Թևանյանական մտքի «ռետինե» ճկունությունը (ֆոտոշարք)

Andon

«Ոչ իշխանականների» կամ ոչ ընդդիմադիրների երկրորդ հանրահավաքի հարթակից ելույթ ունեցավ հայկական «դեղին մամուլի» առաջամարտիկ 7օր.am կայքի խմբագիր Անդրանիկ Թևանյանը: Հենց սկզբից հայցում եմ ընթերցողների  ներողամտությունը այս անձնավորության գործունեությունը մեկնաբանելու համար. հուսով եմ, հաշվի առնելով ներքոշարադրյալ փաստերի բարձրաձայնման անհրաժեշտությունը, ըմբռնումով կմոտենաք տվյալ անձնավորության անուն ազգանունը մեր կայքում հիշատակելուն:

Վերոգրյալ անուն ազգանունը հայ հասարակության լայն շրջանակներում ասոցացվում է բժշկությանը հայտնի մեկանգամյա օգտագործման իրի հետ, սակայն այս մարդու գործունեության հետագիծը ուսումնասիրելիս ակնհայտ է դառնում ժողովրդական անսխալականության ֆենոմենը: Ի դեպ, Թևանյանը նմանատիպ ժողովրդական մականուն է ձեռք բերել 2009-2011թվականներին իր քաղաքական հակառակորդների՝ մասնավորապես Տեր-Պետրոսյանի մասին կեղտոտ հոդվածներ ու պատվիրված վերլուծություններ գրելու արդյունքում, և հենց վերոնշյալ շրջանակների ակտիվիստներն են առաջին անգամ Թևանյանին համեմատել բժշկության մեջ ամենահայտնի «ռետինի» հետ: Չնայած վերոգրյալ հանգամանքին՝ այսօր Թևանյանին դիպուկ մականվամբ կնքած մարդիկ և նա նույն հարթակում են:

Անդրանիկ Թևանյանն իր ելույթի ընթացքում չմոռացավ մեջբերել Իլհամ Ալիևին և նույնիսկ փորձեց հպանցիկ անդրադառնալ ադրբեջանական շահերին: Թևանյանն իր 7օր.am կայքով այսօր հանդիսանում է ոչ ընդդիմադիրների կողմից հռչակված «բուրժուադեմոկրատական հեղափոխության» առաջամարտիկը և նույն ջանասիրությամբ լուտանքներ է թափում վերոգրյալ քաղաքական գործընթացի հակառակորդների հասցեին: Այս հրապարակման շրջանակներում ականատես կլինենք թևանյանական գրչի գոհարներից մեկին, որը, ի դեպ, դեռևս հասանելի է 7օր.am կայքում, սակայն, հաշվի առնելով   այն հանգամանքը, որ ցանկացած պահի այն կարող է հեռացվել կայքից, հոդվածն ամբողջությամբ կներկայացնեմ լուսանկարներով, իսկ առավել ուշագրավ հատվածները՝ մեջբերման տեսքով:

Եվ այսպես, 2011 թվականի մարտի 10-ով թվագրված և «Լևոն Տեր-Պետրոսյանի սկզբունքները 2» վերտառությամբ խմբագրականում Անդրանիկ Թևանյանը գրում է.

«Եթե չես կարող քեզ պատժող ձեռքը կտրել, ապա համբուրիր այն ու դիր գլխիդ:

Ենթավերնագրում նշվածը Լևոն ՏերՊետրոսյանի քաղաքական գործունեության հիմնական սկզբունքն է,  որին էլ գումարվում է նրա կղերապահպանողական վախկոտությունը և ամենքին ու ամեն ինչ հանձնելու պատրաստակամությունը, և այսպիսով ստանում ենք ՀՀ  «հիմնադիր» նախագահի քաղաքական դիմանկարը…»

(Ապա Թևանյանը նույն ջանասիրությամբ շարունակում է ներկայացնել Լևոն Տեր-Պետրոսյանի գործունեությունը):

«Այս ամենը ցույց է տալիս, որ ՀՀ առաջին նախագահի տեսակն այնպիսին է, որ նա միշտ խուսափում է ճակատային մարտերից ու փորձում է ուրիշի ձեռքերով շագանակներ հանել կրակից, իսկ երբ դա չի հաջողվում, անմիջապես լքում է մարտի դաշտն ու լոյալություն ցուցաբերում երբեմնի մրցակցին։ Այսինքն՝ նա դեմ չէ իշխանություն ունենալուն, բայց երբ դիմացը ուժ է տեսնում, անմիջապես հպատակվում է նրան, հանձնում թիմակիցներին ու դառնում «էջմիածնական միաբան». տիպիկ կղերապահպանողական վարքագիծ…

