Վերածնունդ

renaissance

Արդեն 14-րդ դարում արագ փոփոխվող աշխարհում քիչ հավատ էր մնում Աստծո նկատմամբ: Վերածնվում էր մարդու ուժի և ընդունակությունների նկատմամբ հավատը: Մշակույթային նոր գործիչների ուշադրությունը գրավում էին առաջին հերթին մարդը և նրա գործերը: Դրա համար էլ նրանց անվանում էին հումանիստներ (լատիներեն ‹‹հումանուս››՝ մարդկային բառից):

Կյանքի ուրախություններից հրաժարվելու կրոնական ներշանքը փոխարինվեց աշխարհի նկատմամբ կենդանի հետաքրքրությամբ, բնության հետազոտմամբ: Դիտարկումներ անցկացնելով և փորձեր կատարելով՝ գիտնականները ձգտում էին բացատրել բնության երևույթները, հասկանալ դրանց պատճառները: Եվրոպայում երևան եկան առաջին թանգարանները, բուսաբանական և կենդանաբանական այգիները, հանքաքարերի և բույսերի հավաքածուները: Հումանիստ գրողները գովերգում էին բնությունը, հիանում նրա գեղեցկությամբ: Իսկ նկարիչները սկսեցին մարդկանց պատկերել բնանկարի ֆոնի վրա:

Ամրապնդվում էր գիտության և արվեստի կապը: Գեղանկարիչներն ու քանդակագործներն ուսումնասիրում էին մարդու մարմնի կառուցվածքը, որպեսզի այն ավելի ճշգրիտ պատկերեն: Նրանք զբաղվում էին մաթեմատիկայով, որպեսզի պահպանեն ճիշտ համամասնություններն ու տարածականությունը: Գրողներին այժմ հետաքրքրում էին ոչ թե մտացածին ‹‹սրբերը››, այլ կենդանի մարդիկ՝ իրենց ուրախություններով ու հոգսերով: Նրանք նկարագրում էին իրենց ժամանակի բուռն կյանքը, ոտանավորներում գովերգում մարդու ուժեղ զգացմունքները: Նկարիչներն առաջվա նման կրոնական թեմաներով նկարներ էին ստեղծում, բայց դրանցում մարդկանց պատկերում էին իրենց ժամանակի տարազներով: Քրիստոսին, աստվածամորը և սրբերին պատկերելու համար նրանց բնորդում էին սովորական մարդիկ: Գեղանկարիչները նկարում էին իրենց ժամանակակիցների՝ ոչ միայն կառավարողների, այլև հասարակ քաղաքացիների դիմանկարները:

Կյանքի նպատակն ու բարձրագույն երջանկությունը հումանիստները տեսնում էին ոչ թե Աստծուն ծառայելու մեջ կամ ռազմական սխրանքներում, այլ մարդկանց համար աշխատանքներում: Հումանիստներին հրապուրում էր բազմակողմանի զարգացած մարդը, որի մեջ գեղեցիկ է ամեն ինչ՝ հոգին, մարմինը, մտքերը և զգացմունքները: Վերածնունդը հեղաշրջում էր գիտության և մշակույթի մեջ, որի արդյունքում ստեղվեցին մեծագույն գլուխգործոցներ:

Նյութը պատրաստեց՝ Նարինե Ղազինյան