Վերսալ-Վաշինգտոնյան պայմանագրեր

treaty-of-versailles-h

Վերսալյան հաշտության պայմանագիրը, որը կնքվեց Անտանտի պետությունների և պարտված Գերմանիայի միջև 1919թ. հունիսի 28-ին, վերջնականապես ամրագրեց Գերմանիայի պարտությունը: Այն ստորագրվեց մոտ 30 պետությունների կողմից, որոնց մեջ առանձնանում էին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Միացյալ Նահանգները և Իտալիան` հայտնի «Մեծ քառյակ» անվամբ:

Հաշտության բանակցությունները, որոնք սկսվեցին հունվարի 18-ին, մասնակցում էին 27 պետությունների 70 պատվիրակներ: Միևնույն ժամանակ, պարտված պետությունները՝ Գերմանիան, Ավստրիան և Հունգարիան, ներառված չէին բանակցություններում: Ռուսաստանը ևս չկար, քանի որ առանձին հաշտության բանակցություններ էր վարել Գերմանիայի հետ՝ կնքելով Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը դեռևս 1918թ. մարտի 3-ին:

Նախքան պայմանագրի կարևորագույն դրույթներին անցնելը՝ ներկայացնենք գլխավոր դերակատար պետությունների շահերը և նպատակները: Ֆրանսիան միակն էր, որ անմիջական սահման ուներ Գերմանիայի հետ: Ուստի, այն ամենաշատն էր ցանկանում Գերմանիայի թուլացումը: Վառ ապացույց կարող են հանդիսանալ Ժորժ Կլեմանսոյի հետևյալ խոսքերը. «Ամերիկան պաշտպանված է օվկիանոսով: Նույնիսկ Նապոլեոնը չկարողացավ դիպչել Անգլիային: Դուք երկուսդ էլ պաշտպանված եք: Մենք՝ ոչ»: Մեծ Բրիտանիան, ի տարբերություն Ֆրանսիայի, ամենաքիչն էր տուժել ռազմական գործողություններից: Լլոյդ Ջորջը Գերմանիան դիտարկում էր որպես լուրջ առևտրական գործընկեր և անհանգստացած էր բրիտանական տնտեսության վրա գերմանական ռեպարացիաների սպասվող ազդեցությամբ: Մինչ պատերազմի ավարտն ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնն առաջ քաշեց իր հայտնի «14 կետերը»: Նա մտահոգված էր Եվրոպայի տնտեսության քայքայմամբ, աջակցում էր ժողովուրդների ինքնիշխանությանը, ազատ առևտրին և այլ կարևորագույն հարցերին՝ ստեղծելով Ազգերի լիգան, որը կերաշխավորեր խաղաղությունն աշխարհում: Վիլսոնին հաջողվեց կոնֆերասում հանդես գալ ուժեղ դիրքերից՝ չնայած այն հանգամանքին, որ որպես ընդդիմախոս ուներ Կլեմանսոյի և Լլոյդ Ջորջի պես հմուտ և փորձառու դիվանագետներ:

Վերսալյան պայմանագրի դրույթների համաձայն՝ Գերմանիան պարտավորվում էր Ֆրանսիային վերադարձնել Էլզասը և Լոթարգիան 1870թ. սահմաններով՝ ներառյալ Հռենոսի վրա գտնվող բոլոր կամուրջները: Սաարի ավազանի ածխահանքերն անցնում էին Ֆրանսիայի վերահսկողության ներքո, իսկ մարզի կառավարումը ստանձնում էր Ազգերի լիգան 15 տարի ժամկետով, որի ավարտից հետո պլեբեսցիտը կորոշեր Սաարի վերջնական ճակատագիրը: Հռենոսի ձախ ափը գտնվելու էր Անտանտի վերահսկողության տակ: Հռենոսից հարավ ընկած 50 կմ շառավղով տարածքն ապառազմականացվելու էր: Էյպենի և Մալմեդայի մարզերում նախատեսվել էր պլեբիսցիտ, որի արդյունքում վերջիններս անցան Բելգիային:

Նույն ձևով լուծվեց նաև Շլեզվիգ-Հոլշտայնի հարցը. այս տարածքներն անցան Դանիային: Գերմանիան ճանաչում էր Չեխոսլովակիայի և Լեհաստանի անկախությունը և զիջում էր Վերին Սիլեզիայի հարավում գտնվող Գուրչինյան մարզը Չեխոսլովակիային, իսկ Լեհաստանին՝ մի քանի շրջան Պոմերանիայում, Պոզնանում, Արևմտյան Պրուսիայի մեծ մասը և Արևելյան Պրուսիայից մի հատված: Վերին Սիլեզիայի հարցը որոշվել էր պլեբեսցիտով: Դանցիգը գտնվելու էր Ազգերի լիգայի հսկողության տակ, որը նրան տալու էր ազատ քաղաքի կարգավիճակ: Քաղաքը միանալու էր լեհական տնտեսական գոտուն: Լեհաստանի վերահսկողության տակ էին անցնում Դանցիգյան միջանցքի երկաթգծերը և գետային ուղիները:

Ընդհանուր առմամբ, Գերմանիայից անջատվեց տարածքի մեկ ութերորդը, իսկ բնակչության մեկ տասներկուերորդը: Դաշնակիցները Գերմանիային զրկեցին բոլոր գաղութներից: Անգլիան և Ֆրանսիան միմյանց միջև բաժանեցին Կամերունը և Տոգոն: Հարավարևմտյան Աֆրիկայի գերմանական գաղութներն անցան Հարավաֆրիկյան միությանը: Հարավային Աֆրիկայի գերմանական գաղութների նշանակալից մասը բաժին ընկավ Մեծ Բրիտանիային, մի մաս՝ Բելգիային, Կիոնգի եռանկյունը՝ Պորտուգալիային: Նոր Գվինեան անցավ Ավստրալիայի վերահսկողության տակ, իսկ Նոր Զելանդիային բաժին հասավ Սամոա կղզին: Խաղաղ օվկիանոսի կղզիները, Կիաո-Չաոյի շրջանը և Շանդունի կոնցեսիաներն անցան Ճապոնիային: Գերմանիան հրաժարվում էր ինչպես Բրեստ-Լիտովսկի, այնպես էլ Բուխարեստի պայմանագրերից, ճանաչում և հարգում էր այն տարածքների անկախությունը, որոնք 1914թ. մարտի 1-ի դրությամբ Ռուսական կայսրության մաս էին կազմել:

Ինչ վերաբերում է Գերմանիայի ռազմական հզորությանը, ապա վերջինիս բանակի թիվը (որը բաղկացած էր կամավորներից) չէր գերազանցելու 100 հազարը՝ ներառյալ հրամանատարական կազմը (այն նույնպես չպետք է գերազանցեր 4 հազարը): Գլխավոր շտաբն արձակվում էր: Ծառայության ժամկետը սահմանվում էր 12 տարի, իսկ վերանշանակված սպաներինը՝ 25 տարի: Գերմանիայի բոլոր ամրությունները վերացվելու էին՝ բացառությամբ հարավայինից և արևելյանից: Գերմանիային արգելվեց ունենալ ստորջրյա նավատորմ: Արգելվեցին նաև ռազմական և ծովային օդուժ, նաև՝ դիրիժաբլներ:

Տնտեսական մասով նախատեսվում էր, որ Գերմանիան ռեպարացիաները պետք է վճարի 30 տարվա ընթացքում: Մինչև 1921թ. մարտի 1-ը Գերմանիան պարտավորվում էր վճարել դաշնակիցներին 20 մլրդ մարկ ոսկով, ապրանքով, թանկարժեք թղթով: 10 տարվա ընթացքում Գերմանիան պարտավորվում էր նաև տրամադրել 140 մլն տ. ածուխ Ֆրանսիային, 80 մլն տ.՝ Բելգիային, 77 մլն տ՝ Իտալիային:

Սեն-Ժերմենի պայմանագիր

1919 թ.-ի սեպտեմբերի 10-ին Ավստրիայի հետ կնքվեց Սեն-Ժերմենի հաշտության պայմանագիրը: Ինչպես և Երկրորդ աշխարհամարտից հետո կնքված՝ Վերսալյան համակարգի մյուս պայմանագրերը, Սեն-Ժերմենի պայմանագիրն էլ ծանր պարտավորություններ էր նախատեսում Ավստրիայի համար: Զգալի տարածքային կորուստների կողքին Ավստրիան պարտավորվում էր դաշնակիցներին վճարել ռեպարացիաներ:

