավիճակը, որում դրանք արվել են, և եթե այդ արտահայտությունները քաղաքական բանավեճի մաս են կազմում, որը հասարակական հետաքրքրության առարկա է, ապա նախապատվությունը ակնհայտորեն տրվում է արտահայտությունը կատարած անձի խոսքի ազատությանը։

4.3. Հաջորդ կարևոր հանգամանքը, որը հաշվի է առնում դատարանը, կատարված արտահայտության բնույթն է։ OTEGI MONDRAGON v. SPAIN գործով դատարանը նշում է, որ անհրաժեշտ է տարբերակել փաստի արձանագրումն ու արժեքային դատողությունը։ Եթե փաստերի առկայությունը կարելի է ցույց տալ կամ ապացուցել, արժեքային դատողությունների ճշմարտացիությունը ապացուցման ենթակա չէ: Արժեքային դատողությունների ճշմարտացիությունը ապացուցելու պահանջը անիրագործելի է և խախտում է կարծիքի ազատությունը, որը 10-րդ հոդվածով ամրագրված իրավունքի հիմնարար մասն է: Հայտարարության դասակարգումը որպես փաստ կամ որպես արժեքային դատողություն առաջին հերթին ենթակա է ազգային մարմինների, մասնավորապես ներպետական դատարանների գնահատմանը: Այնուամենայնիվ, նույնիսկ այն դեպքերում, երբ հայտարարությունը իրենից ներկայցնում է արժեքային դատողություն, պետք է դրա տակ դրվի բավարար փաստական հիմք, որի բացակայությունը կդիտվի որպես սահմանազանցում։ Բացի այդ, փաստերի ներկայացման պահանջը պակաս պարտադիր է, եթե տեղեկությունը արդեն իսկ հայտնի է հանրությանը:

Օրինակ վերոնշյալ գործով Ավստրիայի դատարանները որոշել էին, որ օգտագործված արտահայտություններից որոշները իսկապես զրպարտություն են, օրինակ՝ «բազային պատեհապաշտություն», «անբարո» և «անարժան»։ Մինչդեռ ՄԻԵԴ-ը արձանագրեց, որ սրանք արժեքային դատողություններ են, քանի որ դիմումատուի քննադատությունները փաստորեն ուղղված էին պարոն Քրեյսքիի որդեգրած վերաբերմունքի դեմ։ Ինչպես նշում է Դատարանը, խնդիրը ոչ թե տեղեկատվություն տարածելու իրավունքն է, այլ կարծիքի ազատության և գաղափարներ տարածելու իրավունքը։ Ներպետական դատարանները փորձել են պարզել, թե արդյոք ամբաստանյալը կարող է հաստատել իր հայտարարությունների ճշմարտացիությունը, և արդյուքնում վերջինիս մեղավոր ճանաչել զրպարտության համար։ Սակայն Դատարանը նշել է, որ այդ պահանջը հնարավոր չէ իրագործել, քանի որ վերոնշյալ արտահայտությունները պարոն Լինգենսի վերաբերմունքն են արտահայտում իրողության նկատմամբ, ուստի արժեքային դատողություններ են։ Դատարանը հավելել է. «Փաստերը, որոնց վրա պարոն Լինգենսը հիմնել է իր արժեքային դատողությունը, անվիճելի են, ինչպես և նրա բարեխղճությունը»։ Արդյունքում դատարանը համարել է, որ միջամտությունը պարոն Լինգենսի խոսքի ազատության իրականացմանը չի կարող համարվել «անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում … ուրիշների հեղինակության պաշտպանության համար» և անհամաչափ էր հետապնդվող օրինական նպատակին, ուստի առկա է Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում։

Վերոնշյալ մեկնաբանություններից կարելի է եզրակացնել, որ ըստ ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքի՝ զրպարտություն կամ վիրավորանք չեն կարող համարվել և ապացուցման կարիք չունեն անձի վերաբերմունքն արտահայտող արժեքային դատողություները, եթե, իհարկե, դրանք հիմնված են անվիճելի փաստերի վրա, որոնք պետք է լինեն ապացուցելի։

