Սևրի պայմանագիրը

21623896_852226638266592_1435336873_n

1920 թ. ապրիլին Թուրքիայի Ազգային ժողովը, հռչակելով իրեն միակ լեգիտիմ իշխանությունը, դիմել էր Խորհրդային կառավարությանը, որպեսզի վերջինս աջակցի Թուրքիային իմպերիալիստների դեմ պայքարում և խաղաղության պայմանագրի նախագծի հրապարակումից հետո հայտարարել, որ ցանկացած դեպքում չի ճանաչի այն:

Դաշնակիցները որոշեցին օգտագործել զինված ուժերը վերականգնելու համար Թուրքիայի սուլթանական կառավարության լիազորությունները: Այդ ժամանակ Անտանտի զորքերը (Անգլաիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Հունաստանի) զբաղեցրել էին նախկին Օսմանյան կայսրության ոչ միայն բոլոր արաբական հողերը, այլև որոշ կարևոր տարածքներ հենց Թուրքիայի սահամաններում: Անտանտի Գերագույն խորհրդի որոշմամբ՝ հունական բանակը, առատորեն հագեցած բրիտանական զենքով, պետք է հարձակվեր Թուրքիայի ազգային ազատագրական ուժերի վրա: Այսպիսով, Թուրքիայի սուլթանական կառավարությունը, կորցնելով իր իշխանությունը, ստորագրեց Սևրի պայմանագիրը:

Սևրի հաշտության պայմանագիրը ստորագրվել է 1920 թ. օգոստոսի 10-ին Սևրում, Թուրքիայի սուլթանական կառավարության և Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած դաշնակից պետությունների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Բելգիա, Հունաստան, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Հայաստան, Չեխոսլովակիա, Սերբերի, խորվաթների և սլովենների թագավորություն, Հեջազ) միջև։ Սևրի պայմանագիրը Վերսալ-Վաշինգտոնյան համակարգի բաղկացուցիչ մասն էր:

Սևրի հաշտության պայմանագրի համար հիմք էին հանդիսացել 1916 թ. Լոնդոնում ստորագրված Սայքս-Պիկոյի պայմանագրի դրույթներն (նախատեսում էր Օսմանյան կայսրության ասիական տիրույթների բաժանումը Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջև) ու տերությունների 1920 թ. Սան Ռեմոյի (Իտալիա) կոնֆերանսի որոշումները։ Պայմանագիրը բաղկացած էր 97 մասից և 578 հոդվածներից, որոնք վերաբերում էին սահմանային և քաղաքական, փոքրամասնությունների պաշտպանության, ռազմական, ծովային և օդային գերիների և պատիժների, տնտեսական և ֆինանսական, օդային նավագնացության, ջրային և երկաթուղային ճանապարհների, աշխատուժի հարցերին։

Պայմանագրի առաջին մասում ներկայացված էր Ազգերի լիգայի կանոնադրությունը՝ բաղկացած 26 հոդվածից: Երկրորդ մասում ներկայացվում էր Թուրքիայի տարածքի ճակատագիրը: Թուրքիան կորցնում էր իր տիրապետությունն արաբների, քրդերի, հայերի և այլ ճնշված ժողովուրդների նկատմամբ։