Պայմանագրի նախաբանը հռչակում էր Ավստրո-Հունգարիայի փլուզումը: Նախկին Ավստրո-Հունգարական կայսրության փոխարեն առաջ էին գալու Ավստրիան, Հունգարիան, Չեխոսլովակիան և Սերբա-խորվաթա-սլովենական թագավորությունը (1929թ-ից՝Հարավսլավիա): Ավստրիայում հաստատվելու էին հանրապետական կարգեր: Չեխոսլովակիան և Հարավսլավիան դաշնակիցների կողմից հռչակվում էին անկախ պետություններ: Ավստրիան նույնպես պարտավորվում էր ճանաչել վերջիններիս անկախությունը:

Պայմանագրի 88-րդ հոդվածն արգելում էր Ավստրիայի անկախության ոտնահարումը, այսինքն՝ բացառում էր անշլյուսի հնարավորությունը: Ավստրիական զինված ուժերը պետք է լուծարվեին 3-ամսյա ժամկետում: Ավստրիան բավարարվելու էր 30.000-անոց զորքով: 144-րդ հոդվածի համաձայն՝ Ավստրիան զրկվում էր ռազմական ավիացիայից, իսկ ծովային և Դանուբի նավատորմն անցնում էր դաշնակիցներին:

Ավստրիան պարտավորվում էր նաև ճանաչել Վերսալյան համակարգի բոլոր պայմանագրերը: Սեն-Ժերմենի պայմանագիրը հաստատեց Ավստրո-Հունգարական կայսրության փլուզման և նրա տարածքում մի շարք նոր պետությունների առաջացման փաստը: Սակայն պայմանագրի արդյունքում առաջ եկան մի շարք հակամարտություններ, այդ թվում՝ միջէթնիկական, որոնք հետագայում բազմիցս սրեցին միջազգային իրադրությունը:

Նեյի պայմանագիր

Երկարատև բանակցություններից հետո Նեյում կնքվեց պայմանագիր առաջին աշխարհամարտում պարտված Բուլղարիայի և Անտանտի միջև: Այն ստորագրվեց 1919թ. նոյեմբերի 27-ին Փարիզի արվարձան Նեյսյուր-Սեն քաղաքում: Այս պայմանագրով Բուլղարիան կորցրեց 11.000 կմ² տարածք, որոնք անցան հարևան սերբերի, խորվաթների և սլովենացիների թագավորությանը, Ռումինիային և Հունաստանին: Բուլղարիայի արևմտյան չորս շրջանների և Մակեդոնիայի մի մասն անցան սերբերի, խորվաթների և սլովենացիների թագավորությանը: Արևմտյան Թրակիան անցավ Անտանտին (հետագայում 1920թ.-ին Սևրի պայմանագրով անցավ Հունաստանի վերահսկողության տակ, որը զրկեց Բուլղարիային դեպի Էգեյան ծով ելքից): Դոբրուջան տրամադրվեց Ռումինիային: Բուլղարիան 37 տարվա ընթացքում պետք է 2250 մլրդ ոսկյա ֆրանկ ռազմատուգանք վճարեր: Ցամաքային զինված ուժերը կրճատվում էին մինչև 33.000-ի, որոնցից 20.000-ը պետք է կազմեր բուլղարական բանակը, 10.000-ը՝ ոստիկանությունը և 3000-ը՝ սահմանապահները: Բուլղարիային արգելվեց ունենալ ռազմական ավիացիա և ծանր զինտեխնիկա:

Տրիանոնի պայմանագիր

Տրիանոնի պայմանագիրը կնքվել է Առաջին համաշխարհային պատերազմում հաղթանակած պետությունների և այդ պատերազմում պարտություն կրած Հունգարիայի միջև։ Այն ստորագրվել է 1920թ․ հունիսի 4-ին Վերսալի Մեծ Տրիանոնյան պալատում և ուժի մեջ մտել 1921թ․ հուլիսի 26-ին։ Դաշնակից պետությունների կողմից պայմանագիրը ստորագրեցին ԱՄՆ-ը, Բրիտանական կայսրությունը, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան, ինչպես նաև Բելգիան, Հունաստանը, Չինաստանը, սերբերի, խորվաթների և սլովենացիների թագավորությունը (1929 թվականից Հարավսլավիան), Կուբան, Նիկարագուան, Պանաման, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Սիամը (Թաիլանդ) և Չեխոսլովակիան։ Այս պայմանագիրը հանդիսանում է հետպատերազմյան կարգավորման Վերսալյան համակարգի մի մասը։ Հունգարիայի հետ հաշտության պայմանագրի մշակողների շարքում էր չեխ քաղաքական գործիչ և դիվանագետ Էդվարդ Բենեշը, ով հանդիսանում է Չեխոսլովակիայի ստեղծման հեղինակներից մեկը և նա պնդում էր, որ Հունգարիայի նկատմամբ մոտեցումն ավելի խիստ լինի, քանի որ գտնում էր, որ Առաջին համաշխարհայինի սանձազերծման գործում պաշտոնական Բուդապեշտն ավելի մեղավոր է, քան Վիեննան։ Ֆրանսիան բանակցային գործընթացում հետամուտ էր լինում, որպեսզի ավելի շատ տարածքներ կորզեր Հունգարիայից հoգուտ իր հարևանների, որոնք էլ կհանդիսանային զսպող գործոն Հունգարիայի համար։ Արդյունքում էլ ստեղծվեց հակահունգարական միություն Չեխոսլովակիայից, Ռումինիայից և Հարավսլավիայից, որը հայտնի է որպես «Փոքր Անտանտ» անվամբ։ Տրիանոնի պայմանագիրը կազմվել է Սեն-Ժերմենյան պայմանագրի օրինակին համապատասխան։ Այն կազմված է 364 հոդվածից, որոնք բաժանված են 14 մասերի։ Պայմանագրի երկրորդ մասը վերաբերում է Հունգարիայի սահմաններին։ Արդյունքում Հունգարիան ունեցավ տարածքային լուրջ կորուստներ`