Այսպիսով, ամփոփելով դատարանի մեկնաբանությունները, անհրաժեշտ է նշել, որ ընդհանուր առմամբ քաղաքական գործիչների նկատմամբ կատարված քննադատական արտահայտություններին իրավական գնահատական տալը թողնված է ներպետական դատարանների հայեցողությանը, սակայն վերջիններս պետք է հաշվի առնեն ՄԻԵԴ-ի կողմից սահմանված չափորոշիչները։ Նախ և առաջ պետք է ուսումնասիրել քաղաքական այն իրադրությունը, որում հնչել է արտահայտությունը՝ հաշվի առնելով, որ քաղաքական բանավեճերը, քաղաքական հարցերի բաց քննարկումները կարևորագույն գործիք են ժողովրդավարական հասարակությունում, և որ այդպիսի քննարկումները չպետք է ստորադասվեն քաղաքական գործչի հեղինակության պաշտպանության իրավունքին, հատկապես, երբ վերջինս ինքն է իր կամքով ներգրավվել քաղաքական քննարկումներին և արել արտահայտություններ և գործողություններ, որոնք գնտվում են հասարակության ուշադրության կենտրոնում։ Բացի այդ՝ հասարակությունը իրավունք ունի ստանալ տեղեկատվություն քաղաքական գործիչների գործողությունների և գաղափարների վերաբերյալ: Նման տեղեկատվություն տրամադրում է հիմնականում մամուլը: Պետք է հաշվի առնել, որ խոսքի ազատությունը ներառում է ոչ միայն դրական հնչերանգ ունեցող արտահայտությունները, այլև նրանք, որոնք կարող են բացասաբար ընկալվել, լինել վիրավորական կամ ցնցող։ Ուստի, իրավաչափ չէ սահմանափակել անձի խոսքի ազատության իրավունքը, միայն այն հիմնավորմամբ, որ այն կարող է բացսական ազդեցություն ունենալ քաղաքական գործչի հեղինակության վրա։ Եվ վերջում, բացի արտահայտության հնչերագից, կարևոր է որոշել դրա բնույթը։ Որոշակի իրողությունների կամ փաստերի վերաբերյալ իր վերաբերմունքը արտահայտելը անձի կարծիքն ազատ կերպով արտահայտելու իրավունքն է, և անտրամաբանական է նրանից պահանջել ապացուցել իր կարծիքի ճշմարտացիությունը, հետևաբար և այդպիսի կարծիքը չի կարող որակվել որպես զրպարտություն և պատասխանատվության հիմք հանդիսանալ։ Բայց, միևնույն ժամանակ այդ կարծիքը պետք է հիմնված լինի իրական փաստերի վրա և լինի դրանց վերլուծության արդյունքում կատարված հետևություն, այլ ոչ թե անհիմն մեղադրանք, որը կարող է վարկաբեկել մեկ այլ անձի։ Ուստի, առանց որոշակի փաստերի կամ հիմնավորումների, «օդում» հնչած արտահայտությունները քաղաքական գործչի վերաբերյալ կարող են դիտվել, որպես խոսքի ազատության իրավունքի սահմանազանցում։

[1] տե՛ս OBERSCHLICK v. AUSTRIA, §59

[2] Otegi Mondragon v. Spain, 15 March 2011; Eon v. France, 14 March 2013.

[3] Վիրավորանքը և զրպարտությունը կարգավորող օրենքները ԵԱՀԿ տարածաշրջանում․ համեմատական վերլուծություն, Մարտ 2017թ․ (Հանձնարարված Լրատվամիջոցների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցչի կողմից)

[4] OTEGI MONDRAGON v. SPAIN, 15/03/2011

[5] OBERSCHLICK v. AUSTRIA §59

Աղբյուրը՝ այստեղ, այստեղ և այստեղ

Գրետա Սիմոնյան