Անկախ պետականություն, Վոլինկին, Hetq.am, 5-րդ շարասյուն. Մաս 1

33d49abc241597b98f501a61b164d376

Մեր երկրում գործող ռուսական 5-րդ շարասյան առկայությունն արդեն վաղուց ոչ ոքի չի զարմացնում, իսկ վերջին տարիներին տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին գնալով հանրային ընկալումներում ավելի է արմատավորվում հակառուսական, իսկ մեր պարագայում՝ պետականամետ տրամադրությունները:

Պարզից էլ պարզ է, որ վերոգրյալ տրամադրությունների ավելացման հետ ավելանում են նաև ռուսական 5-րդ շարասյան գործերը, որոնք ուղղակիորեն ղեկավարվում են ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի կողմից: Ռուսական հատուկ ծառայությունների կողմից հետխորհրդային երկրներում վարվող քաղաքականության մասին բազմիցս է խոսվել, և քաղաքական անցուդարձից մակերեսային տեղեկություններ ունեցող ցանկացած քաղաքացի կարող է ինքնուրույն մատնանշել դրա առանձնահատկությունները: Այս հոդվածի շրջանակներում կփորձեմ հնարավորինս մանրամասն անդրադառնալ դրանց դրսևորումներին տարբեր երկրներում և, հատկապես, մեր երկրում:

Մեր կազմակերպության պաշտոնական կայքի միջոցով մինչ այս պարբերաբար անդրադարձել ենք և այսուհետ ևս անդրադառնալու ենք մեր երկրի վերջին հարյուրամյակների պատմությանը: Մեր կողմից հրապարակված բոլոր պատմական հոդվածներում մենք կարևորել և կարևորում ենք անկախ պետականության գաղափարը և տրամաբանորեն ընդգծված հակակրանք ունենք մեր պետականության նկատմամբ ոտնձգություն կատարած արտաքին սուբյեկտների նկատմամբ: Վերոգրյալ համատեքստում բավականին մանրամասն անդրադարձել ենք ռուսական կայսրության կողմից նախորդ դարասկզբին մեր պետականության դեմ գործած հանցագործություններին, հետագայում արդեն ԽՍՀՄ օկուպացիայի տարիներին մեր և այլ երկրների նկատմամբ ԽՍՀՄ կարմիր տեռորին և այսքանով բարկացրել ենք մեր երկրում գործող ռուսական հատուկ ծառայությունների կողմից կառավարվող սուբյեկտներին և անհատներին: Սովորաբար, ցանակացած պետություն իր պատմությունն իմաստավորելու արդյունքում է միայն կարողանում ապագայում զերծ մնալ նմանատիպ սխալներից: Պատմությանը հայտնի են նմանատիպ նախադեպեր, երբ, օրինակ, նացիստական Գերմանիան ընդունեց հրեաների նկատմամբ իրականացրած Հոլոքոստը, դատապարտեց Երրորդ Ռեյխի ընթացքում իրենց բարձրագույն ղեկավարության կողմից վարվող ծավալապաշտական քաղաքականությունը և վերջնականորեն փակեց իր պատմության ամենասև էջերից մեկն ու բռնեց զարգացման ուղին: Նույն կերպ Երրորդ Ռեյխի և հետագայում արդեն ԽՍՀՄ-ի կողմից տարատեսակ արյունալի հանցագործություններից տուժած ազգերն ու պետությունները վարվեցին իրենց պատմության հետ: Մասնավորապես, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրները հստակ պետական քաղաքականություն դարձրին անցյալի դատապարտումն ու իրենց ապագա սերունդների կրթության հիմքում դրեցին պետականամետությունն ու ինքնիշխանության կարևորությունը: Իմ խորին համոզմամբ, հենց այս ամենի արդյունքում է, որ Երկրորդ համաշխարհայինից ամբողջությամբ ավերված Եվրոպան կարողացավ կարճ ժամանակահատվածում կրկին վերածվել արևմտյան քաղաքակրթության կենտրոնի:

Մեր երկրի և, հատկապես, ներկայիս ՌԴ-ի պարագայում ամեն ինչ ցավալիորեն այլ է: 2000-ականներից սկսած ՌԴ-ում իշխանության գլուխ եկած նախկին КГБ-ական ռեժիմը ոչ միայն չփորձեց վերանայել իր կողմից նախկինում կատարած հանցագործությունները, այլ երկրի առաջին դեմքի շուրթերով հայտարարեց, որ «20-րդ դարի մեծագույն աղետներից էր ԽՍՀՄ փլուզումը» և պետական քաղաքականություն դարձրեց նեոկայսերականությունը: Ներկայումս ՌԴ-ի կողմից հետխորհրդային տարածքում վարվող քաղաքականությունը հենց վերոգրյալ մտքի առկայության հետևանքն է: Քաղաքական հնազանդություն չստանալով հարևան երկրների կողմից՝ ՌԴ-ն օկուպացրեց Վրաստանի հանրապետության տարածքները, նույն կերպ վարվեց Ուկրաինայի տարածքային ամբողջականության հետ և աննեքսիայի ենթարկեց Ղրիմը և այսպես շարունակ: Եվ երբ մենք փորձում ենք պատմական հոդվածների և վերլուծությունների միջոցով մեր հանրությանն ու, առաջին հերթին, անկախության սերնդին հիշեցնել պատմության վերաիմաստավորման մասին այդպիսով միանգամից հարվածում ենք ռուսական քաղաքական դոկտրինի շահերին:

Բնականաբար, մենք լավ գիտակցում ենք, որ ռուսական 5-րդ շարասյան ներկայացուցիչներն ուշադիր հետևում են երկրում ընթացող զարգացումներին և լավ գիտակցում են, որ մեր երկրի շուրջ վերջին տարիներին տեղի ունեցած բացասական և արյունալի իրադարձությունների (2015 թվականին Պերմյակով, 2011-ից սկսած ռուս-ադրբեջանական դաշինք, որն իր լայն դրսևորումը ստացավ քառօրյա պատերազմի օրերին) հիմնական պատճառներից մեկը հենց ռուսական քաղաքականությունն է մեր նկատմամբ և դրան մեր կողմից համարժեք պատասխան չտալը: Մինչ այս ռուսական հատուկ ծառայությունների կողմից մեր և պետականության և ինքնիշխանության կարևորությանն անդրադարձող մյուս կառույցների և անհատների փաստարկներին որպես հակափաստարկ էին ներկայացնում դարեդար ծեծված և որևէ քննադատության չդիմացող «առանց ռուսի մենք ոչինչ ենք» ոճի զառանցանքներ: Եվ նմանատիպ էժանագին հնարքներով փորձում էին հիմնավորել մեր մուտքը ԵԱՏՄ, Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքը, պերմյակովների և վոլինկինների նկատմամբ հանդուրժողական կեցվածք դրսևորելու կարևորությունը և այլն: Սակայն վերջերս արդեն լավ գիտակցելով, որ հանրային ընկալումներն այլևս նույնը չեն, ռուսական թևի ներկայացուցիչները փոխել են մարտավարությունը և տարատեսակ սովետական պատմաբանների կողմից խմբագրված հոդվածներ են ներկայացնում, իբր մեր երկրում ռուսաֆոբիայի տարածման և դրա վտանգավորության աստիճանի մասին: Hetq.am կայքում տպագրված նմանատիպ հոդվածաշարում, մասնավորապես, հոդվածագիրը պնդում է, որ պատմության ընթացքում ռուսական կայսրության կողմից մեր նկատմամբ տեղի ունեցած բոլոր հանցագործություններն ու հակահայկական պայմանագրերը կնքվել են աշխարհաքաղաքական շահերի բախման և դրանց՝ հայերի ոչ ադեկվատ պատասխանի արդյունքում, իսկ ռուսները որևէ հակահայկականություն չեն դրսևորել: Հոդվածագրի ազնվությունն  ու անկեղծությունը կասկածի տակ չառնելով՝ ուզում եմ պարզապես ընդգծել, որ նմանատիպ մոտեցումը պատմական իրադարձությունների նկատմամբ կամ մանկական միամտության, կամ հստակ ուղղորդվող ռուսական փափուկ ուժի դրսևորում է ընդդեմ Հայաստանի Հանրապետության:

Վերոգրյալ պնդումները պարզ տրամաբանության վրա են կառուցված, այսինքն, եթե քեմալաբոլշևիկյան մերձեցումը բխում էր այն ժամանակվա ռուսական իշխանությունների շահերից, ապա դա չի նշանակում, որ այն չուներ հակահայկական բնույթ: Նույն ձևով կարելի է մեկնաբանել երիտթուքերի կողմից իրականացված ցեղասպանությունը և պնդել, որ այն մարդիկ, ովքեր դա համարում են հակահայկական դրսևորում կամ հանցագործություն մարդկության դեմ, ապա նրանք չեն գիտակցում, որ դրանով խթանում են նոր ցեղասպանություն: Մոտավորապես նույն պնդումներն է անում հոդվածագիրն իր հոդվածաշարում և հստակ ընդգծում է, որ ներկայումս ռուսների կողմից ընդդեմ հայ ժողովրդի և հայոց պետականության իրականացրած հանցագործությունների մասին բարձրաձայնողները կարող են պատճառ դառնալ հերթական հակահայկական դավադրության: Բնականաբար, մեր նկատմամբ տեղի ունեցած ռուսական հանցագործությունների անմիջական պատասխանատուներից են նաև բոլոր ժամանակների մեր իշխանավորները, բայց ոչ այն պատճառով, որ միանգամից չեն հանձնվել կամ ամբողջությամբ հաշվի չեն նստել ռուսական շահերի հետ, այլ այն պատճառով, որ մինչև վերջ չեն պայքարել հանուն պետականության և ինքնիշխանության: Մեղավոր են այդ իշխանավորները նրանում, որ դեռևս կարծում են, որ Միկոյանը հերոս է եղել, որ կանգնեցնում են արնախում Բաբաջանյանի արձանը, նաև մեղավոր են նրանում, որ ներկայումս հլու հնազանդ կատարում են Մոսկվայից իջեցված հրահանգները և նմանատիպ մանիպուլյացիոն հոդվածաշարերի առկայությունը պետկանության դեմ սպառնալիք չեն որակում:

Այս ամենին չէինք անդրադառնա, եթե, մեղմ ասած, չկասկածեինք, որ այն իրենից հերթական վոլինկինյան հրահանգն է ենթադրում, իսկ հաշվի առնելով ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի դիվանագիտական անցյալն ու ներկան՝ այդ կասկածներն առավել քան հիմնավոր են դառնում: Ինչպես արդեն վերը նշեցինք՝ ներկայումս ՌԴ-ն ընդգծված ծավալապաշտական քաղաքականություն է իրականացնում հետխորհրդային տարածքում և այն, որ ՀՀ-ն համարվում է ռուսական ազդեցության գոտի որևէ մեկի համար զարմանալի չէ, սակայն, լինելով ընդգծված պրոռուսական երկիր, 2013 թվականին մեր երկիր գործուղվեց վերջին տարիներին աղմկահարույց իրադարձությունների կենտրոնում հայտնված ռուս դիվանագետ Իվան Վոլինկինը, որի գործունեության մութ կողմերին կանդրադառնանք հոդվածի երկրորդ՝ ամփոփիչ մասում և ընթերցողի հայեցողությանը կթողնենք վերջին տարիներին ՀՀ-ում ակտիվ գործող պրոռուսական սուբյեկտների և անհատների, ինչպես նաև վերոնշյալ պրոռուսական հոդվածի  արմատների և հետքերի մասին ենթադրությունները:

Նարեկ Սամսոնյան