1991թ. սեպտեմբերի 2. ԼՂՀ անկախության հռչակում և պետականության ձևավորում

14182665_1082430478472892_460052491_n

1991թ. օգոստոսի 30-ին Ադրբեջանը հայտարարեց իր անկախության մասին։ Մի քանի օր անց՝ սեպտեմբերի 2-ին, Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, ուր ընդունվեց «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին»։

Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հանրաքվե, որը հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այդ օրը ԼՂՀ բնակչության 80%-ը մասնակցեց հանրաքվեին, որոնց 99%-ից ավելին քվեարկեց անկախության օգտին։

1991թ. դեկտեմբերին տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորների ընտրություն։ Ձևավորվեց հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմինը՝ Գերագույն խորհուրդը։ Իսկ 1992թ. հունվարին տեղի ունեցավ հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանը, որն ընդունեց ԼՂՀ-ի անկախության հռչակագիրը։ Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց Արթուր Մկրտչյանը։ Ստեղծվեց ԼՂՀ նախարարների խորհուրդ, որի վարչապետ նշանակվեց Օլեգ Եսայանը։ Շուտով հանրապետությունն ունեցավ իր պետական դրոշը, զինանշանն ու օրհներգը։ ԼՂՀ դրոշը եռագույն է՝ կարմիր, կապույտ, նարնջագույն, սպիտակ գույնի հնգատամ սանդղանման զարդանախշով։

Լեռնային Ղարաբաղի անկախացմանն ուղղված գործողությունները սկսվել են 1988թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները կազմակերպեցին հայ բնակչության կոտորածներ ու էթնիկ զտումներ Ադրբեջանի ողջ տարածքում, մասնավորապես` Սումգայիթում, Բաքվում և Կիրովաբադում:

1991թ. դեկտեմբերի 10-ին, ԼՂ-ի բնակչությունը հանրաքվեով ամրագրեց անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը, որը լիովին համապատասխանում է ինչպես միջազգային իրավունքի նորմերին, այնպես էլ այն ժամանակվա ԽՍՀՄ օրենքների տառին և ոգուն: Այսպիսով, նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքում ձևավորվեցին երկու իրավահավասար պետական կազմավորումներ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը:

Լեռնային Ղարաբաղում և հարակից հայաբնակ տարածքներում ադրբեջանական իշխանությունների վարած էթնիկ զտումների քաղաքականությունը վերաճեց Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից բացահայտ ագրեսիայի և լայնածավալ ռազմական գործողությունների, ինչը հանգեցրեց տասնյակ հազարավոր զոհերի և զգալի նյութական կորուստների:

Պատերազմի արդյունքում Ադրբեջանը զավթեց Լեռնային Ղարաբաղի Շահումյանի շրջանն ամբողջությամբ և Մարտունի ու Մարտակերտի շրջանների արևելյան հատվածները: Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի վերահսկողության տակ անցան հարակից շրջաններ, որոնք անվտանգության բուֆերի դեր կատարեցին` արգելափակելով ադրբեջանական կողմից ԼՂ բնակավայրերի հետագա հրետակոծումը:

«Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ-ն շնորհավորում է Արցախի ժողովրդին անկախության ձեռքբերման, պահպանման կապակցությամբ:

Աղբյուրները՝ այստեղ և այստեղ