• Տրանսիլվանիան և Բանատի արևելյան մասը միացվեց Ռումինիային,

• Խորվաթիան, Բաչկան և Բանատի արևմտյան մասը մտնում էին սերբերի, խորվաթների և սլովենացիների թագավորության կազմի մեջ,

• Սլովակիան և Անդրկարպատյան Ռուսը մտնում էին Չեխոսլովակիայի կազմի մեջ,

• Բուրգելանդն անցնում էր Ավստրիային։ Սակայն Բուրգելանդի պաշտոնական միավորումն Ավստրիայի հետ 1921թ․ օգոստոսի 28-ին առաջացրեց ճգնաժամ։

Ավստրիական ոստիկանների ու սահմանայինների կողմից շրջանի փաստացի զբաղեցումը կանգնեցվեց նույն օրը հունգարացի դիպուկահարների կողմից։ Իտալացի դիվանագետների միջամտության շնորհիվ ճգնաժամը լուծվեց 1921թ․ աշնանը։ Դեկտեմբերի 14-16-ն անցկացվեց հանրաքվե, որում Բուրգելանդի այն մասերում, որտեղ գերիշխում էին հունգարացիները, կողմ արտահայտվեցին Հունգարիայի հետ վերամիավորմանը։ Տրիանոնի պայմանագրի արդյունքում Հունգարիան զրկվեց տարածքների և բնակչության 2/3-ից։ Բացի այդ հունգարական զորքերի թվաքանակը չպետք է գերազանցեր 30 հազարը։ Հունգարիան զրկվեց դեպի ծով ելքից։ Հունգարիային արգելվել է ռազմաօդային ուժեր, տանկեր և ցանկացած այլ ժամանակակից զենք ունենալ։ (Սևրի պայմանագիրը կներկայացնենք առանձին հոդվածով:)

Չորս տերությունների պայմանագիր

Դիվանագիտական սուր պայքարից հետո 1921թ. դեկտեմբերի 13-ին ստորագրվեց Վաշինգտոնի կոնֆերանսի առաջին պայմանագիրը ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ճապոնիայի միջև, որը հայտնի է որպես «չորս տերությունների պայմանագիր» անունով: Պայմանագիրը վերաբերում էր Խաղաղ օվկիանոսում տրակտատը ստորագրած պետություններին պատկանող կղզային տարածքների համատեղ պաշտպանությանը: Այս տասնամյա պայմանագիրը նախանշում էր ԱՄՆ-ի դիվանագիտական հաղթանակը, քանի որ դրա չորրորդ հոդվածն ի չիք էր դարձնում 1911թ.-ին երկարաձգված անգլո-ճապոնական պայմանագիրը։ Պայմանագրի կնքման համար լիազոր ներկայացուցիչներ էին նշանակվել ԱՄՆ նախագահը, ԱՄՆ քաղաքական գործիչներ Չարլզ Էվանս Հյուզը, Հենրի Քեբոթ Լոջ Կրտսերը, Օսկար Անդերվուդը, Էլիու Րութը և ԱՄՆ մի շարք քաղաքացիներ։ Պայմանագիրը կազմված էր չորս կետից.

