Թալիբան. շահերի բախումը

a5e26ee9-87bb-4124-a718-c65e22be4c9b_w1080_h608

Աֆղանստանը միշտ եղել և մնում է Մերձավոր Արևելքի առանցքային պետություններից մեկը: Նրա տարածքը հարուստ է բազմատեսակ օգտակար հանածոներով և հանդիսանում է հնագույն քաղաքակրթական բնօրրաններից մեկը: Աֆղանստանի աշխարհաքաղաքական դիրքը թույլ է տալիս հսկողություն սահմանել ոչ միայն Կենտրոնական, այլ նաև Հարավային և Հարավարևելյան Ասիայի շրջանում տեղի ունեցող զարգացումների վրա:

Հենց այդ վերահսկողության համար էլ համաշխարհային մրցակցություն է ընթանում: Եվ այսօր երկրի շուրջ բախվում են ԱՄՆ, ՌԴ, ՆԱՏՕ-ի, Չինաստանի, Իրանի, Պակիստանի, Սաուդյան Արաբիայի և Իսրայելի շահերը:

Չնայած այն հանգամանքին, որ միջազգային հանրության ուշադրությունը մեծ մասամբ ուղղված է տարածաշրջանային այլ զինված կոնֆլիկտներին, աֆղանական խնդիրը, այնուամենայնիվ, մնում է ամենասուր հակամարտություններից մեկը ամբողջ աշխարհում:

Ուինսթոն Չերչիլը մի առիթով ասել է, որ գերմանացի ժողովուրդը բավականաչափ դերակատարություն է ունեցել համաշխարհային պատմության մեջ: Համապատասխան մեկնաբանությունը կարելի է անել նաև Աֆղանստանում Թալիբան շարժման վերաբերյալ: Նյու Յորքում և Վաշինգտոնում իրականացված ահաբեկչական գործողությունները մեծ հնչեղություն ունեցան անգամ նրանց մոտ, ովքեր նույնիսկ չէին լսել «Թալիբան» անունը:

Ի՞նչ է իրենից ներկայացնում Թալիբան շարժումը, որտեղի՞ց է եկել, ո՞րն է նրա հիմնական նպատակը, ու՞մ է ձեռնտու նրա գոյությունը, և ինչ ապագա ունի Աֆղանստանը Թալիբանին ունենալով իր տարածքում` ստորև ներկայացվելիք հոդվածաշարում:

Աֆղանստանում նոր հզոր ռազմաքաղաքական շարժման՝ Թալիբանի երևան գալու հիմքերը հանդիսանում են երկար քննարկումների առարկա: Երբեք չի կարելի մտածել, որ այն, ինչպես և մնացյալ նմանատիպ շարժումները, պատահաբար է հայտնվել աշխարհաքաղաքական թատերաբեմում: Այս նոր շարժման հանկարծակի ի հայտ գալը 1994 թվականին և նրա զարգացումն ու հաջողության հասնելը պայմանավորված են երկու գործոնով. առաջին հերթին սոցիալական և քաղաքական վակուումն էր, որ առաջացել էր Աֆղանստանում խորհրդային զորքերի դուրսբերումից հետո, և երկրորդ՝ Պակիստանի, Սաուդյան Արաբիայի կողմից տրամադրված ֆինանսական օգնությամբ, զինմամբ և խորհրդատվությամբ:

Չնայած Թալիբանի մի շարք առաջնորդներ ներգրավված էին ԱՄՆ-ի՝ ԽՍՀՄ-ի դեմ պայքարում, այս շարժումը մոջահեդդինների տարբեր խմբավորումներից տարբերվում էր և նրանց հետ ոչ մի առնչություն չուներ: Նա համարվում էր այն նոր սերունդներից կազմված խմբավորում, որ որևէ ձևով մասնակցություն չեն ունեցել 1980-ական թվականների ռազմաքաղաքական իրադարձություններին: Այս սերունդը կարծում էր, որ մոջահեդդինյան ծախու բռնակալական քաղաքականությունն էր, որ Նաջիբուլլայի պաշտոնանկումից հետո բացի չքավորությունից այլ բանի չհանգեցրեց: Հենց այս սերնդի կյանքը խորտակված էր պատերազմով: Դրա ներկայացուցիչներից շատերը մեծացել էին Պակիստանում գտնվող փախստականների ճամբարներում, ստացել տարրական կրթություն մեդրեսսեներում, որտեղ և ծանոթանում էին ծայրահեղական, իսլամական արմատական գաղափարախոսությանը:

Հայտնի լրագրող և բազմաթիվ աշխատությունների հեղինակ Ահմեդ Ռաշիդը տալիս է վերը նշվածի հետևյալ մեկնաբանությունը. «Այս տղաները ունեին մի աշխարհ, որ ազատ էր մոջահեդդիններից, որոնց ես գիտեի 1980 թվականին, մարդիկ, որոնք կարող էին պարզել իրենց արմատները՝ կարոտով հիշելով թողած տները, դաշտերը և պատմելով լեգենդներ և դրվագներ աֆղանական պատմությունից: Այս տղաները այն սերնդից էին, որ երբեք չէր տեսել իրենց երկիրը խաղաղ, չէր տեսել այլ Աֆղանստան, միայն այնպիսի Աֆղանստան, որտեղ ընթանում է պայքար զավթիչների և միմյանց միջև… Նրանք բառացիորեն համարվում էին պատերազմի որբերը, ովքեր չունեն աշխատանք, համարվում էին անհանգիստ, տնտեսական առումով անապահով և չափազանց ցածր ինքնագիտակցություն ունեցող մարդիկ…»:

«Նրանց պարզ հավատը պուրիտանյան, պարզագույն իսլամն էր, որը մատուցվում էր սովորական գյուղական մոլլաների կողմից, այն միակն էր, որը նրանք պետք է պահպանեն, և որը նրանց կյանքին որոշակի իմաստ էր տալիս…»:

Թալիբանի գաղափարախոսությունը մտքերի, տարբեր գաղափարախոսությունների խառնուրդ էր, որոնք զարգանում էին և տարածվում դրա շերտերում: Հենց սկզբից այս շարժումը համարվում էր խորապես ագրեսիվ: Նա իր սոցիալական խնդիրները անցյալում էր փնտրում: Այն լցված էր հակակոմունիստական տրամադրություններով՝ կապված ԽՍՀՄ-յան ներխուժմամբ և Աֆղանստանում տիրող անկարգություններով:

Ինչպես «Կարմիր քմերները» Կամբոջայում, այնպես էլ Թալիբանը Աֆղանստանում թշնամաբար էր տրամադրված քաղաքական կյանքի, կրթության, մշակույթի և տեխնիկական առաջընթացի նկատմամբ: Դրա առաջնորդները կիսագրագետ գյուղական մոլլաներ էին, ոչ թե իսլամական հոգեբանությանը, պատմությանը քաջածանոթ մարդիկ: Նրանք թշնամաբար էին տրամադրված իսլամական մյուս խմբերի, հատկապես շիաների և ոչ փուշտու էթնիկական խմբերի դեմ: Թալիբանի սոցիալական խստագույն նորմերը ձևավորվել էին ոչ միայն փուշտուական նահապետական օրենքներից, այլ նաև իսլամական տարբեր ավանդույթներից: Այնքանով, որքանով դրա գաղափարախոսությունը իսլամական հիմք ուներ, այն եղել է «դեոբանդիզմ» (19-րդ դարում իշխող հեղափոխական շարժում), բայց այն ձևով, որ նույնիսկ ամենահեռու կապերով արդիականացման հետ որևէ առնչություն չունեին:

Թալիբանը պատերազմից ավերված Աֆղանստանում երևան եկավ կրոնական ֆաշիզմի տեսքով: Այն արտահայտում էր գյուղական մանր բուրժուազիայի՝ մոլլաների որդիների, մանր պաշտոնյաների, հողատերերի և առևտրականների հուսահատ վիճակը և հիասթափությունը, որոնք չէին կարողանում այլընտրանք գտնել իրենց սոցիալական խնդիրները լուծելու համար:

Իր ծագման մասին Թալիբանի սեփական մեկնաբանությունը թույլ է տալիս հասկանալ նրա կողմնորոշումը: 1994 թվականի հուլիսին Թալիբանի ղեկավար Մուհամմադ Օմարը, որը միևնույն ժամանակ նաև գյուղական մոլլա էր, ընդառաջեց երկու աղջիկների ազատման խնդրանքին, որոնց առևանգել և բռնաբարել էր տեղացի մոջահեդդին հրամանատարը: Օմարը, որը կռվել էր մոջահեդդինների կազմակերպություններից մեկի շարքերում, հավաքելով տեղի մեդրեսսեի ուսանողներից իր կողմնակիցներին, մի քանի զենքով ազատեց աղջիկներին, բռնեց հրամանատարին և կախեց վերջինիս նրա իսկ տանկից:

Անկախ այն բանից՝ որքանով է իրականությանը համապատասխանում այս պատմությունը, Թալիբանն իրենից ներկայացնում էր, այսպես կոչված, «կրոնական զգոնության հանձնաժողով», որի նպատակն էր հասարակ մարդկանց նկատմամբ կատարված բռնության ու չարության ուղղումը և պատժումը: Նրա առաջնորդները հաստատում են, որ այս շարժումը, ի տարբերություն մոջահեդդինների կազմակերպությունների, քաղաքական կուսակցություն չէր համարվում և կառավարություն չձևավորեց: Նրանք հայտարարում էին, որ նրանք ճանապարհ են հարթում մաքուր իսլամական կառավարման համար և դրա համար նոր անդամների կողմից մեծ զոհողությունների կարիքն ունեն, որոնք այլ վարձատրություն չէին ստանում, բացի զենքից և սննդից:

Թալիբանի ստեղծման հիմքում օբյեկտիվ պատճառներ են ընկած, որոնք Աֆղանստանում հեղափոխության և խորհրդային օկուպացիայի հիմք են հանդիսացել: Ամենից առաջ, այս գործոնը կապված է Պակիստանի հյուսիսարևմտյան տարածքում գտնվող աֆղանացի փախստականների ճամբարների գոյությամբ: Մարդասիրական օգնության բաժանումը փախստականների ճամբարներում Աֆղանստանում ընթացող պատերազմի ամբողջ ընթացքում գտնվում էր Պակիստանի պետական ենթակառուցվածքների ենթակայության տակ: Նաջիբուլայի ռեժիմի անկումից հետո քաղաքացիական պատերազմի նոր կծիկը թույլ չտվեց 3 միլիոն աֆղանացի փախստականներին վերադառնալ Աֆղանստան: Հենց վերջիններիս մեծ մասից էլ կազմվեց և ձևավորվեց Թալիբան շարժումը:

Թալիբան շարժման անդամների մեծամասնությունը Աֆղանստանում չի ունեցել խորը սոցիալական և քաղաքական կապեր: Շարժումը ստեղծված է եղել հատուկ քաղաքական նպատակի համար. վերացնել Աֆղանստանի պառակտվածությունը: Այդ նպատակի համար օգտագործվել են մարդիկ, ովքեր կտրվել էին աֆղանական հասարակության ավանդական համակարգից: Աֆղանստանում արդիականացման արագացման համար ավանդական արժեքների և ենթակառուցվածքների վրա գործադրված ճնշումը, որը գալիս էր ԽՍՀՄ-ի օգնությամբ գործող կոմունիստական կողմնորոշում ունեցող կառավարությունից, առաջ բերեց աֆղանական ավանդական հասարակության ֆունկցիոնալությունը և կենսունակությունը ապահովող կազմակերպչական ենթակառուցվածքների զանգվածային ոչնչացման: Առաջին հերթին այն վերաբերում էր հասարակությանը, ընտանիքին, ավանդական էլիտայի կապերին: Պակիստանում գտնվող բազմաթիվ փախստականներ կորցրել էին այդ համակարգային կապերը և իրենց ուղղորդողներին: Ոչ դրական ազդեցություն ունեցավ նաև այն, որ Աֆղանստանը պատերազմի տարիներին հսկայական մարդկային կորուստներ ունեցավ: Մահմեդական դպրոցների համակարգը, որը գործում էր Պակիստանում գտնվող աֆղանացի փախստականների ճամբարներում, միավորել էր հիմնականում «Աֆղանական պատերազմի որբերին», մարդկանց, ովքեր գրեթե կորցրել էին ավանդական համակարգային կողմնորոշվածությունը:

Հարցը ոչ միայն այդ դպրոցներում կոնտինգենտի նկատմամբ իրականացվող քարոզչությունն էր: Մահմեդական հասարակությունում ավանդական հասարակական և սովորութային արժեհամակարգից դուրս մնացած մարդիկ սկսում էին նոր արժեքներ փնտրել: Իսլամական հասարակությունում նոր արժեքներ, նոր արժեհամակարգ գտնելու ամենատրամաբանական միջոցը հանդիսանում էր դեպի Մուհամմեդ մարգարեի ժամանակների նորաստեղծ իսլամը: Հենց սրանով է պայմանավորված արմատական միտումներից հեռու, չծայրահեղականացված իսլամի (Pure Islam) կողմնակիցների շարժման առաջացումը, որը մերժում էր մուսուլմանական հասարակության պատմականորեն ձևավորված ավանդական արժեքները:

Այս տեսանկյունից՝ աֆղանական մոջահեդդիններ Հեկմատիարի, Հալեսի, Սայաֆի, Նաբի Մուհամմեդի և այլոց շարժումները 1979-1992 թվականներին պայքարում էին այն ազդեցության դեմ, որն ազդում էր մուսուլմանական հասարակության կենսակերպի վրա: Նրանք ձգտում էին վերականգնել այն վիճակը, որը գոյություն ուներ մինչև արդիականացման գործընթացի սկսվելը: Միևնույն ժամանակ, վերոնշյալ առաջնորդները պայքարում էին Աֆղանստան պետության և հասարակության ավանդական համակարգի մեջ իրենց տեղը նվաճելու համար: Ըստ այդմ, վերոհիշյալ առաջնորդները չէին դնում ավանդական հասարակության մեջ աշխարհիկի և հոգևորի միասնության անհրաժեշտության պայման:

Նույն ձևով, Պակիստանը, որտեղ բավական հստակ ձևով գործում էր մուսոլմանական հասարակության կառավարման հարցում հոգևորի և աշխարհիկի միախառնման օրինակը, օգնեց և միջոց հանդիսացավ քաղաքական կազմակերպության ստեղծման համար, որը հիմնվում էր «մաքուր իսլամի» (Pure Islam) վրա, և որի նպատակն էր Աֆղանստանում վերականգնել «սկզբնական» մուսուլմանական հասարակության սկզբունքները:

«Մաքուր իսլամի» կոմնակիցները, հանդես գալով մահմեդական հասարակության կառավարման գործում հոգևորի և աշխարհիկի միաձուլման դեմ, միաժամանակ, պայքարում էին նույն այդ հասարակության էլիտայի՝ «ուլեմ»-ի՝ մահմեդական հոգևորականության դեմ: Հետևաբար պարզ է, որ մահմեդական բոլոր հասարակություններում, որտեղ «մաքուր իսլամի» կողմնակիցների շարժումները դառնում են լուրջ քաղաքական ուժ, առաջին հերթին մեծ կոնֆլիկտ է առաջանում «ավանդական էլիտայի» և «մաքուր իսլամի» գաղափարի հետևորդների միջև:

Հենց այդպիսի կոնֆլիտ առաջացավ մոջահեդդինների դասական թևի և Թալիբան շարժման միջև: Սա էլ իր հերթին բացատրում է թալիբների կողմից ցուցադրական դաժան միջոցների կիրառումը աֆղանական ավանդական էլիտայի ներկայացուցիչների հետ հարաբերություններում: Այսպես, 1995թ. մարտի 12-ին սպանվեց շիա հազարաների կուսակցության առաջնորդ Հեզբե ի-Վահդատ Աբդուլա Ալի Մազարին, իսկ 1996 թվականի սեպտեմբերի 26-ին Քաբուլի զավթումից հետո կախաղան հանվեց երկրի նախկին նախագահ Նաջիբուլան:

Այս քայլերը կրում էին վառ արտահայտված հրապարակային բնույթ և կոչված էին շոկի ենթարկել հասարակական կարծիքը: Հատկապես մեծ աղմուկ բարձրացրեց նախկին նախագահ Նաջիբուլայի՝ դասական փուշտուական ավանդույթներով հրապարակային մահապատիժը: Աֆղանստանում փուշտուական ավանդույթները ենթադրում էին փուշտուական ցեղերի և համայնքների ինքնավարության բարձր աստիճան: Փուշտուական յուրօրինակ «ժողովրդավարությունը» հիմնվում էր ցեղային առաջնորդների և համայնքների շահերի հավասարակշռության վրա: Ըստ այդմ, հարաբերությունները կարգավորվում էին համաձայն ավանդույթի՝ ներառյալ «ջիրգին»՝ փուշտուական ցեղերի կենսունակության և սոցիալ-քաղաքական կարգավորիչը:

Համաձայն փուշտուական ավանդույթի՝ ցեղային առաջնորդը բավական սահմանափակված էր ցեղակիցներին պատժելու հնարավորության դեպքում: Առաջնորդի՝ ցեղակցին պատժելու ցանկացած փորձ վերջինիս ազգականների մոտ առաջացնում էր գրեթե նույն ռեակցիան:

Թալիբները, մահապատժի ենթարկելով Նաջիբուլային, ոչ հարգալից վերաբերմունք էին դրսևորում դասական փուշտուական սովորույթների հանդեպ, չնայած այն հանգամանքին, որ նա համարվում էր ազդեցիկ ահմեդզաի ցեղի ավանդական էլիտայի ներկայացուցիչ` այդպիսով հակադրելով «մաքուր իսլամի» գաղափարախոսությունը աֆղանական ավանդական հասարակության համակարգին:

Մելինե Հայրապետյան