Խոսքի ազատության իրավունքը որպես ժողովրդավարական հասարակության հիմնաքար

Anti-Government Protest in Warsaw

Խոսքի ազատության իրավունքի պատմությունը, ամրագրումը միջազգային փաստաթղթերում, ՄԻԵԴ նախադեպային որոշումները և իրավիճակը տարբեր պետություններում

Ինչպես արդեն նշել էինք նախորդ հրապարակումների մեջ, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վերաբերյալ հետազոտական-վերլուծական աշխատանքների շրջանակներում «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ Իրավական ակումբի առաջին հոդվածաշարը նվիրված է խոսքի (արտահայտման) ազատության իրավունքին, որի յուրաքանչյուր մասում մանրամասն քննարկվելու է խոսքի ազատությունը սահմանադրական, քաղաքացիական, քրեական, վարչական, միջազգային իրավունքի տեսանկյունից:

Հոդվածաշարը հիմնված է Հայաստանի Հանրապետության օրենսդրության, միջազգային իրավունքի, ներպետական և միջազգային փորձի ուսումնասիրության, ինչպես նաև առկա իրավաբանական գրականության վրա:

Հոդվածաշարի առաջին («Խոսքի ազատությունը որպես սահմանադրական իրավունք»), երկրորդ («Խոսքի ազատությունը քաղաքացիական իրավունքում. վիրավորանք և զրպարտություն»), երրորդ («Խոսքի ազատության իրավունքի ապահովման երաշխիքները և սահմանները լրատվության ոլորտում և գովազդում») և չորրորդ («Խոսքի ազատության իրավունքի քրեաիրավական սահմանափակումները և պատասխանատվությունը դրանց խախտման դեպքում») մասերին կարող եք ծանոթանալ նշված հղումներով:

Սույն հոդվածի շրջանակներում կներկայացնենք խոսքի ազատության իրավունքի պատմությունը, խոսքի կամ արտահայտման ազատության իրավունքի ամրագրումը միջազգային տարբեր փաստաթղթերում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումները, ինչպես նաև խոսքի ազատության վիճակագրական տվյալները տարբեր պետությունների վերաբերյալ:

Խոսքի ազատության իրավունքի պատմական էվոլյուցիան

Խոսքը գոյություն ունի այնքան ժամանակ, որքան հոմոսափիենսը, քանի որ մարդ արարածը պահանջ ունի արտահայտելու իր մտքերը, ցանկությունները տարբեր արտահայտչամիջոցներով: Գրավոր խոսքը, բնականաբար, առաջացել է ավելի ուշ, քան բանավոր խոսքը:

freedom-of-speechԺամանակի ընթացքում խոսքի ազատության շուրջ ձևավորվեցին երկու հակադիր բևեռներ. հասարակությունն ուզում էր ազատորեն արտահայտվել, մինչդեռ՝ կառավարիչները ցանկանում էին սահմանափակել այն:

Հույն փիլիսոփա Հոմերոսը համարում էր, որ խոսքի ազատությունը բացարձակ իրավունք է և ենթակա չէ որևէ սահմանափակման: Պերիկլեսը բնորոշում էր խոսքի ազատությունը որպես տարբերակիչ հատկանիշ աշխարհի առաջին քաղաքացիների ժողովրդավարության՝ Աթենքի և թշնամի համարվող բռնապետական Սպարտայի միջև (մ.թ.ա. 5-րդ դար): Այնուամենայնիվ, անգամ Աթենքում սահմանափակվեց խոսքը: Առաջին իրավաստեղծներից մեկը՝ Սոլոնը, արգելեց «վատ բաներ խոսել մահացածների հետևից»: Իսկ Պելոպոնեսյան պատերազմներից հետո Աթենքի ժողովը դատապարտեց փիլիսոփա Սոկրատեսին թունավորմամբ մահվան որպես պատիժ այն բանի համար, որ Սոկրատեսը երիտասարդներին համոզում էր քննադատել իշխանությանը:

Եվրոպայում մինչև Լուսավորության ժամանակշրջանը՝ 17-18-րդ դարերը, գրաքննությունը (ցենզուրա) տարածված պրակտիկա էր բոլոր պետություններում: Բռնապետերը սովորաբար արգելում էին քննադատությունը իրենց քաղաքականության, անձի կամ կառավարման նկամամբ: Այդպիսի հրապարակային քննադատությունն ավարտվում էր կախաղանով կամ որևէ այլ մահապատժի տեսակով:

Խոսքի ազատությունը առաջնային խնդիր դարձավ Լուսավորության ժամանակաշրջանի մտածողների համար որպես ազատականության զարգացման նախապայման: Եվրոպայում 1766 թվականին առաջին անգամ Շվեդիան վերացրեց գրաքննությունը, որին հաջորդեցին Դանիան և Նորվեգիան՝ 1770 թվականին: 1789 թվականին ֆրանսիական հեղափոխությունից հետո ստեղծված Մարդու իրավունքների ֆրասնիական հռչակագրում ոչ միայն տեղ գտավ խոսքի ազատության իրավունքը, այլ նաև տպագիր մամուլ ունենալու իրավունքը:

Ամերիկյան գաղութներում անգլիական միապետության դեմ հիմնական դժգոհությունը պայմանավորված էր պալատական գրաքննությամբ: Ամերիկյան հեղափոխությունից հետո Միացյալ Նահանգների Սահմանադրության առաջին փոփոխությունը, որն ընդունվեց 1791-ին, ամրագրեց խոսքի ազատության երաշխիքը, որը հնարավոր չէր սահմանափակել. «Կոնգրեսն իրավունք չունի ընդունել օրենք, որը սահմանափակում է խոսքի կամ մամուլի ազատությունը»:

Այդ ժամանակից ի վեր խոսքի ազատության հասկացությունն ընդլայնվեց և աստիճանաբար ներառեց պաշտպանության ավելի լայն շրջանակներ և միջոցներ:

20-րդ դարում ամբողջատիրական վարչակարգերի ի հայտ գալը պատճառ հանդիսացավ խոսքի ազատության հակառակ դինամիկայի համար. արմատախիլ արվեց խոսքի ազատությունը: Այդպիսի վարչակարգերն իրենց ձեռքը վերցրեցին մեդիայի նկատմամբ ամբողջական վերահսկողությունը և դա գործիք դարձրեցին պետական գաղափարախոսությունը պարտադրելու համար: «Այլախոհ» կամ տարբերվող տեսակետներ ունեցողները խստորեն պատժվում էին:

Խոսքի ազատությունը, բնականաբար, խստորեն պատժվում էր Խորհրդային Միությունում, Նացիստական Գերմանիայում և նմանատիպ այլ վարչակարգեր ունեցող պետություններում: Տասնյակ միլիոնավոր քաղաքացիներ, ովքեր խոսում կամ գրում էին այնպիսի մտքեր, որոնք հակադրվում էին պետական գաղափարախոսությանը և նույնիսկ պետական մարմիններից դժգոհողները հայտնվում էին կամ համակետնրոնացման ճամբարներում, կամ բանտերում, կամ գերեզմաններում:

Խոսքի ազատության իրավունքը միջազգային փաստաթղթերում

Խորհրդային Միության և Նացիստական Գերմանիայի անմարդկային վայրագություննեը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ստիպեցին համաշխարհային հանրությանը միավորվել և մշակել մեկ միասնական ստանդարտ՝ մարդու իրավունքների պաշտպանությունն ապահովելու համար: universal-declaration-human-rightsՄԱԿ-ը ստանձնեց այդ դերակատարումը: 1948 թվականին ընդունվեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը (այսուհետ՝ Հռչակագիր), որն էլ ամրագրեց խոսքի ազատության իրավունքը[1]:

