Նոյեմբերի 17-ը՝ Ուսանողների միջազգային օր

vrgweg

Նոյեմբերի 17-ին ողջ աշխարհը նշում է ուսանողների միջազգային օրը, սակայն շատ քչերը գիտեն, թե որտեղից և ինչպես է սկիզբ առել ուսանողների համերաշխության օրը: 1938-39 թթ. Հիտլերն անարգել աննեքսիայի ենթարկեց Չեխոսլովակիայի որոշ տարածքներ, այնուհետև ամբողջ երկիրը: Ի տարբերություն Լեհաստանի՝ այդ երկրի օկուպացիան տեղի ունեցավ առանց գեթ մեկ կրակոցի: Հետագայում, սակայն, չեխերը լրջագույն ընդզվումներ կազմակերպեցին ընդդեմ նացիստական օկուպանտների: Մասնավորապես հիշարժան են 1939թ. աշնանը տեղի ունեցած դեպքերը:

1939 թվականի հոկտեմբերին Չեխոսլովակիայի բնակչությունը դուրս է գալիս փողոց, և Պրահան ականատես է դառնում նացիստական օկուպացիայից ի վեր հակահիտլերյան ամենազանգվածային ցույցերին: Դեռևս նույն ամսվա սկզբից կազմակերպիչները ողջ քաղաքով մեկ թռուցիկներ էին բաժանում՝ մարդկանց կոչ անելով փողոց դուրս գալ: Ուսանողները ևս քննարկում էին ցույցերին մասնակցելու հարցը: Դեռ այն ժամանակ էլ ենթադրվում էր, որ նացիստները հարմար առիթի էին սպասում ուսանողության դեմ բռնաճնշումներ սկսելու համար: Այնուամենայնիվ, ուսանողները որոշում են բոլորի հետ միասին դուրս գալ փողոց և մասնակցել ցույցերին:

Գլխավոր ցույցը սկսվում է Վացլավյան հրապարակում՝ հոկտեմբերի 28-ի վաղ առավոտից, սակայն մի քանի քաղաքներում ևս բնակչությունը խաղաղ ակցիաներ էր անցկացնում: Քաղաքը լի էր Չեխոսլովակիայի դրոշներով: Մասնակիցները տարածում էին հականացիստական լոզունգներ, երգում պետական օրհներգն ու ազգային-հայրենասիրական երգեր: Պատմականորեն, այդ օրը երկրի անկախության տոնն էր: Ցույցն անակնկալի է բերում Հիտլերին, քանի որ վերջինս չէր սպասում, որ Լեհաստանի դեմ տարած հաղթանակից հետո չեխերի բողոքի ակցիաները նման մասշտաբների կհասնեն: Զայրացած Ֆյուրերն անձամբ զանգահարում է Պրահա և հրամայում ցրել ցույցը:

Երեկոյան 18:30-ի մոտ գերմանական ոստիկանությունն անցնում է կտրուկ գործողությունների: Անսպասելի կրակոցներ են հնչում, որոնցից մեկի զոհը դառնում է երիտասարդ բանվոր Վացլավ Սեդլաչեկը: Մեկ այլ փամփուշտ էլ նախատեսված էր Կառլովի համալսարանի բժշկական ֆակուլտետի ուսանող Յան Օպլետալի համար, ով ցույցի ակտիվիստ ուսանողներից էր: Վիրավորին տեղափոխում են հիվանդանոց և անմիջապես վիրահատում: Վիրահատությունը հաջող է անցնում, սակայն իմանալով, որ իր առողջությամբ մշտապես հետաքրքրվում է Գեստապոն, Յանը հրաժարվում է ջուր և սնունդ ընդունել՝ մտածելով, որ կարող են թունավորել: Սա, իհարկե, չի նպաստում նրա վիճակի բարելավմանն ու արդյունքում նոյեմբերի 11-ին Յանը մահանում է՝ այդպես էլ չվայելելով բժշկական գիտությունների դոկտորի կոչումը, որը նրան շնորհվում է հետմահու:

jan_opletal-gif

Յան Օպլետալին թաղում են նոյեմբերի 15-ին: Իմանալով, որ գերմանացիները որոշել են դին ուղարկել հանգուցյալի հայրենի գյուղ՝ ուսանողական կազմակերպությունները պահանջում են, որ թաղման թափորը շրջի քաղաքում: Չնայած ի սկզբանե կտրականապես դեմ լինելուն՝ գերմանացիները վերջիվերջո համաձայնում են: Թափորն առավոտյան շարժվում է հանրակացարանից, որտեղ ապրում էր Յանը: Սակայն խոստացված կարգուկանոնը պահպանվում է միայն սկզբում, քանի որ մեկնարկից քիչ ժամանակ անց թափորի 4000 մասնակիցները սկսում են երգել Չեխոսլովակիայի պետական օրհներգը, ինչի արդյունքում ենթարկվում են ոստիկանական մեքենայի կողմից հարձակման: Յանին հրաժեշտ տալուց հետո ամբոխը չի ցրվում, այլ շարժվում է դեպի Կարլովյան հրապարակ՝ ճանապարհին ավելի ու ավելի մեծանալով: Կրկնվում էր հոկտեմբերի 28-ի պատմությունը: Սակայն այս անգամ ոստիկանների գործողություններն ավելի կտրուկ էին և վճռական, քանի որ փողոց էր դուրս եկել հենց ինքը Կառլ Հերման Ֆրանկը՝ պրոտեկտորատի նախարարը:

000432_05_002815

Հիտլերի վրեժը սպասեցնել չտվեց: 1939 թվականի նոյեմբերի 17-ին սկսվում է չեխ ուսանողության դեմ գործողությունը, որի արդյունքում Գեստապոն շրջափակում է Պրահայում, Բռնոյում և մի քանի այլ քաղաքներում գտնվող ուսանողական հանրակացարանները: Մոտ երկու հազար ուսանող տարվում է Ռուզինե օդանավակայանի շրջան, որտեղ օտարերկրացիները և քսան տարին չլրացած ուսանողներն ազատ են արձակվում, իսկ մնացածը՝ թվով 1267 ուսանող, ուղարկվում են Զակսենհաուզենի համակենտրոնացման ճամբար: Նոյեմբերի 17-ի երեկոյան Ռուզինեի բանտում գերմանացիներն առանց դատավարության մահապատժի են ենթարկում ուսանողական շարժման ինն ակտիվիստի, իսկ հաջորդ օրը գնդակահարում ևս երեքի: Հիտլերի հրամանով տասը համալսարան և ինստիտուտ է փակվում, այդ թվում նաև Կառլովի հայտնի համալսարանը և Պրահայի գեղարվեստի ակադեմիան: 1223 դասախոս զրկվում է աշխատանքից, իսկ շուրջ 18 հազար ուսանող՝ կրթություն ստանալու հնարավորությունից: 1941 թվականին նացիզմի դեմ կռվող 50 երկրների պատվիրակություններից կազմված Ուսանողների համաշխարհային կոնգրեսը նոյեմբերի 17-ը հայտարարեց ուսանողների միջազգային օր՝ ի հիշատակ Պրահայի ողբերգական իրադարձությունների և սպանված չեխ ուսանողների: Հետագայում այն հաստատեց 1946թ. Պրահայում տեղի ունեցած ժողովի ժամանակ: Յան Օպլետալը ևս չմոռացվեց: Պատերազմից անմիջապես հետո Պրահայի կենտրոնական փողոցներից մեկը հենց նրա անվամբ կոչվեց, ինչպես նաև հուշատախտակներ տեղադրվեցին ինչպես այն հանրակացարանում, որտեղ ապրում էր Յանը, այնպես էլ այն պատի մոտ, որտեղ վիրավորվել էր: 1996 թվականին Յան Օպլետալը հետմահու պարգևատրվում է Տոմաշ Մասարիկի անվան առաջին աստիճանի շքանշանով:

50 տարի անց պատմությունը կրկնվում է: Չեխոսլովակիան 1980-ականներին գտնվում էր կոմունիստական իշխանության տակ: 1989թ. աշնանը երկրում սկսվում է «Թավշյա հեղափոխությունը»: Երկրի բնակիչները՝ ուսանողների գլխավորությամբ մի քանի շաբաթների ընթացքում ազատվեցին կոմունիստական բռնապետությունից: 1989 թվականի նոյեմբերի 17-ին մեծ բազմություն է հավաքվում այն հանրակացարանի մոտ, որտեղ ապրել էր Յան Օպլետալը: Դեպի քաղաքի կենտրոն շարժվող ամբոխն Ազգային պողոտայում կոմունիստների կողմից արժանանում է այն նույն վերաբերմունքին, ինչ հիսուն տարի առաջ ցուցաբերել էին ֆաշիստները:

Ոստիկանությունը հարձակվեց և ծեծի ենթարկեց ուսանողներին: Հաջորդ օրերին Պրահայի կրթական հաստատությունների ուսանողները դասադուլ հայտարարեցին: 1989թ. նոյեմբերի 17-ը պատմության մեջ մտավ որպես «թավշյա հեղափոխության» սկիզբ, ինչի արդյունքում Չեխոսլովակիան ազատագրվեց կոմունիստական իշխանությունից: Չեխիայում նոյեմբերի 17-ը հայտարարվեց պետական տոն:

Երանուհի Անտոնյան