Սարտրի «Պատը» պատմվածքը

sartre

Սարտրը պնդում էր՝ էքզիստենցիալիզմն ուսմունք է, որը հնարավոր է դարձնում մարդու կյանքը: Կյանքում ցանկացած ճնշմարտություն և գործողություն կախված է միջավայրից և մարդկային սուբյեկտիվությունից: Մարդուն առաջինը գոյությունն է տրվում, այնուհետև էությունը, որը պետք է ինքը կերտի և պատասխանատու լինի ոչ միայն իր, այլև մյուս մարդկանց համար:

Լինելով էքզիստենցիալիզմի աթեիստական թևի ներկայացուցիչ՝ Սարտրը նշում է, որ իր նպատակը Աստծո գոյությունը ժխտելը չէ, հակառակը, նրան անհանգստացնում է Աստծու բացակայությունը, Աստծու կողմից լքվածությունն ու մարդու միայնակությունը: Լքված ու միայնակ էին Սարտրի «Պատը» պատմվածքի հերոսները՝ Թոմը, Ժուանը, Պաբլոն, որոնք աբսուրդային վիճակում են. նրանց բերել են հարցաքննության ինտերնացիոնալ բրիգադին մասնակցելու համար: Նրանք վերջավոր գոյություններ են, որոնց աշխարհ են գցել, աշխարհ, որն աբսուրդ է, որը դատապարտված է կործանման:

Պաբլոյին պետք է մահապատժի ենթարկեին, ու նա սկսում է կյանքին լրիվ այլ դիտանկյունից նայել: Մարդիկ, որոնք մի ժամանակ այդքան կարևոր նշանակություն ունեին նրա համար, կորցնում են իրենց արժեքն այս սահմանային վիճակում: Իր գոյության վերջին ժամերը նա դիտարկում է որպես մահվան սկիզբ և նույնիսկ հանգում է մի այնպիսի եզրակացության, որ մահն ամենաանբնական երևույթն է, քանի որ մարդիկ այն ենթադրությամբ են ապրում, թե իրենց կյանքը շարունակվելու է, նրանք ունեն «հավերժական գոյության պատրանքը»:

«Ինչպիսի ագահությամբ էի վազում երջանկության, կանանց, ազատության հետևից: Ինչի՞ համար: Ես կամեցել էի ազատագրել Իսպանիան, հիացել էի Պի ի Մարգալով, հարել անարխիստների շարժմանը, ելույթ ունեցել ժողովներում. ամեն ինչ լուրջ էի ընդունել, կարծես թե անմահ լինեի»:

Պաբլոն սկսում է ուսումնասիրել ու մեկնաբանել, թե ինչպես են ստեղծագործության մյուս հերոսները վերաբերվում մահվան անխուսափելիությանը: Խուանի վախերը ակնհայտ են հետևյալ հատվածում.

«- Հը՞, ե՞րբ… Չէ, չէ,- ասաց բելգիացին կարեկից ձայնով,- ամեն ինչ արագ է վերջանում:

Այնպես էր խոսում, կարծես ուզում էր իր հերթական հիվանդին հանգստացնել:

- Բայց ես… ինձ ասել են… որ հաճախ երկու համազարկ է պետք:

- Երբեմն,- ասաց բելգիացին՝ գլուխը թափահարելով,-պատահում է, որ առաջին համազարկից հետո ոչ մի կենսական օրգան չի վնասվում:

- Ուրեմն, հրացանները նորից լցնելու են ու նորից նշա՞ն են բռնելու:

Մի պահ մտորեց ու խզված ձայնով ավելացրեց.

- Դրա վրա ժամանակ է գնում:

Տանջամահ լինելու միտքը ահ ու սարսափ էր ներշնչում նրան, մխրճվել էր ուղեղի մեջ. պատճառը տարիքն էր »:

Թոմի պատերացումները մահվան մասին արտահայտված են հետևյալ հատվածում.