Հռչակագրի 19-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի համոզմունքների ազատության և դրանք անկաշկանդ արտահայտելու իրավունք, այդ իրավունքը ներառում է իր համոզմունքներին հավատարիմ մնալու ազատությունը և ցանկացած միջոցներով ու պետական սահմաններից անկախ իրազեկում և գաղափարներ որոնելու, ստանալու և տարածելու ազատությունը[2]:

ՄԱԿ-ի շրջանակներում ընդունված խոսքի ազատության իրավունքն ամրագրող հաջորդ միջազգային փաստաթուղթը «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների» միջազգային դաշնագիրն էր (այսուհետ՝ Դաշնագիր), որն ընդունվեց 1966 թվականի դեկտեմբերի 16-ին և ուժի մեջ մտավ 1976 թվականի մարտի 23-ին, որի 19-րդ հոդվածում ասվում է, որ յուրաքանչյուր մարդ իրավունք ունի անարգել կերպով հավատարիմ մնալ իր կարծիքներին: Յուրաքանչյուր մարդ ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք. այդ իրավունքն ընդգրկում է, անկախ պետական սահմաններից, բանավոր, գրավոր կամ մամուլի միջոցով կամ էլ գեղարվեստական ձևով արտահայտված կամ մի այլ ձևով սեփական ընտրությամբ ամեն տեսակի ինֆորմացիա ու գաղափարներ որոնելու, ստանալու և տարածելու ազատությունը: Դաշնագիրը խոսքի ազատության իրավունքը չի դիտարկում որպես բացարձակ իրավունք և նախատեսում է, որ այդ հոդվածով նախատեսված իրավունքներից օգտվելը դնում է հատուկ պարտականություններ և հատուկ պատասխանատվություն: Հետևաբար, այն կապված է որոշ սահմանափակումների հետ, որոնք պետք է սահմանվեն օրենքով և լինեն անհրաժեշտ.

ա) այլ անձանց իրավունքներն ու հեղինակությունը հարգելու համար,

բ) պետական անվտանգության, հասարակական կարգի, բնակչության առողջության կամ բարոյականության պահպանության համար[3]:

1950 թվականի նոյեմբերի 4-ին Հռոմում Եվրոպայի խորհուրդը ընդունեց «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիան (այսուհետ՝ Կոնվենցիա): Կոնվենցիան իրավական ուժ ստացավ 1953 թվականի սեպտեմբերի 3-ին: Կոնվենցիան ևս ամրագրեց արտահայտման ազատության իրավունքը[4]:37277

Կոնվենցիայի 10-րդ հոդվածի համաձայն՝ այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը՝ առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից։ Այս հոդվածը չի խոչընդոտում պետություններին` սահմանելու ռադիոհաղորդումների, հեռուստատեսային կամ կինեմատոգրաֆիական ձեռնարկությունների լիցենզավորում։

Արտահայտվելու ազատության իրավունքի երաշխավորումը և պաշտպանության մեխանիզմներն ապահովելու պարտականությունը դրված է պետությունների վրա, այսինքն՝ յուրաքանչյուր պետություն ներպետական օրենսդրությամբ պետք է ապահովի արտահայտվելու ազատությունից օգտվելու հնարավորություն: Սակայն, անհրաժեշտ է նշել, որ արտահայտվելու ազատությունը բացարձակ իրավունք չէ և ենթակա է ողջամիտ սահմանափական՝ օրենքով սահմանված կարգով, որն անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես և այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով[5]։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումները խոսքի (արտահայտման) ազատության վերաբերյալ

1959 թվականի հունվարի 21-ին Կոնվենցիայի 19-րդ հոդվածի հիման վրա ստեղծվեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ ՄԻԵԴ): ՄԻԵԴ-ի գործունեության հիմնական նպատակն է երաշխավորել Կոնվենցիայով ամրագրված իրավունքները և ազատությունները: Իր այս գործառույթը դատարանն իրականացնում է անհատների կամ անհատների խմբի, երբեմն նաև պետությունների` Կոնվենցիայով նախատեսված իրավունքների խախտումների մասին ներկայացրած գանգատները (դիմումները) քննելու միջոցով։ ՄԻԵԴ-ի վճիռներն ենթակա են պարտադիր կատարման:[6]