…մարդիկ սպասում են, թե Լևոնը պետք է իրենց առաջնորդի դեպի բարիկադներ (հի–մա՛, հի–մա՛), բայց նա այդ բանն անողը չէ…»

Թևանյանը, շարունակելով Տեր-Պետրոսյանի քաղաքական ուղու մասին իր վերլուծությունը, բավականին ուշագրավ դիտարկումներ է անում, որը մեջբերում եմ առանց մեկնաբանության:

«Ինչ վերաբերում է կղերապահպանողական մտածողություն ունեցող Տեր–Պետրոսյանի իշխանության գալու մոդելին, ապա նա այդ ամենը պատկերացնում է «բուրբոնական» հայեցակարգի շրջանակներում, ըստ որի՝ միայն դրսի ուժերի աջակցությամբ է հնարավոր գալ իշխանության, իսկ հանրահավաքային գլխաքանակն անհրաժեշտ է ընդամենն իր պատկերացրած ամենակարող «դրսին» դրանք ցույց տալու և նրանց  աջակցությունը ստանալու համար…

…Տեր–Պետրոսյանը համոզված է, որ Սերժ Սարգսյանն ունի դրսի ուժերի անվերապահ աջակցությունը, քանի որ խոստացել է արագ լուծել Ղարաբաղի ու հայ–թուրքական հարցը։ Ըստ այդմ՝ ՀԱԿ առաջնորդն իր ելույթներում պարբերաբար «մեսիջներ» է ուղարկում «դրսին», թե ինքը պատրաստ է ավելի «ֆուտբոլասեր» դառնալ, քան ՀՀԿ «ճկուն» ղեկավարը, ու այդ կոդով պարբերաբար քննադատում է վերջինիս…»

Եվ վերջապես թևանյանական «վերլուծության» կուլմինացիան. այստեղ մեկնաբանություններն առավել քան ավելորդ են.

«Քաղաքական դաշտում իր տեղն ունենալու տերպետրոսյանական պահեստային տարբերակն էլ այն է, որ ինքը Սերժ Սարգսյանին կարող է ներիշխանական պայքարում պետք գալ և ստանձնել վերջինիս իշխանության պահպանման գործիքի դերը։ Գործիք, որը ՀՀ օրվա նախագահը կարող է օգտագործել «յուրայինների» դեմ։ Այժմ մենք այս տարբերակի կյանքի կոչման  ականատեսն ենք, որի շրջանակներում Տեր–Պետրոսյանի խնդիրը հեղափոխական կրքերը մարելն ու իշխանության չբարձրաձայնվող ցանկությունները Մատենադարանի հարթակից հնչեցնելն է, այն է՝ գեղամյանություն անելը…»

Հ.Գ.1 Հոդվածում առկա մեջբերումները մեկնաբանելն ավելորդ է, քանի որ այսօր այս մարդիկ միևնույն հարթակում են և միմյանց հանդեպ ունեցած ընկալումների տարբերությունն արդեն վաղուց դուրս է երրորդ կողմի քննարկումների տիրույթից: Այստեղ խնդիրն այն է, որ այսօր միմյանց հետ նույն հարթակում են կանգնած մարդիկ, ովքեր ժամանակին, միմյանց մասին արտահայտվելիս, անցել են բոլոր «կարմիր» գծերը և ի լուր աշխարհի միմյանց հայհոյել և անվանարկել են: Եվ այս տեսակի մարդկանց հավաքածուն փորձում է ժողովրդին համոզել, որ նրանց փրկության միակ հույսը հենց իրենք են: Այսքանից հետո մնում է լուռ հետևել քաղաքական դաշտում գործող անձանց, ովքեր համառորեն փորձում են բոլորին ապացուցել «քաղաքականությունն անբարոյականություն է» սկզբունքի արդիականությունը:

Հ.Գ. 2 Անդրանիկթևանյան կերպարի իրական բնորոշումն առավել քան պարզ է ՀՀ գիտակից քաղաքացիներին: Անձամբ ես դեռևս 2011 թվականից ամբողջությամբ արդարացված եմ համարում ժողովրդի կողմից նրան շնորհված «ռետինե» մականունը և, ի տարբերություն այլոց, մոտեցումս այս անհատի նկատմամբ ԱՆՇՐՋԵԼԻ է և սակարկման ենթակա չէ: Այդ մականունը նաև հիմնավորվում է թևանյանական մտքի աներևակայելի տրանսֆորմացիայով, որին ամբողջությամբ կարող եք ականատես լինել նյութում առկա ֆոտոշարքի միջոցով:

Նարեկ Սամսոնյան

001

002

003

004

005

006