«Ես տեսնում եմ իմ դիակը: Դժվար բան չէ, բայց տեսնողը ես եմ, իմ աչքերն են: «Ինձ պետք է հաջողվի մտածել». մտածեցի, որ ես այլևս ոչինչ չեմ լսելու և, որ աշխարհը շարունակելու է գոյություն ունենալ ուրիշների համար: Մարդը չի ստեղծված այդպես մտածելու համար, Պաբլո: Հավատա, պատահել է, ինչ-որ բանի սպասելիս ողջ գիշեր աչք չեմ փակել: Բայց այս մեկն ուրիշ է՝ հարվածը թիկունքից է գալու, Պաբլո, և մենք չենք հասցնելու պատրաստվել դրան» :

Այս հատվածում թվում է, թե Թոմը տարբերում է օբյեկտիվ ու սուբյեկտիվ իրականությունները, աշխարհը առանց իր սուբյեկտիվության է ընկալում, ինչն իրականում ահնարին է, որովհետև աշխարհը պտտվում է մեր առանցքի շուրջը և ցանկացած երևույթի ընկալում մեզնից է կախված:

Սպայի հետ զրույցի դրվագում, սպայի՝ Պաբլոյին վախեցնելու փորձերը ծիծաղելի էին թվում, որովհետև վերջինս չէր գիտակցում, որ մահվան հզորությունը ստվերում է իրենց իշխանությունը, նա չէր կարող սպառնալ մի մարդու, որը մահվան էր դատապարտված.

«Նաև հարմար էր գտնում իր գարշելի շունչը ուղիղ դեմքիս փչել: Մի պահ այդ վիճակում մնացինք, և ես հազիվ զսպեցի ծիծաղս: Մահվան հևքն զգացող մարդուն ահաբեկելու համար ավելի զորեղ բան էր պետք: Նրա ուժը չէր պատում: Նա կոպտորեն հրեց ինձ ու տեղը նստեց»:

«Արժանապատվությունս խոցվել էր քսանչորս ժամ է, ինչ ապրում էի Թոմի կողքին, լսում նրան, խոսում հետը և գիտեի, որ մեր մեջ ոչ մի ընդհանուր բան չկա: Մինչդեռ հիմա մենք երկվորյակ եղբայրների պես նման էինք սոսկ այն պատճառով, որ միասին էինք սատկելու»:

Չնայած Պաբլոն ընդվզում էր, բայց նա լավ էր հասկանում, որ մահը հավասարեցնողն էր: Նման զգացողություն ունեցավ, երբ նրան ծխախոտ ծխող սպաների մոտ տարան: Վաղ թե ուշ նրանք էլ էին նույն բախտին արժանանալու, մահանալու էին: Այս ճակատագիրը ստիպեց նրան մտածել, որ իր ողջ կյանքն ու մտահոգությունները այլևս իմաստ չունեն.

«Այդ պահին ինձ այնպես թվաց, թե ողջ կյանքս առջևս է եկել, ու մտածեցի. «Այդ ամենը սուտ էր»: Կյանքս ոչինչ չարժեր, որովհետև վերջացել էր: Հարց էի տալիս, թե ինչպես կարող էի զբոսնել, աղջիկների հետ սիլի բիլի անել: Ճկույթս անգամ չէի շարժի, եթե մտքովս անցներ, որ այսպես եմ մեռնելու: Կյանքս աչքիս առաջ էր՝ ամփոփ, սեղմ, պարկի մեջ փակված, և սակայն այդ պարկում ինչ որ կար, անավարտ էր: Մի վայրկյան փորձեցի գնահատել ապրածս օրերը: Շատ կուզենայի ասել, գեղեցիկ կյանք էր: Բայց մի՞թե հնարավոր է դատողություն անել ուրվանկարի մասին: Ժամանակս վատնել էի հավերժության հետ սակարկելով, ոչինչ չէի հասկացել: Ոչինչ չէի ափսոսում, թեև այնքան բան կար, որ կարող էի ափսոսալ. մանձանիլիայի համը, կամ էլ ամառվա լոգանքները Կադիքսի ծովածոցում: Բայց մահը ամեն ինչ զրկել էր թովչանքից»:

Սիմվոլներ

Այս ստեղծագործության հիմնական սիմվոլը պատն է, որն ամենապարզ ձևով խորհրդանշում է մահվան անխուսափելիությունը. մեղադրյալը պետք է դրա դիմաց գնդակահարվի հաջորդ առավոտյան: Թոմը մահվան մասին մտածելիս պատկերացնում էր, թե ինչպես է ցանականալու պատը ետ հրել, կարծես թե այն ոչնչացնելու ու փամփուշտներից խուսափելու համար.