2001 թվականի հունվարի 25-ին Հայաստանի Հանրապետությունը Եվրոպայի խորհրդի լիիրավ անդամ դարձավ և վավերացրեց Կոնվենցիան[7]:

Կոնվենցիայով ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության համար ֆիզիկական անձինք և ոչ կառավարական կազմակերպությունները կարող են դիմել ՄԻԵԴ, երբ սպառվել են ներպետական պաշտպանության բոլոր միջոցները: Այստեղ, ներպետական միջոցների սպառում ասելով, հասկանում ենք ներպետական բոլոր դատարաններին սահմանված կարգով բողոք ներկայացնելը և դատարանների կողմից կայացրած դատական ակտ ունենալը:

echr

Խոսքի ազատության իրավունքի մեկնաբանությունների և կիրառելիության շրջանակների առումով կարևոր նշանակություն ունեն ՄԻԵԴ-ի կողմից արտահայտած իրավական դիրքորոշումները: Յուրաքանչյուր գործ քննելիս ՄԻԵԴ-ը հաշվի է առնում դինամիկ զարգացում ունեցող հասարակական շահերը և գործի փաստական հանգամանքները մեկնաբանում է արդի լույսի ներքո: Միևնույն ժամանակ, ՄԻԵԴ-ի արխիվում կան այնպիսի դատական գործեր, որոնց վերաբերյալ ՄԻԵԴ-ը դիրքորոշում է հայտնել 20-30 տարի առաջ, սակայն այդ դիրքորոշումները մնում են սկզբունքային և ելակետային նույնիսկ ներկա պահին քննվող գործերի համար:

Արտահայտվելու ազատությունը ժողովրդավարական հասարակության հիմնաքարերից մեկն է և դրա առաջընթացի ու յուրաքանչյուր անհատի ինքնաիրացման հիմնական պայմաններից մեկը: Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ դա տարածվում է ոչ միայն այն «տեղեկությունների» կամ «գաղափարների» վրա, որոնք ընդունվում են բարեհաճությամբ կամ համարվում են ոչ վիրավորական կամ պարզապես անտարբերությամբ հնչեցված, այլև՝ վիրավորական, ցնցող կամ անհանգստացնող արտահայտությունների վրա. այդպիսիք են բազմակարծություն, հանդուժողականություն և լայն մտածելակերպ պահանջող արտահայտությունները, առանց որոնց «ժողովրդավարական հասարակություն» լինել չի կարող: Արտահայտվելու ազատությունը, ինչպես շարադրված է 10-րդ հոդվածում, ենթակա է մի շարք բացառությունների, որոնք, սակայն, պետք է նեղ մեկնաբանություն ստանան, և ցանկացած սահմանափակման անհրաժեշտություն պետք է համոզիչ կերպով հիմնավորվի[8]:

Խոսքի ազատության իրավունքն ունի անձնական և սոցիալական նշանակություն: Խոսքի ազատությունն անձնական (անհատական) նշանակություն ունի, քանի որ յուրաքանչյուրն իրավունք ունի ազատորեն, առանց կաշկանդվելու արտահայտել իր կարծիքը, գաղափարները, համոզմունքները՝ առանց հետապնդվելու վախի:

Սոցիալական նշանակությունը պայմանավորված է նրանով, որ խոսքի ազատությունը ժողորդավարական հասարակության զարգացման և կայացման հարցում անփոխարինելի գործիք է: Խոսքի ազատության բացակայությունը նշանակում է բազմակարծության, հետևաբար՝ ժողովրդավարության բացակայություն:

Սակայն, որոշ դեպքերում, անհրաժեշտ է լինում խոսքի ազատության իրավունքը սահմանափակել, քանի որ խոսքի ազատության չարաշահումը կարող է հանգեցնել այլոց ազատությունների և իրավունքների խախտմանը, ինչպես նաև՝ վտանգավոր դառնալ պետական շահերի պաշտպանության համար: Անհատների անձնական կյանքի իրավունքի ոտնահարման և պետական շահերին սպառնալու դեպքում խոսքի ազատությունը ենթակա է սահմանափակման[9]:

Անհանդուրժողականությունը, ատելության խոսքը հիմնված ռասայական, կրոնական, էթնիկական, սեռական պատկանելության կամ քաղաքական դրդապատճառների վրա նույնպես խոսքի ազատության դրսևորումներ են, սակայն անթույլատրելի ժողովրդավար հասարակությում[10]:

Որոշ երկրներում գոյություն ունեն ատելության խոսքի վերաբերյալ առանձնացված օրենքներ, որոնք պատասխանատվություն են նախատեսում ատելության կոչերի համար: Խոսքի ազատությունը չի կարող օգտագործվել բռնություն, ատելություն, թշնամություն սերմանելու և քարոզելու համար:

ՄԻԵԴ-ը յուրահատուկ մոտեցում է ցուցաբերում այն քննադատություններին, որոնք ուղղված են քաղաքական գործիչներին, հանրայնություն վայելող անձանց: Վերջիններս «հասարակ» քաղաքացիների քննադատությունների նկատմամբ պետք է լինեն ավելի «դիմացկուն» և հանդուրժող:

Քաղաքական գործիչները ժողովրդի ներկայացուցիչներն են քաղաքական որոշումներ կայացնելիս, ուստի վերջիններս մշտապես գտնվում են հասարակության ուշադրության կենտրոնում: Քաղաքական գործիչների նկատմամբ քննադատությունը ազատ խոսքի, ազատ կամահայտնության և վերջիններիս գործունեության վերաբերյալ կարծիք արտահայտելու միջոց է: Քաղաքական գործիչների նկատմամբ քննադատությունն ընդգրկում է խոսքի ազատության ավելի լայն շրջանակ, քան սովորական քաղաքացիների նկատմամբ քննադատությունը: Ուստի՝ վերջիններս պետք է առավել հանդուրժողական լինեն այս հարցում:

Քաղաքացիները և ԶԼՄ-ները խոսքի ազատության իրավունքից օգտվելու ավելի լայն հնարավորություններ ունեն, քան հանրային մարդիկ, հատկապես՝ քաղաքական գործիչները[11]:

Խոսքի ազատության իրավունքից բխում է տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքը, որից բխում է նաև լրագրողների իրավունքների պաշտպանության երաշխավորումը: Դատարանը հատուկ պաշտպանություն է նախատեսում ԶԼՄ-ների և լրագրողների համար, անթույլատրելի է համարում վերջիններիս գործունեությանն ուղղված անհիմն սահմանափակումները: Դատարանը խոսքի ազատության խախտում է համարում նաև ԶԼՄ-ների պաշտոնական գրանցումն անհիմն մերժելը[12]:

Խոսքի ազատության յուրաքանչյուր սահմանափակում պետք է համաչափ լինի և համապատասխանի այն նպատակին, որին ուղղված է սահմանափակումը[13]: Սահմանափակումները պետք է նախատեսված լինեն ներպետական օրենսդրությամբ: Դատարանն ընդունելի է համարում խոսքի ազատության այն սահմանափակումները, որոնք ուղղված են հասարակության առողջության և պետական շահերի պաշտպանությանը[14]:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպերի ուսումնասիրության արդյունքում ակնհայտ է դառնում, որ ժողովրդավարական հասարակությունները ևս երաշխավորված չեն խոսքի (արտահայտման) ազատության իրավունքի խախտումներից: Դա պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ ՄԻԵԴ-ը գնալով ընդլայնում է խոսքի ազատության իրավունքի պաշտպանության շրջանակները, խոսքի ազատության իրավունքին տալով նոր և լայնակի մեկնաբանություններ:

Ըստ ՄԻԵԴ-ի՝ խոսքի ազատությունը ներառում է արտահայտչության տարբեր միջոցներ՝բանավոր, գրավոր, սիմվոլներ, ժեստեր, պաստառներ, ցուցանակներ, կարգախոսներ և այլն: Լռությունը կամ տեսակետ չարտահայտելը ևս պաշտպանվում է խոսքի ազատության իրավունքով:

ՄԻԵԴ-ը մինչ օրս ընդդեմ Հայաստանի քննել է Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտման հիմքով ներկայացված 3 գանգատ. Գալստյանն ընդդեմ Հայաստանի (15 նոյեմբերի 2007թ.) գործով[15] ՄԻԵԴ-ը Կոնվենցիայի 10-րդ հոդվածի քննության անհրաժեշտություն չի տեսել, Մելտեքս ՍՊԸ-ն և Մեսրոպ Մովսեսյանն ընդդեմ Հայաստանի (17 հունիսի 2008թ.) գործով[16] ՄԻԵԴ-ն արձանագրել է Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում, Կարապետյանը և այլք ընդդեմ Հայաստանի (24 ապրիլի 2017թ.) գործով[17] ՄԻԵԴ-ը Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում չի արձանագրվել:

Խոսքի ազատության իրավունքը ԱՄՆ-ում

Ի թիվս այլ արժեքների, 1791 թվականին ԱՄՆ Սահմանադրության Առաջին փոփոխությամբ երաշխավորվեց և պաշտպանվեց խոսքի ազատությունը, որի համաձայն՝ Կոնգրեսը չի կարող ընդունել այնպիսի օրենք, որը կարող է սահմանափակել խոսքի ազատությունը:carbuying_828123_600

ԱՄՆ Գերագույն դատարանը հաճախ փորձել է սահմանել, թե որոնք են խոսքի պաշտպանության շրջանակները: Գերագույն դատարանը հանգել է այն եզրակացությանը, որ խոսքը ներառում է ոչ միայն ուղղակի բառերով խոսքը, այլ նաև սիմվոլներով (գործողություններով) արտահայտչամիջոցները: Վերջինս բազմաթիվ դատական գործերով մեկնաբանել է խոսքի ազատության հասկացությունը, նշելով, որ խոսքի ազատության իրավունքը ներառում է.

  • Չխոսելու իրավունքը, մասնավորապես՝ խոսքի ազատության իրավունքն ուսանողներին չի պարտադրում ԱՄՆ դրոշը պատվի առնել (Արևմտյան Վիրջինիայի նահանգային կրթական խորհուրդն ընդդեմ Բարնետի (1943)): Գերագույն դատարանի կողմից նման վճիռ կայացնելը նշանակալից հաղթանակ էր եհովայի վկաների համար, ում հավատալիքներին հակասում է պատվի առնել խորհրդանիշները, այդ թվում՝ պետական:
  • Ուսանողների իրավունքը` ուսումնական հաստատություններում սև գույնի թևնոցներ կրել, իրենց դժգոհությունը պատերազմի վերաբերյալ արտահայտելու համար: Դատարանը նշել է, որ ուսանողներն իրենց սահմանադրական իրավունքները չեն թողնում ուսումնական հաստատության դարպասների մոտ (Թինքերն ընդդեմ Դե Մուանի (1969)):
  • Սիմվոլների օգտագործումը, օրինակ՝ ի նշան բողոքի դրոշ այրելը (Տեխասն ընդդեմ Ջոնսոնի (1989)):
  • Ծառայություններ և ապրանքներ գովազդելը՝ որոշ սահմանափակումներով (Վիրջինիա նահանգի դեղագործների խորհուրդն ընդդեմ Վիրջինիա նահանգնի սպառողների խորհրդի (1976)):
  • Որոշակի հանգամանքներում քաղաքական քարոզարշավները ֆինանսավորելը (Բուքլին ընդդեմ Վալեոյի (1976)):

Խոսքի ազատության իրավունքը չի ներառում.

