ՀՀ ընտրական օրենսգրքի կարգավորումները և բացերը՝ դիտորդական առաքելության շրջանակներում

cybersecurity-elections-777x437

2016 թվականի մայիսի 25-ին ընդունվեց և նույն թվականի հունիսի 1-ին ուժի մեջ մտավ ՀՀ նոր ընտրական օրենսգիրքը: Նոր ընտրական օրենսգրքով նախատեսվեցին մի շարք փոփոխություններ, այդ թվում՝ դիտորդական առաքելություն իրականացնելու կարգի, պայմանների և դիտորդների իրավունքների, պարտականությունների և գործունեության երաշխիքների վերաբերյալ:

Կատարված փոփոխությունները դիտորդական առաքելություն իրականացնելու շրջանակներում իրենց հետ բերեցին ինչպես դրական, այնպես էլ բացասական հետևանքներ, որոնց կանդրադառնանք սույն հոդվածի շրջանակներում:

Համաձայն գործող ընտրական օրենսգրքի 30-րդ հոդվածի՝ ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելության իրավունք ունեն`

1) միջազգային կազմակերպությունները և օտարերկրյա այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական նպատակները ներառում են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր: Վերջիններս դիտորդական առաքելություն կարող են իրականացնել հրավերի առկայության դեպքում, իսկ հրավեր ուղարկելու իրավունք ունի Հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը, վարչապետը և Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Այս կազմակերպությունների դիտորդական առաքելությունների կազմում որպես դիտորդ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ընդգրկվել չեն կարող:

2) Հայաստանի Հանրապետության այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական նպատակներն ընտրությունները նշանակելու օրվան նախորդող նվազագույնը մեկ տարի ներառում են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր, և որոնք չեն աջակցում թեկնածուներին կամ ընտրություններին մասնակցող կուսակցություններին:

2011 թվականի մայիսի 26-ին ընդունված և նույն թվականի ապրիլի 26-ին ուժի մեջ մտած ՀՀ ընտրական օրենսգիրքը ևս նախատեսում էր վերոգրյալ կանոնադրական պահանջը, սակայն, ի տարբերություն գործող ընտրական օրենսգրքի, այդ կանոնադրական նպատակներին համապատասխան գործունեության ժամանակահատվածի որևէ սահմանափակում չկար: Այսինքն, գործող ընտրական օրենսգրքում ժամանակային սահմանափակում դնելով փորձ է կատարվել իրավունք տալ դիտորդական առաքելություն իրականացնել այն հասարակական կազմակերպություններին, որոնք ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցերում ունեն որոշակի փորձ: Դիտորդական առաքելությունն ուղղված է ընտրական գործընթացների նկատմամբ վերահսկողության իրականացմանը և անկողմնակալ գնահատականներ տալուն, այդպիսով նաև ժողովրդավարական պետությունում ընտրական գործընթացները թափանցիկ, հրապարակային դարձնելուն և ընտրությունների միջոցով ժողովրդի կամքը վերհանելու գործընթացում օբյեկտիվ եզրահանգումներ կատարելուն: Սրանով է պայմանավորված նաև, որ գործող օրենսգիրքը նախատեսում է, որ նշված կազմակերպությունների դիտորդական առաքելությունների` ընտրությունների վերաբերյալ ներկայացված զեկույցները տեղադրվում են հանձնաժողովի համացանցային կայքում, որը հասանելի է յուրաքանչյուրի համար:

Գործող ընտրական օրենսգրքի 31-րդ հոդվածը նախատեսում է դիտորդների հավատարմագրման և վկայականների տրամադրման կարգը, որի համաձայն՝ միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա հասարակական կազմակերպությունների և ՀՀ հասարակական կազմակերպությունների դիտորդներն իրենց առաքելությունն իրականացնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվելուց հետո: Հավատարմագրվելու կամ հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ (լրացումներ) կատարելու համար դիմումները Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում ընտրությունները նշանակելու օրվանից հետո, բայց քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 15 օր առաջ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 9-ի թիվ 119-Ն որոշման համաձայն՝ հասարակական կազմակերպությունն իր կողմից ներկայացրած ցուցակում ընդգրկում է դիտորդների վերաբերյալ հետևյալ տեղեկութունները՝

  • դիտորդի անունը, ազգանունը, հայրանունը,
  • հեռախոսահամարը, կապի այլ միջոցներ:

Հավատարմագրվելու դիմումը պետք է նշում պարունակի կազմակերպության դիտորդների վարքագծի կանոնների ընդունման և ուսուցման մասին: Մերժման հիմքների բացակայության դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հավատարմագրում է համապատասխան կազմակերպության դիտորդներին և դիտորդներին տրամադրվող վկայականները այդ կազմակերպությանն է հանձնում դիմումը ստանալուց հետո 12 օրվա ընթացքում:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերոգրյալ որոշման համաձայն՝ կազմակերպությանը տրվում է ներկայացված ցուցակում ընդգրկված դիտորդների թվին համապատասխան քանակով վկայականներ, որոնցում լրացվում է այդ կազմակերպության անվանումը: Դիտորդի վկայականում համապատասխան դիտորդի անունը, ազգանունը, հայրանունը լրացվում է այդ կազմակերպության կողմից: Դիտորդների ցուցակները հրապարակվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում:

Խնդիրն այն է, որ թե՛ նոր ընտրական օրենսգիրքը, թե՛ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը նախատեսում են միայն թե որ կազմակերպությունները կարող են իրականացնել դիտորդական առաքելություն, բայց բաց է մնում այն հարցը, թե ո՞վ կարող է ընդգրկվել հասարակական կազմակերպության կողմից ներկայացված ցուցակում որպես դիտորդ: Սահմանված չեն այն նվազագույն չափորոշիչները, որոնց առկայության դեպքում միայն անձը կկարողանար ընդգրկվել հասարակական կազմակերպության կողմից ներկայացվող ցուցակում:

2016 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված և 2017 թվականի փետրվարի 4-ին ուժի մեջ մտած «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ հասարակական կազմակերպության անդամներն են կազմակերպության պետական գրանցումից հետո կազմակերպությանն անդամագրված անձինք: Անձը կարող է այդ կազմակերպության անդամ դառնալ իր դիմումի հիման վրա՝ սույն հոդվածով և կազմակերպության կանոնադրությամբ սահմանված դեպքերում և կարգով: Մինչև տասնչորս տարեկան անձը կազմակերպության անդամ կարող է դառնալ իր ցանկությամբ` օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա: Տասնչորսից մինչև տասնութ տարեկան անձը, եթե օրենքով սահմանված կարգով լրիվ գործունակ չի ճանաչված, կազմակերպության անդամ կարող է դառնալ իր դիմումի հիման վրա` օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնությամբ:

Սույն հոդվածի վերլուծությունից հետևում է, որ հասարակական կազմակերպության անդամ դառնալու համար (եթե տվյալ կազմակերպության կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ) չկա որևէ սահմանափակում: Հասարակական կազմակերպության անդամ կարող են լինել ինչպես ՀՀ քաղաքացիները, այնպես էլ օտարերկրացիները և քաղաքացիություն չունեցող անձինք: Անդամ կարող են դառնալ նաև ինչպես չափահաս (18 տարին լրացած), այնպես էլ մինչև 18 տարեկան անձինք:

Եթե նոր ընտրական օրենսգրքում դիտորդին ներկայացվող պահանջների բացակայությունը փորձենք գտնել «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում, ապա կարող ենք եզրակացնել, որ դիտորդ կարող են լինել ինչպես ՀՀ քաղաքացիները, այնպես էլ օտարերկրացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, ինչպես չափահաս, այնպես էլ մինչև 18 (այդ թվում` մինչև 14) տարեկան անձինք:

Հաշվի առնելով ընտրական գործընթացներում դիտորդական առաքելության կարևորությունը՝ անհրաժեշտ է նշել, որ դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունք պետք է վերապահել բացառապես ընտրական գործընթացների նկատմամբ հետաքրքրություն և շահագրգռվածություն ունեցող անձանց, այլ կերպ ասած՝ ընտրությունների ուղղակի շահառուներին, որոնք սույն պարագայում ընտրական իրավունք ունեցող քաղաքացիներն են:

Այսինքն՝ գործող ընտրական օրենսգիրքը պետք է նախատեսի, որ ներպետական հասարակական կազմակերպությունները հավատարմագրելու համար ներկայացված ցուցակում Ազգային ժողովի ընտրությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ կարող են ընդգրկել միայն համապատասխանաբար ԱԺ և ՏԻՄ ընտրություններում ընտրական իրավունք ունեցող քաղաքացիներին:

Կարող ենք նշել նաև, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անհաժեշտություն ունի մշակելու դիտորդների հավատարմագրման, անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկությունների, վկայականների տրամադրման և դրանց լրացման առավել համապարփակ և մանրամասն կարգ, որը կնպաստի հնարավոր կեղծարարություններից խուսափելուն: Մասնավորապես՝