Այսպիսով, սույն պայմանագիրը պաշտոնապես ձևակերպեց Օսմանյան կայսրության արաբական և եվրոպական ունեցվածքի բաժանումը: Երրորդ մասում խոսվում էր «քաղաքական դրույթների» մասին: Այս դրույթների միջոցով հաղթող կողմը լիազորություններ էր վերապահում Թուրքիայի նկատմամբ, ինչպես նաև իրականացնում ֆինանսական վերահսկողություն: Ֆինանսական տեսանկյունից՝ Թուրքիան համաձայն էր վճարել Օսմանյան կայսրության պարտքի մի մասը: Չորրորդ մասում անդրադարձ էր կատարվում «փոքրամասնությունների պաշտպանությանը», և նախատեսվում էր, որ Դաշնակից ուժերն Ազգերի լիգայի հետ համատեղ քննելու են, թե ի՞նչ միջոցառումներ են անհրաժեշտ ապահովելու համար սույն կետը, և Թուրքիան նախնական համաձայնություն էր ձեռք բերել բոլոր տեսակի նման հարցերի շուրջ: Պայմանագրի հինգերորդ մասում ներկայացվում էր «ռազմական, ծովային և օդային իրավիճակը»։ Այս մասում ամրագրվում էր Թուրքիայի զինված ուժերի լիակատար զորացրումը: Թուրքիայի բանակը չպետք է գերազանցեր 50 հազարը: Այդ նպատակով Թուրքիայի բոլոր ռազմանավերը հանձնվեցին Դաշնակից պետություններին, բացի 7 պարեկային նավերից և 5 տորպեդո նավերից, որոնք Թուրքիան օգտագործում էր վարչական նպատակներով (հոդված 181-189):

Թուրքիան և Սևրի պայմանագիրը

Ըստ պայմանագրի՝ Թուրքիան հրաժարվում էր իր գերիշխանությունից Թրակիայի նկատմամբ, Էգեյան ծովի կղզիներից, Կիպրոսից, Եգիպտոսից և արաբական տիրույթներից։ Հունաստանը կառավարելու էր Իզմիրն ու դրա շրջակայքը և կարող էր տիրել այդ տարածքին, եթե դա ցանկանար բնակչության մեծ մասը։ Ասիական Թուրքիան սեղմվում էր մինչև Արևմտյան Անատոլիայի սահմանը։ Հեջազն անկախություն էր ստանում (հոդվածներ 98-100), իսկ Եգիպտոսը, Պաղեստինը, Սիրիան ու Միջագետքը (Իրաք) Ազգերի լիգայի միջոցով որպես ենթամանդատային տարածքներ հանձնվում էին Մեծ Բրիտանիային ու Ֆրանսիային։

Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանը որոշելու էր ԱՄՆ-ի նախագահը (հոդված 89): Թուրքիայից անջատվել էր նաև Քուրդիստանը, որի սահմանները որոշելու էր Անգլո-Ֆրանս-Իտալական հանձնաժողովը, որից հետո, եթե Ազգերի լիգայի Խորհուրդը գտներ, որ այս տարածաշրջանի բնակչությունը «կարող էր անկախության հասնել», Քրդստանին տրվելու էր «ինքնավարություն» (հոդվածներ 62-64):

Արդյունքում, կորցնելով իր տարածքի 3/4-ը՝ Թուրքիան զրկվեց ինքնիշխան պետություն լինելուց: Բացի դրանից, Սևրի հաշտության պայմանագիրը հեշտացնում էր Մերձավոր Արևելքի շարունակվող շահագործումը եվրոպական տերությունների կողմից և ուղի էր հարթում լրացուցիչ վարչական, իրավաբանական, ռազմական ու տնտեսական վերահսկման համար։

Սևրի պայմանագիրը, որն առնչվում է տարածքային հարցին, ինչպես հայտնի է, Թուրքիան շատ ցավագին է ընդունում։ Թուրքական քաղաքական դասակարգի համար այն շարունակում է մնալ որոշակի սպառնալիք երկրի տարածքային ամբողջականության դեմ։

Հայաստանը և Սևրի պայմանագիրը

Հայ հեղափոխական դաշնակցությունը, օգտագործելով իր առաջնորդական դիրքը, Հայ Ազգային շարժման ժամանակ պաշտպանեց այն պնդումը, որ Արևմտյան Հայաստանը չպետք է Օսմանյան կայսրության մաս կազմի, հաշվի առնելով այն, որ հայերը դե ֆակտո վերահսկում են Վանի տարածքը: Եվս մեկ փաստարկ էր այն, որ անկախ հայկական պետություն ստեղծելու համար հայերի թիվն աճել էր տարածքում: 1917 թ. թուրքերի կողմից վտարված հայերը սկսեցին վերադառնալ իրենց հայրենիք:

Արդյունքում, հայերի թիվը կարող էր լինել Արևմտյան Հայաստանի բնակչության ավելի, քան 75%-ը: Այսպես, ըստ ԱՄՆ պետդեպարտամենտի՝ 1922 թ.-ին (այսինքն, ցեղասպանությունից հետո), հայերի ընդհանուր թիվը 3,004,000 էր:

1919 թ.-ին Վիլսոնն Օսմանյան կայսրություն ուղարկեց գեներալ Հարբորդին և Քինգ-կռեյն հանձնախումբը: Քինգ-կռեյն հանձնախմբի խնդիրն էր պարզել, թե արդյոք հնարավոր է ստեղծել անկախ հայկական պետություն, ինչպես նաև պարզել, թե արդյոք նման պետություն կարող է ձևավորվել ԱՄՆ-ի մանդատով: Հանձնաժողովը եկավ այն եզրակացության, որ նման պետություն կարող է ստեղծվել:

Արդյունքում, Հայաստանը ստորագրեց Սևրի պայմանագիրը։ Հայաստանի Հանրապետության անունից Սևրի պայմանագիրը ստորագրեց Ավետիս Ահարոնյանը։ Բացի այդ՝ Ավետիս Ահարոնյանը և արևմտահայության ներկայացուցիչ Ազգային պատվիրակության ղեկավար Պողոս Նուբարը գլխավոր դաշնակից պետությունների հետ կնքեցին լրացուցիչ պայմանագիր՝ ազգային փոքրամասնությունների իրավունքերի, դիվանագիտական և առևտրական հարաբերությունների վերաբերյալ։

Պայմանագրի 88-93-րդ հոդվածները վերաբերում էին ՀՀ-ին (ներկայացված են հավելվածում)։ Ըստ պայմանագրի՝ Թուրքիան ճանաչում էր Հայաստանը որպես ազատ ու անկախ պետություն։ Հայաստանին էին անցնում Էրզրումի, Տրապինզոնի, Վանի և Բիթլիսի նահանգները ոչ ամբողջությամբ, այլ ընդամենը 90.000 քառ.կմ ելքով դեպի Սև ծով։ Եվ ընդհանուր հաշվարկով կազմում էր 160.000 քառ.կմ:

Հայ-թուրքական սահմանը որոշելու էր ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնը, որն արդեն գծել էր Միացյալ և Անկախ Հայաստանի քարտեզը։ Ադրբեջանի և Վրաստանի հետ Հայաստանի սահմանները որոշվելու էին այդ պետությունների հետ ուղղակի բանակցությունների միջոցով։ Եթե այդ պետություններին չհաջողվեր համաձայնության գալ, ապա գլխավոր դաշնակից տերությունները խնդիրը պետք է լուծեին հատուկ հանձնաժողովի օգնությամբ՝ տեղում։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ Վրաստանը, Հայաստանը, Ադրբեջանը և Պարսկաստանը Բաթումի նավահանգստով ազատ մուտք կունենան դեպի Սև ծով։ Դաշնակիցները բարյացակամորեն էին վերաբերվում Կարսից Ճորոխ հովտով դեպի Բաթում Հայկական միջանցքի գաղափարին, սակայն պայմանագիրը ստորագրելու պահին Վրաստանը դրա փոխարեն հայերին առաջարկեց երկաթուղի կառուցել Վրաստանի տարածքով։

