Ուրացողի հոգեբանությունն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնության

Nikol Pashinyan

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած Սերժ Սարգսյանի պաշտոնանկության մասին նախագծի հրապարակումից հետո ստեղծված իրավիճակը բավականին կանխատեսելի էր:

Կասկած չունեի, որ Փաշինյանի նախաձեռնությունը հայտնի ուժերի կողմից արժանանալու էր բուռն քննադատության, սակայն ավելի քան վստահ եմ, որ հակառակի դեպքում այդ նույն քննադատությունն էլ ավելի մեծ էր լինելու. դաշտում ստեղծված քաղաքական իրողությունների տրամաբանությունն այլ բան չի հուշում:

Փաշինյանի նախաձեռնության հաջողության հասնելու հավանականությունը գործնականում բավականին ցածր է, եթե չասենք՝ անհնարին: Հաշվի առնելով իմպիչմենտի գործընթացի համար անհրաժեշտ փուլերը, այդ փուլերի ընթացքում անհրաժեշտ ձայների քանակությունն ու հասարակական լայն զանգվածների մոբիլիզացված գործողությունների անհրաժեշտությունը և «Եռյակի» կողմից տվյալ գործընթացը տապալելու «թեժ» ցանկությունը` նույնիսկ կարելի է չխոսել պատգամավորի նախաձեռնության հաջողության մասին: Այս ամենի մասին, համոզված եմ, լավ գիտի նաև Նիկոլ Փաշինյանը: Այստեղ, սակայն, մի նրբություն գոյություն ունի. Փաշինյանի նախաձեռնությունը գործնական կիրառելիություն կարող է ստանալ այն դեպքում, եթե դրան միանան «ոչ իշխանական» ուժերը՝ իրենց հանրահավաքներին ներկա քաղաքացիների հետ միասին: Ավելի պարզ ասած՝ «թեժ աշնան» մասին սին և անպտուղ ճառերի փոխարեն «Եռյակը» հայտարարում է, որ պահանջում է Սերժ Սարգսյանի հրաժարականը և միանում է Փաշինյանի նախաձեռնած գործընթացին: Նմանատիպ կոնսոլիդացիայի դեպքում Փաշինյանի նախաձեռնած գործընթացի հաջողության հասնելու հավանականությունը բավականին մեծանում է:

Վերոգրյալի փոխարեն «Եռյակը» ներկայացնող գործիչները զբաղված են Փաշինյանի նախաձեռնությունը քննադատող հոդվածներ և «վերլուծություններ» գրելով: Ամենազավեշտալին պաշտոնական մակարդակում արված հայտարարություններն էին, որոնցում քաղաքական ուժերից մեկը Նիկոլին մեղադրում է «ի սկզբանե ձախողման դատապարտված գործընթաց նախաձեռնելով՝ Սերժ Սարգսյանի դիրքերն ուժեղացնելու» համար: Ավելին, այդ ուժի կողմից արված հայտարարության մեջ նույնիսկ ակնարկներ կային «ժողովրդին հիասթափեցնելու անթույլատրելիության» մասին:

Նմանատիպ հայտարարություն անող ուժը, նվազագույնը, պետք է ինքը հետևած լիներ իր հորդորներին: Այնինչ, վերջին տարիներին այդ ուժի կողմից անընդհատ լսում ենք «ռեժիմի խուճապի մեջ լինելու», Սերժ Սարգսյանի հրաժարականի անխուսափելիության մասին, սակայն այդպես էլ այդ խոսքերը մնում են օդում, իսկ նրանց մասնակցությամբ անցկացված վերջին «քաղաքական» գործընթացը բոլորս գիտենք ինչպիսի ճակատագիր ունեցավ: Խոսքը, բնականաբար, «Եռյակի» խոստացված «թեժ աշնան», լիովին այլ Հայաստանում արթնանալու, տևական հանրահավաքների, «ամբողջական իշխանափոխության» և այլ տեսակի ամպագոռգոռ լոզունգների մասին է: Որպես ասվածի ապացույց կարելի է հիշեցնել միայն այն, որ այսօր արդեն ձմռան առաջին օրն է, իսկ մենք դեռևս ապրում ենք նույն Հայաստանում, և աշունն էլ առանձնակի «թեժությամբ» աչքի չընկավ: Այստեղ արդեն հարց է առաջանում. այս ողջ ընթացքում ԲՀԿ-ի գլխավորած «Եռակը» որքա՞նով է ուժեղացրել Սերժ Սարգսյանի դիրքերը, և որքա՞ն ՀՀ քաղաքացիներ են հիասթափվել իրենց խոստացված «թեժ աշունից», և նրանցից քա՞նիսը՝ արտագաղթել «Եռյակի» նախաձեռնածի պատճառով:

Թերևս, իրավիճակն ավելի պարզ նկարագրել հնարավոր չէ: Այլ հարց է, որ «Եռյակը» օրակարգում չունի և երբեք չի ունեցել Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու պահանջ: Այս դեպքում իրավիճակն ավելի քան պարզ է: «Եռյակին» առաջնորդող ուժի՝ ԲՀԿ-ի և ոչ մի ներկայացուցիչ երբեք չի հայտարարել Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին, ավելին՝ ԲՀԿ ներկայացուցիչներն ամեն կերպ խուսափում են արտաբերել այդ «կախարդական» բառերը: Ընդհանրապես, «թեժ աշնան» ավարտից հետո նույնիսկ չարժե քննարկել այս ուժերի առանձին ներկայացուցիչների կողմից իշխանափոխության մասին արված հայտարարությունները: Ստեղծված իրավիճակում ակնհայտ է, որ «Եռյակի» միակ քաղաքական օրակարգը հերթական խորհրդարանական և նախագահական ընտրություններն են:

Հ.Գ. Նիկոլի վրա «հարձակվելու սրբազան» գործին առանձնակի հաճույքով լծվել են, մասնավորապես, այն նույն ուժի շարքային անդամներն ու ակտիվիստները, որն այսօր ԱԺ-ում է նաև Նիկոլ Փաշինյան գործչի շնորհիվ: Բոլորս էլ հիշում ենք 2008 թվականի համաժողովրդական շարժման ընթացքում Նիկոլի հանդեպ հասարակական լայն զանգվածների համակրանքը, լավ հիշում ենք, թե ինչպիսի ոգևորություն էր տիրում հրապարակում Նիկոլի ելույթների ընթացքում (թե՛ համաժողովրդական շարժման ընթացքում, թե՛ բանտարկությունից հետո տեղի ունեցած գործընթացներում): Այսքանից հետո միայն զարմանքով և զզվանքով կարելի է հետևել ժամանակին Նիկոլին ծափահարողների կողմից նույն մարդու հասցեին հնչեցվող կոնսպիրատիվ «վերլուծություններին» ու հայհոյախառը գրառումներին: Չնայած, հաշվի առնելով նույն մարդկանց կողմից նախկինում ամենավերջին հայհոյանքների արժանացած Ծառուկյանի հանդեպ ներկայիս, մեղմ ասած, ջերմ վերաբերմունքը, ամեն ինչ ավելի քան պարզ է դառնում:

Նարեկ Սամսոնյան