1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված ցուցակներում ընդգրկված անձանց հավատարմագրելուց առաջ պետք է ստուգի արդյոք իրականում գոյություն ունե՞ն ցուցակում ընդգրկված անուն, ազգանունով անձինք,

2. միևնույն անձը պետք է միայն մեկ կազմակերպության ցուցակում ընդգրկված դիտորդ լինի,

3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է դիտորդական վկայականների վրա անձամբ լրացնի հասարակական կազմակերպության ցուցակում ընդգրկված դիտորդների անուն, ազգանունները դիտորդներին տրամադրելուց առաջ (հակառակ դեպքում՝ վկայականի վրա կարող է գրվել անձի անուն, ազգանուն, ով ընդգրկված չէ հասարակական կազմակերպության կողմից ներկայացված ցուցակում: Գործնականում դա չի էլ ստուգվում և հավատարմագրման գործընթացը դառնում է անիմաստ):

Գործող ընտրական օրենսգրքով նախատեսվել է հավատարմագրման ավելի սեղմ ժամկետ, քան նախորդ ընտրական օրենսգրքով, որը նախատեսում էր, որ դիմումները պետք է Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվեին ընտրությունները նշանակելու օրվանից հետո, բայց քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ: Իսկ դիտորդների վկայականները տրամադրվում էին 7-օրյա ժամկետում:

Բացի այդ, գործող ընտրական օրենսգիրքը նախատեսում է, որ ներպետական հասարակական կազմակերպություններն իրենց դիտորդների համար կազմակերպում և անցկացնում են ընտրական օրենսդրության ու կազմակերպության դիտորդների վարքագծի կանոնների ուսուցում: Մինչդեռ նախորդ ընտրական օրենսգրքի համաձայն՝ ներպետական հասարակական կազմակերպությունների դիտորդները ընտրական հանձնաժողովների նիստերին, իսկ քվեարկության ընթացքում նաև քվեարկության սենյակում կարող էին ներկա լինել, եթե ունեին ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու որակավորման վկայական կամ ստուգարքի արդյունքով ստացել էին դիտորդական առաքելություն իրականացնելու վկայական: Դասընթացները կազմակերպվում էին Երևան քաղաքում և մարզերում (մարզերում` ըստ ընտրատարածքների) տարին առնվազն մեկ անգամ` քաղաքացիների դիմումների և հասարակական կազմակերպությունների ներկայացրած ցուցակների հիման վրա: Որակավորման վկայականները տրվում էին ստուգարքի հիման վրա: Ստուգարքին կարող էր մասնակցել յուրաքանչյուր ոք, անկախ դասընթացին մասնակցելուց: Ստուգարքն անցկացվում էր համակարգչային կամ թեստային ստանդարտ եղանակով: Դասընթացների, ստուգարքի ընթացքին կարող էին հետևել զանգվածային լրատվության միջոցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

2017 թվականի ապրիլի 2-ի Ազգային ժողովի, ինչպես նաև մայիսի 14-ի Երևանի ավագանու ընտրություններն առաջին անգամ անցակցվեցին հասարակական կազմակերպությունների կողմից ընտրական օրենսգրքի և վարքագծի կանոնների ուսուցում անցած դիտորդների կողմից, որոնք, ինչպես փորձը ցույց տվեց, ընտրական օրենսդրության վերաբերյալ գիտելիքներով չէին զիջում նախկինում ստուգարքի հիման վրա որակավորված դիտորդների ունեցած գիտելիքներին: Այսպիսով, կարելի է փաստել, որ ստուգարքի հիման վրա դիտորդներին որակավորելը ֆորմալություն էր, որը իրավացիորեն հանվել է նոր ընտրական օրենսգրքից:

Նոր ընտրական օրենսգիրքը նախատեսում է նաև այն հիմքերը, որոնց առկայության դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժում է դիտորդների հավատարմագրման դիմումը: Այդ հիմքերն են՝

  • եթե կազմակերպության կանոնադրական նպատակները չեն բավարարում սույն օրենսգրքի պահանջները,
  • եթե դիմումը ներկայացվել է սահմանված ժամկետների խախտմամբ,
  • եթե ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում հավատարմագրման համար անհրաժեշտ փաստաթղթերին և տեղեկությունների ցանկին, հավատարմագրման համար ներկայացվող փաստաթղթերի էլեկտրոնային ձևերին և ներկայացման կարգին վերաբերող Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման պահանջներին,
  • եթե դիմումը չի պարունակում նշում կազմակերպության դիտորդների վարքագծի կանոնների ընդունման կամ ուսուցման մասին:

Գործող ընտրական օրենսգիրքը իրավացիորեն սահմանափակում է նախատեսում դիտորդական առաքելության անաչառությունը, անկողմնակալությունն ու արդյունավետությունն ապահովելու համար: Դիտորդի կողմից որևէ թեկնածուի, ընտրություններին մասնակցող որևէ կուսակցության աջակցելու, ինչպես նաև ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներն այն եղանակով խախտելու դեպքում, որն էապես խաթարում է ընտրական հանձնաժողովի բնականոն աշխատանքը կամ քվեարկության բնականոն ընթացքը, ընտրական հանձնաժողովի նախագահը կարող է դիտորդին հեռացնել հանձնաժողովի նիստից, իսկ քվեարկության օրը՝ տեղամասային կենտրոնից՝ ընտրական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով ընդունված որոշմամբ:

Դիտորդն իր իրավունքներն իրականացնելիս պարտավոր է լինել անկողմնակալ, չեզոք, հրապարակայնորեն որևէ կանխակալ դիրքորոշում չարտահայտել կամ նախապատվելի վերաբերմունք չդրսևորել իշխանության կամ ընդդիմության, թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների հետ կապված որևէ հարցի նկատմամբ:

Նախորդ ընտրական օրենսգիրքն ավելի խիստ էր այս առումով և նախատեսում էր, որ դիտորդի կողմից որևէ թեկնածուի, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցության, կուսակցությունների դաշինքի աջակցելու դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրավունք ուներ համապատասխան կազմակերպությանը զրկելու դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունքից:

Գործող իրավակարգավորումների պայմաններում որևէ կազմակերպության դիտորդի կողմից կողմնակալության դրսևորման դեպքում արդեն իսկ հավատարմագրած հասարակական կազմակարեպությանը դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունքից զրկելու հնարավորություն չկա, այդ հնարավորությունը սահմանափակվում է դիտորդին հանձնաժողովի նիստից կամ տեղամասային կենտրոնից հեռացնելով:

Ինչ վերաբերում է դիտորդների իրավունքներին, պարտականություններին և գործունեության երաշխիքներին, ապա անհրաժեշտ է նշել, որ գործող ընտրական օրենսգրքում դրանք ավելի ընդգրկուն և լայն են՝ համեմատած նախորդ ընտրական օրենսգրքի: Դիտորդի՝ օրենսգրքով սահմանված իրավունքների որևէ սահմանափակում չի թույլատրվում: Ոչ ոք, այդ թվում` ընտրական հանձնաժողովը, իրավունք չունի դիտորդին դուրս հանելու տեղամասային կենտրոնից կամ որևէ այլ կերպ նրանց մեկուսացնելու հանձնաժողովի աշխատանքներին ներկա գտնվելուց, բացառությամբ դիտորդի կողմից որևէ թեկնածուի, ընտրություններին մասնակցող որևէ կուսակցության աջակցելու, ինչպես նաև ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներն այլ եղանակով խախտելու դեպքերի, ինչպես նաև եթե քվեարկության սենյակում գտնվող դիտորդների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների թիվն այնքան է, որ ակնհայտորեն խաթարում է քվեարկության բնականոն ընթացքը:

2011 և 2016 թվականների ընտրական օրենսգրքերի համեմատական վերլուծության արդյունքում հանգում ենք այն եզրակացության, որ վերագնահատվել է դիտորդական առաքելության և դիտորդի դերը որպես ընտրական գործընթացների նկատմամբ վերահսկողության իրականացնող, անկողմնակալ գնահատականներ տվող, այդպիսով նաև՝ ժողովրդավարական պետությունում ընտրական գործընթացների թափանցիկությունն ու հրապարակայնությունն ապահովող և ընտրությունների միջոցով ժողովրդի կամքը վերհանելու գործընթացում օբյեկտիվ եզրահանգումներ կատարող ինստիտուտ: Այս կարևորագույն առաքելությունն առավելագույնս արդյունավետ կերպով իրականացնելու համար անհրաժեշտ օրենսդրական մեխանիզմների մշակումը, գործնական կիրառելիության ապահովումը և բարելավումը պետք է կրի պարբերական բնույթ, քանի որ այն բխում է մեր պետության և ՀՀ քաղաքացիների շահերից:

Աստղիկ Մաթևոսյան