«Նրանց կհրամայեն՝ «Նշան ա՛ռ», ես կտեսնեմ ինձ ուղղված ութ հրացան: Երևի թե, ուզենամ պատի մեջ մտնել, ինչքան ուժ ունեմ մեջքովս պատը կհրեմ, բայց պատը կդիմադրի, ինչպես մղձավանջի ժամանակ: Այս ամենը հնարավոր է պատկերացնել: Ա՜խ, եթե իմանայիր, ինչպես եմ պատկերացնում: — Եղավ,— ասացի նրան,— ես էլ եմ պատկերացնում»:

Պատի հստակ պատկերը մենք նկատում ենք Պաբլոյի երազում, որտեղ զինվորները նրան քարշ են տալիս պատի մոտ, ու Պաբլոն աղաչում է, որ չսպանեն իրեն.

«Մտածելն անգամ իմաստ չուներ, դեմ էի առնում բառերի կամ դատարկության: Բայց հենց որ ուզում էի ուրիշ բանի մասին մտածել, ինձ ուղղված հրացաններ էի տեսնում: Երևի թե քսան անգամ անընդմեջ ես վերապրեցի իմ մահապատիժը: Մի անգամ նույնիսկ կարծեցի, թե այդ բանն իրոք կատարվել է, հավանաբար մի պահ քունս տարել էր: Նրանք ինձ քարշ էին տալիս դեպի պատը, իսկ ես դիմադրում էի, գթություն հայցում»:

Միայն այստեղ է, որ անկեղծորեն երևում է մահվան հանդեպ անտարբերության բացակայությունը: Ուստի Պաբլոյի համար պատը խորհրդանշում է ներքին վախերը, որոնք նա փորձում է վանել իրենից:

Պատը նաև ներկայացնում է աշխարհից իր օտարումը. նա պատ է ստեղծում և՛ իր շուրջը, և՛ իր ներսում, որովհետև կարծում է, որ իր մարմինը զգայարաններից անկախ է գործում:

Ընթերցողները իրադարձությունները հասկանում և ընկալում են Պաբլոյի գիտակցության միջոցով: Երբեմն նա փորձում է կռահել, թե ինչ են մյուս հերոսները մտածում: Երբ տեսնում է Թոմին նստարանը շոշափելիս, ասում է, թե Թոմը հենց մահն է շոշափում, բայց իրականում նա չէր կարող իմանալ իր ասածի ճշմարտացիությունը:

«Նա հեծել էր նստարանը, ու դեմքին զարմացած, տարակուսած ժպիտ էր խաղում: Ձեռքն առաջ տարավ ու զգուշությամբ կարծես վախենալով ինչ-որ բան կոտրել, շոշափեց նստարանի փայտը, հետո մի անգամից ձեռքը հետ քաշեց ու սարսռաց: Եթե ես Թոմը լինեի, մտքովս անգամ չէր անցնի նստարանը շոշափել: Եվս մի իռլանդական խեղկատակություն, թեև ինձ էլ էր թվում, որ իրերը արտառոց տեսք ունեին սովորականից ավելի աղոտ էին, տձև: Բավական էր նայեի նստարանին, լապտերին, ածխակույտին, որ ինձ համակեր շուտափույթ մեռնելուս միտքը: Բնականաբար, չէի կարողանում պարզորոշ պատկերացնել իմ մահը, բայց այն տեսնում էի ամենուր, իրերի մեջ, այն ձևի մեջ, որով իրերը նահանջել ու հեռու էին մնում՝ գաղտնապահ, ինչպես մահամերձի սնարի մոտ շշուկով խոսող մարդիկ: Նստարանը շոշափելիս Թոմը դիպել էր իր մահվանը»:

Սարտրն ասում է, որ մեր ընտրությունների պատասխանատվության գիտակցումը տառապանքի պատճառ է դառնում, քանի որ մարդը տառապանք է: Մենք պետք է ընդունենք, որ մեր գոյության նախնական շրջանը սահմանված նպատակ առհասարակ չունի և, որ գոյությունը նախորդում է էությանը:

Պատմությունը վերջանում է՝ ընթերցողին թողնելով տարակուսանքի մեջ. արդյոք նա գիտեր, որ Ռամոսը գերեզմանոցում է թաքնվում:

Էլիզա Գևորգյան