  • Այնպիսի գործողություններ հրահրելը, որոնք կարող են վնասել այլ անձանց, օրինակ՝ բազմամարդ թատրոնում «կրակ» գոռալը (Շենկն ընդդեմ ԱՄՆ-ի (1919)):
  • Անպարկեշտ նյութեր ստեղծելը և տարածելը (Ռոֆն ընդդեմ ԱՄՆ-ի (1957)):
  • Զինվորական ծառայության անցնելու ծանուցագիրն այրելը որպես պատերազմի դեմ բողոքի նշան (ԱՄՆ-ն ընդդեմ օ’Բրայընի (1968)):
  • Դպրոցական թերթում սովորողների կողմից դպրոցի վարչակազմի դեմ բողոքներ պարունակող հոդվածներ հրապարակելը (Հազելվուդի դպրոցական շրջանն ընդդեմ Կուլմայերի (1988))[18]:

Խոսքի ազատության իրավիճակը տարբեր պետություններում

%d5%b6%d5%af%d5%a1%d6%80-0

Խոսքի ազատության իրավունքը ամրագրված և երաշխավորված է աշխարհի բոլոր ժողովրդավարական պետություններում, ի տարբերություն ոչ ժողովրդավարական պետությունների, որտեղ խոսքի ազատության իրավունքը կարող է ամրագրված լինել որևէ իրավական ակտով, բայց գործնականում խոսքի ազատության իրավունքի պաշտպանությունը, լրատվական գործունեության ազատությունը բացառվում է: Մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների, այդ թվում՝ խոսքի ազատության իրավունքի պաշտպանվածության աստիճանը գործնականում, լրատվության միջոցների գործունեությանը չխոչընդոտելը ցուցիչ են հանդիսանում պետություններում մարդու իրավունքների իրավիճակը բնորոշելու համար:

Մարդու իրավունքների իրավիճակը տարբեր պետություններում ուսումնասիրելու գործառույթ է ստանձնել Freedom House-ը, որը անկախ դիտորդական կազմակերպություն է, որի նպատակն է աշխարհում ազատության ընդլայնումը և ժողովրդավարության տարածումը: Այդ նպատակով կազմակերպությունն իրականացնում է ազատության դեմ մարտահրավերների վերլուծություն, քաղաքական և քաղաքացիական իրավունքների և ազատությունների պաշտպանության ընդլայնմանն ուղղված խորհրդատվություն: Հիմնադվելով 1941 թվականին՝ Freedom House-ն առաջին ամերիկյան կազմակերպությունն էր, որը պայքարում էր ազատության համաշխարհային մակարդակով առաջխաղացման համար[19]:

Ըստ Freedom House-ի՝ ներկայումս խոսքի ազատությունը հետընթաց է գրանցում ամբողջ աշխարհում: 7 մարդուց միայն 1-ն է ապրում այնպիսի պետությունում, որն ունի ազատ մեդիադաշտ: Freedom House-ը գնահատում է մեդիայի և օնլայն լրատվության ազատության մարտահրավերներն իր «Մամուլի ազատություն» և «Համացանցի ազատություն» տարեկան զեկուցներում[20]: Այդ զեկույցներում պետությունները գնահատվում են 0-100 միավորով, որտեղ 0-ն առավելագույն ազատ կարգավիճակն է, իսկ 100-ը՝ նվազագույն ազատ կարգավիճակը:

Եվ այսպես, ստորև ներկայացված է Freedom House-ի «Մամուլի ազատության» 2017 թվականի ապրիլի 23-ի զեկույցի[21] համաձայն ամենաազատ և ամենաանազատ մամուլն ունեցող 10 պետությունները.

qip-shot-screen-641

Մամուլի ազատության իրավիճակը աշխարհում 2017 թվականի դրությամբ ներկայացված է Նկար 1-ում, որտեղ կանաչ գույնով ներկայացված են այն պետությունները, որտեղ մամուլն ազատ է, դեղին գույնով ներկայացված են կիսաազատ մամուլ ունեցող պետությունները, իսկ մանուշակագույնով՝ այն պետությունները, որտեղ մամուլն ազատ չէ:

FH_FOTP_Report_2017.indd

 Նկար 1

Համացանցի ազատության իրավիճակը աշխարհում 2016 թվականի դրությամբ ներկայացված է Նկար 2-ում, որտեղ կանաչ գույնով ներկայացված են այն պետությունները, որտեղ մամուլն ազատ է, դեղին գույնով ներկայացված են կիսաազատ մամուլ ունեցող պետությունները, մանուշակագույնով այն պետությունները, որտեղ մամուլն ազատ չէ, իսկ մոխրագույնով ներկայացված պետություններում Freedom House-ը համացանցի ազատության վերաբերյալ գնահատական չի տվել:

%d5%b6%d5%af%d5%a1%d6%80-2

Նկար 2

Այսպիսով, չնայած այն հանգամանքին, որ աշխարհի պետությունների մեծ մասը համաձայնության է եկել մարդու իրավունքներ և հիմնարար ազատություններ պարունակող միջազգային փաստաթղթերի շուրջ, որոնք նախատեսում են նաև խոսքի (արտահայտման) ազատության իրավունքը, այնուամենայնիվ, յուրաքանչյուր պետության պարտականությունն է ոչ միայն ներպետական օրենսդրությամբ ամրագրել այդ իրավունքը, այլ նաև խոսքի ազատության իրավունքի երաշխիքներ և դրա պաշտպանության համար գործնական մեխանիզմներ ապահովելը, լրատվական դաշտի ազատությունն անհիմն չսահմանափակելը, լրագրողների գործունեությանը չխոչընդոտելը:

Ժողովրդավարական հասարակության հիմնաքարերից մեկը և դրա առաջընթացի ու յուրաքանչյուր անհատի ինքնաիրացման հիմնական պայմանն է բազմակարծություն, հանդուժողականություն և լայն մտածելակերպ պահանջող արտահայտությունները, այլ կերպ ասած՝ խոսքի ազատության իրավունքը, առանց որի ժողովրդավարական հասարակություն լինել չի կարող:

 


Հեղինակներ՝

  • Աստղիկ Մաթևոսյան
  • Աիդա Ստեփանյան

Ծանոթագրություններ

[1] http://democracyweb.org/freedom-of-expression-history

[2] http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=1896

[3] http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=18500

[4] https://www.humanrights.ch/fr/droits-humains-internationaux/conseil-europe/cedh/

[5] http://www.arlis.am/DocumentView.aspx?docID=20870

[6] http://agent.echr.am/brief.html

[7] http://www.coe.int/hy/web/yerevan/membership

[8] Հենդիսայդն ընդդեմ Միացյալ Թագավորության գործը, 1976 թվականի դեկտեմբերի 7, § 49

[9] Հենդիսայդն ընդդեմ Միացյալ Թագավորության գործը, 1976 թվականի դեկտեմբերի 7, § 48, 50

[10] Féret-ն ընդդեմ Բելգիայի գործը, 2009 թվականի հուլիսի 17, § 44, 45

[11] EON-ն ընդդեմ Ֆրանսիայի գործը, 2013 թվականի մարտի 13, § 39, 40, 42, 43, 44, 47

[12] Մելտեքս ՍՊԸ-ն և Մեսրոպ Մովսեսյանն ընդդեմ Հայաստանի գործը, 2008 թվականի հունիսի 17

[13] Open door-n ընդդեմ Իռլանդիայի գործը, 1992 թվականի դեկտեմբերի 29

[14] Raelian movement-ն ընդդեմ Շվեյցարիայի գործը, 2002 թվականի հուլիսի 13

[15] http://hudoc.echr.coe.int/eng?i=001-83297

[16] http://hudoc.echr.coe.int/eng?i=001-87003

[17] http://hudoc.echr.coe.int/eng?i=001-168703

[18] http://www.uscourts.gov/about-federal-courts/educational-resources/about-educational-outreach/activity-resources/what-does

[19] https://freedomhouse.org/about-us

[20] https://freedomhouse.org/our-work

[21] https://freedomhouse.org/report/table-country-scores-fotp-2017