1920 թ. սեպտեմբերին Թուրքիան, որը 1920թ. օգոստոսի 24-ին ռուս-թուրքական պայմանագրով զենք-զինյամթերք էր ստացել Ռուսաստանից՝ իրենց ձևակերպմամբ իմպերիալիստական Հայաստանի դեմ կռվելու համար, սկսում է իր լայնածավալ ներխուժումը Հայաստան: Մուստաֆա Քեմալի զորքերը ռուսների համաձայնությամբ և աջակցությամբ սկսած հարձակման ժամանակ գրավելով Կարսը, Ալեքսանդրապոլը, նոյեմբերի վերջին սպառնում են արդեն բուն Հայաստանի գոյությանը: Առաջիկա երկու տարիների ընթացքում քեմալականները (բոլշևիկների ակտիվ աջակցությամբ) ամրապնդեցին իրենց զինված ուժերը: Որպես առաջին քայլ պլանավորվում էր նոր հարձակում Հայաստանի վրա: Միևնույն ժամանակ թուրքական բանակը կարողացավ Փոքր Ասիայից հունական զորքերի վրա տարածել իր իշխանությունը և ճնշել քրդերի դիմադրությունը: Բացի այդ, Թուրքիան կարողացավ դուրս մղել ֆրանսիացիներին Կիլիկիայից: Իտալացիները, որոնք այդ ժամանակ դարձել էին քեմալական զորքի դաշնակիցներ, տեղափոխվել էին երկրի հարավարևմտյան ափին:

1922 թ. հոկտեմբերի 11-ին Մարմարայի ծովում գտնվող Մուդանյայի նավահանգստում հաստատվեց Թուրքիայի և Անտանտի միջև նոր զինադադար, սակայն Սուլթանի կառավարությունը նույնիսկ հրավիրված չէր ստորագրելու այդ համաձայնագիրը: Արդյունքում, Սևրի պայմանագիրը դրվեց վերանայման և հետագայում վերացվեց։

Դա իր արտահայտությունը գտավ 1923 թ. Լոզանի պայմանագրում։ Դաշնակիցները ճանաչեցին Մուստաֆա Քեմալի Անկարայի կառավարությունը և նրա իրավունքն Արևելյան Թրակիայի, Իզմիրի, Կիլիկիայի և բոլոր այն տարածքների նկատմամբ, որոնք անցել էին Հայաստանին Սևրի հաշտության պայմանագրով։ Ավելին՝ նրանք ճանաչեցին Թուրքիայի նոր սահմանները, որոնք ընդգրկում էին Արևելյան Հայաստանի նախկին շրջանները՝ Կարսը, Արդահանը, Սուրմալուն։ Դա Թուրիքայի լիակատար հաղթանակն էր։

Այսպիսով, Հայաստանը մնում էր միայնակ, որը սակայն չուներ բավարար ուժ և կարողություն քեմալականներից ազատագրելու արևմտահայ նահանգները։ Պատմական Հայաստանի մի փոքրիկ մասը շարունակեց գոյություն ունենալ որպես Խորհրդային Հայաստան, բայց հայերի մեծ մասը մնաց ցրված աշխարհով մեկ։

Սևրի պայմանագիրը չէր կարող կյանքի կոչվել, քանի որ Հայաստանը հայտվել էր քեմալաբոլշևիկյան հարձակման տակ:

Հավելված 1

Սևրի պայմանագիրը. 88-ից 93-րդ հոդվածները

Հոդված 88. Թուրքիան հայտարարում է, որ ճանաչում է Հայաստանը, ինչպես այդ բանն արդեն արել են դաշնակից տերությունները որպես ազատ և անկախ պետություն:

Հոդված 89. Թուրքիան և Հայաստանը, ինչպես և բարձր պայմանավորվող կողմերը, համաձայնվում են Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի վիլայեթներում Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանատումը թողնել ԱՄՆ-ի որոշմանը և ընդունել ինչպես նրա որոշումը, այնպես էլ այն բոլոր միջոցառումները, որոնք նա կարող է առաջարկել Հայաստանին դեպի ծով ելք տալու և հիշյալ սահմանագծին հարող օսմանյան բոլոր տարածքների ապառազմականացման վերաբերյալ:

Հոդված 90. Այն դեպքում, եթե 89-րդ հոդվածի համաձայն սահմանագիծը որոշելիս հիշյալ վիլայեթների ամբողջ տարածքը կամ նրա մի մասը հանձնվի Հայաստանին, Թուրքիան այսօր արդեն հայտարարում է, որ որոշման օրից սկսած ինքը հրաժարվում է հանձնված տարածքի նկատմամբ բոլոր իրավունքներից և իրավահիմունքներից: Սույն պայմանագրի որոշումները, որոնք կիրառվելու են Թուրքիայից անջատվող տարածքների նկատմամբ, այս պահից սկսած կգործադրվեն նաև այդ տարածքի նկատմամբ: Հայաստանի սուվերենությանը հանձնվող տարածքի կապակցությամբ նրա վրա դրվող Թուրքիայի ֆինանսական պարտավորությունների բաժինը և դրանց բնույթն ու այն իրավունքները, որոնցով նա կարող է փաստարկել, կսահմանվեն սույն պայմանագրի 8-րդ մասի (ֆինանսական դրույթներ) 241-244-րդ հոդվածների համաձայն: Հաջորդ կոնվենցիաները կկարգավորեն, եթե դա անհրաժեշտ լինի, այն բոլոր հարցերը, որոնք չեն կարգավորվել սույն պայմանագրով և որոնք կարող են սնունդ առնել հիշյալ տարածքի փոխանցման կապակցությամբ:

Հոդված 91. Եթե 89-րդ հոդվածում նշված տարածքի մի մասը հանձնվի Հայաստանին, ապա սահմանագծման հանձնաժողովը, որի կազմը կորոշվի հետագայում, կստեղծվի երեք ամսվա ընթացքում այն բանից հետո, երբ արդեն ընդունված կլինի Հայաստանի և Թուրքիայի միջև տեղում սահմանագիծ անցկացնելու վերաբերյալ հիշյալ հոդվածում նախատեսվող որոշումը:

Հոդված 92. Ադրբեջանի և Վրաստանի հետ Հայաստանի սահմանները ըստ պատկանելության կորոշվեն շահագրգիռ պետությունների ընդհանուր համաձայնությամբ: Երբ 89-րդ հոդվածում նախատեսված որոշումն արդեն ընդունված կլինի, և եթե դրանից հետո այս կամ այն շահագրգիռ պետությունները չեն կարողանա ընդհանուր համաձայնությամբ որոշել իրենց սահմանագիծը, վերջինս կորոշեն գլխավոր դաշնակից տերությունները, որոնք դրա հետ միասին պետք է հոգ տանեն սահմանազատումը տեղում գծանշելու մասին:

Հոդված 93. Հայաստանն ընդունում է` համաձայնվելով դրանք մտցնել գլխավոր տերությունների հետ կնքած պայմանագրերի մեջ, որոնց այս դրությունները անհրաժեշտ կհամարեն Հայաստանում այն բնակիչների շահերը պաշտպանելու համար, որոնք ռասայի, լեզվի և կրոնի առումով տարբերվում են ազգաբնակչության մեծամասնությունից: Հայաստանը նմանապես համաձայնվում է գլխավոր տերությունների հետ պայմանագրի մեջ մտցնել այն որոշումները, որոնք այդ տերություններն անհրաժեշտ կհամարեն տրանզիտի ազատությունը և այլ ազգերի առևտրի համար արդարացի պայմանակարգը պաշտպանելու համար:

Լուսինե Հակոբյան

Աղբյուրները՝

  • Armenian Population in Eastern Anatolia Between Years 1878-1915,
  • Геополитические последствия Севрскогои Лозаннского мирных договоров,
  • Мустафа Кемаль вступает в бой – Англия и США отступают (часть 5-я),
  • Севрский мирный договор 1920,
  • Севрский мирный договор и причины его провала,
  • Սևրի պայմանագիրը. 88-ից 93-րդ հոդվածները,
  • А. А. Громыко, Дипломатический словарь Москва 1986