Արաբական ինտեգրացիայի գաղափարը. մի՞ֆ, թե՞ իրականություն

4-34

Ամբողջ աշխարհում նույնիսկ մեծ տերություններն ավելի մեծ միավորների մի մասը դառնալու հնարավորությունը բաց չեն թողնում գլոբալիզացիան և վերջինիցս բխող մրցակցությունը կառավարելի դարձնելու համար: Մասնատված արաբական պետությունները, սակայն, փորձում են առանձին դիմակայել արտաքին ճնշումներին, ներքին և նորահայտ մարտահրավերներին, որոնք, ավելի քան երբևէ, բարդ են և միահյուսված:

Ընդհանուր հատկանիշները, ինչպիսիք են լեզուն, մշակույթը, պատմությունը, աշխարհագրական դիրքը, թույլ են տալիս արաբական պետություններին համագործակցել հանուն ընդհանուր զարգացման, ծաղկման և անվտանգության։ Խոսքն ընդհանուր տարածաշրջանային ինտեգրացիայի մասին է:

Չնայած անցած դարի երկրորդ կեսից սկսած Մերձավոր Արևելքում արաբական ինտեգրացիայի ուղղությամբ բազմաթիվ փորձեր են արվել, առաջընթացը սահմանափակվում է քաղաքական, անվտանգային և տնտեսական մակերեսային համագործակցությամբ:

Ժողովրդավարության հասնելու, գործազրկության նվազեցման, աշխատատեղերի ստեղծման և նմանատիպ այլ պահանջները հավելյալ ճնշում են գործադրում քաղաքական նոր դերակատարների վրա՝ տնտեսության զարգացումը խթանելու նոր ուղիներ որոնելու և գտնելու: Սա կարող է լավ հող հանդիսանալ տարածաշրջանային համագործակցությունը նոր, ավելի բարձր մակարդակի հասցնելու համար:

Մերձավորարևելյան որոշ տնտեսությունների սպառնալից վիճակը, ժողովրդագրական աճին զուգահեռ, տարածաշրջանին թե՛ մարտահրավերներ է նետում, թե՛ նոր հնարավորություններ ստեղծում։ Ավելին, դեռևս ընթացքի մեջ գտնվող հակամարտությունները, ինչպիսին Սիրիայի քաղաքացիական պատերազմն է, ունակ են ազդելու հարևան պետությունների քաղաքական և տնտեսական կայունության վրա: Սիրիայից մարդկանց հսկայական չափերի հասնող արտագաղթը հումանիտար մեծ աղետ է ստեղծում, որը պահանջում է հրատապ միջոցների ձեռնարկում:

Ազգային, տարածաշրջանային և միջազգային դերակատարների շրջանում արդեն իսկ գոյություն ունեցող մեխանիզմները կառավարական և ոչ կառավարական մակարդակներում քննադատական մտքի, հնարավոր զարգացումների և նոր մոտեցումների ձևավորման հնարավորություն են ստեղծում:

Ամուր տարածաշրջանային համագործակցության շարունակական բացակայությունը հակամարտությունների և անվտանգային սպառնալիքների նոր ալիք առաջացնելու վտանգ է պարունակում: Այս սպառնալիքներն ավելի են խորանում ներքին, ներպետական մասշտաբով սոցիալական պահանջների նկատմամբ անտարբերության և դրանք անպատասխան թողնելու պատճառով: Որպես օրինակ կարող է ծառայել այն տեսակետը, որ ապացուցում է կապն ահաբեկչության տարածման և երկարատև, լճացող թերզարգացվածության միջև:

Դեռևս 1949 թվականին՝ Արաբական պետությունների լիգայի Կանոնադրությունը ստորագրելուց չորս տարի անց, վերլուծաբանները, որոնցից մեկն էլ Պոլ Սիբըրին է, հայտարարեցին, որ Լիգան որպես տարածաշրջանային կառույց արդեն իսկ ֆիասկո է ապրել: Մատնանշելով, որ 1948-1949 թվականներին դրա ձախողումը (այն չկարողացավ կանխել Պաղեստինյան հարցի առաջացումը) և Լիգայի տնտեսական և սոցիալական գործունեության անարդյունավետությունը՝ Սիբըրին եզրափակում է. «Արաբական պետությունների լիգան, չնայած իր ջանքերին՝ ստեղծելու յուրահատուկ, ինքնաբավ արաբական աշխարհ համաշխարհային գերտերությունների շահերի բախման կենտրոն հանդիսացող Մերձավոր Արևելքում, ո՛չ բավականաչափ և անհրաժեշտ ռեսուրսներն ունի, ո՛չ էլ համապատասխան կամք և հզորություն՝ կատարելու իր առջև դրված առաջադրանքը: Արաբական պետությունների լիգայի ձախողումը չպետք է դիտել որպես միայն արաբական պետությունների ձախողում, այլ նաև այն տարածված համոզմունքի, որ նման տեղական կարգավորումները կարող են հիմք դառնալ տարածաշրջանային խաղաղության և կայունության համար»:

Ուսումնասիրել ինտեգրացիոն գործընթացները Մերձավոր Արևելքում ամենից առաջ նշանակում է հանդիպել հասարակ դիլեմայի: Մի կողմից թվում է, թե Մերձավոր Արևելքը հենց այն վայրն է, որ պետք է ամուր հող նախապատրաստի տարածաշրջանային ինտեգրացիայի հզոր գործընթաց սկսելու համար: Մշակութային առումով՝ այս տարածաշրջանի բնակիչների մեծագույն մասը խոսում է փոխադարձաբար հասկանալի լեզվով՝ արաբերենի տարբեր բարբառներով, և կիսում է նույն դավանանքը՝ իսլամի սուննիական ուղղությունը: Պատմական առումով՝ անցած տասնչորս հարյուրամյակների մեծ մասը երկրամասն անցկացրել է հսկա կայսրությունների գերիշխանության ներքո, փաստ է, որ այսօրվա պետությունների սահմանները գծվել են դեռևս այն ժամանակ, երբ վերջիններս դեռ գաղութներ կամ մանդատային տարածքներ են եղել և ձևավորվել են հենց այս սկզբունքի հիման վրա, ոչ թե հաստատվել են իրենց առջև ունենալով ազգային ինքնությունն ու ինքնագիտակցությունը:

Այնուամենայնիվ, Մերձավոր Արևելքը հաճախ է բնորոշվում որպես «տարածաշրջան առանց ինտեգրացիայի, ռեգիոնալիզացիայի» և չունի ամուր տարածաշրջանային կազմակերպություն. Արաբական պետությունների լիգան ամենահին և միևնույն ժամանակ ամենահին տարածաշրջանային կազմակերպությունն է և հաճախ է ապացուցել իր անկարողությունն առաջացած քաղաքական, ռազմական կամ տնտեսական ճգնաժամերի ժամանակ:

Մերձավոր Արևելքն այսօր բազմաթիվ մարտահրավերների է հանդիպում, որոնցից կարելի է նշել երկու կարևորագույնները: Առաջինը վերաբերում է տարածաշրջանային ինտեգրացիայի և պետականաշինության միջև հարաբերությանը: Ժամանակակից պետությունների քաղաքական էլիտաները, որոնք ձևավորվել են Օսմանյան կայսրության ժառանգությունից հետո, ձեռք բերեցին իրենց անկախությունն անհրաժեշտությունից կամ իշխանություն ունենալու անհագ ցանկությունից դրդված, և պետությունների մեծ մասը (եթե ոչ բոլորը) չեն կարող հենվել ուժեղ ազգային ինքնության վրա, ինչպես դա արեց արաբ ժողովուրդը: Այդ իսկ պատճառով Արաբական պետությունների լիգայի ստեղծումը 1945 թվականին բացատրվում է որպես փորձ այս էլիտաների կողմից հանրային ձևով միանալ պանարաբական օրակարգին, մինչ նրանք միևնույն ժամանակ աշխատում էին նվազեցնել նման կազմակերպությունների արդյունավետությունը բոլոր առումներով, քանի որ դրանք կարող էին պարզապես խառնել նորաստեղծ պետությունների առանձին շահերը: Ահա թե ինչու էր Արաբական պետությունների լիգան, չնայած իր ընդգրկած հավակնոտ շրջանակներին, «ստեղծված ձախողվելու համար»:

Երկրորդ խնդիր է համարվում տարածաշրջանում գնալով ավելի մեծ տարածքներ և ազդեցության ոլորտներ ընդգրկող ահաբեկչական, ծայրահեղական գաղափարները, որոնք թույլ չեն տալիս արաբական պետություններին զարգանալ, դառնալ ավելի ժողովրդավար և պատրաստ դիմակայելու պետությանը հանդիպող փորձություններին:

Մելինե Հայրապետյան

Աղբյուրները`