• Ստորագրող կողմերը խաղաղօվկիանոսյան իրենց տարածքներում պարտավորվում էին հարգել մյուսների իրավունքները, մասնավորապես, ինքնիշխանությունը։ Եթե պայմանագիրը կնքած պետությունների մեջ խաղաղօվկիանոսյան տարածքների շուրջ դիվանագիտորեն անլուծելի ու պայմանագրին սպառնացող հակամարտություն զարգանար, ապա պայմանագիր կնքած պետությունները պետք է հարցը քննարկեին ու լուծեին կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպվող կոնֆերանսի ժամանակ։

• Եթե վերոնշյալ վտանգները սպառնար որևէ այլ՝ պայմանագրի կողմ չհանդիսացող պետություն, պայմանագիրը ստորագրող պետությունները պետք է համատեղ քննարկումների միջոցով հասնեին խնդրի լուծման լավագույն տարբերակին։

• Պայմանագիրն ուժի մեջ էր տասը տարի և ժամկետի ավարտից հետո էլ մնալու էր ուժի մեջ, մինչև ստորագրող կողմերից մեկը 12 ամսվա ընթացքում չդիմեր պայմանգիրը դադարեցնելու պահանջով։

• Պայմանագիրը պետք է վավերացվեր հնարավորինս շուտ՝ համապատասխանեցնելով ստորագրող կողմերի սահմանադրություններին: Եվ այն ուժի մեջ էր մտնում վավերագրերի պահպանմամբ, որը տեղի էր ունենալու Վաշինգտոնում: Այսպիսով Լոնդոնում կնքված անգլո-ճապոնական պայմանագիրը դադարում էր գոյություն ունենալ:

1922 թվականի փետրվարի 6-ին կնքված լրացուցիչ պայմանագրով Ճապոնիային էին տրվելու մի շարք կղզային տարածքներ, այդ թվում և Կարաֆուտոն (Հարավային Սախալին), Ֆորմոզին (Թայվան), Պեսկադորին (Պենխուլեդար) և այլն։

Հինգ տերությունների պայմանագիր

Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում և հետո էլ աշխարհի մեծ տերությունները սկսել էին ռազմածովային ուժերի մրցավազք: Նույնիսկ Առաջին աշխարհամարտից հետո Մեծ Բրիտանիան ուներ աշխարհի ամենաուժեղ և մեծաքանակ ռազմածովային ուժերը: Երկրորդ տեղում ԱՄՆ էր, որը չէր կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ նման արյունալի պատերազմից հետո էլ ամենաուժեղ նավատորմն ունի Մեծ Բրիտանիան: Այս մրցավազքին մասնակցում էր նաև Ճապոնիան, որի ռազմածովային ուժերն աշխարհում երրորդն էին:

1919 թ. ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը հայտարարում է, որ ԱՄՆ նավատորմն ընդարձակվելու է: Որպես արդյունք կառուցվեցին 6 գծանավեր և 6 հածանավեր: Սրան ի պատասխան՝ Ճապոնիան իր առջև խնդիր դրեց, որը հայտնի է նավատորմի «8-8» ծրագիր անունով, որի նպատակն էր հարստացնել ճապոնական նավատորմը ժամանակակից 8 գծանավերով և 8 հածանավերով: Մեծ Բրիտանիան իր հերթին հայտարարում է, որ պատրաստվում է այդ տարի կառուցել 4 գծանավ և 4 հածանավ, իսկ մյուս տարի ևս չորսով ավելացնել դրանց թվաքանակը:

1921թ. վերջին ԱՄՆ-ում հայտնի է դառնում, որ Մեծ Բրիտանիան պատրաստվում է հրավիրել համաժողով, որը վերաբերելու էր Խաղաղ օվկիանոսին և Հեռավոր Արևելքին: Այդ համաժողովը չէր բխում ԱՄՆ-ի շահերից, մյուս կողմից էլ ԱՄՆ-ին անհանգստացնում էր անգլո-ճապոնական երկու տասնամյակ տևող դաշինքը: Համաժողովը կանխելու համար Վուդրո Վիլսոնին հաջորդած ԱՄՆ 29-րդ նախագահ Ուորեն Հարդինգի վարչակազմը 1921թ. նոյեմբերին հրավիրում է Վաշինգտոնի ռազմածովային համաժողովը, որի շրջանակներում 1922թ. փետրվարի 6-ին կնքվում է Վաշինգտոնի ռազմածովային պայմանագիրը կամ «5 ուժերի» պայմանագիրը: Պայմանագիրը կնքվում է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ճապոնիայի, Ֆրանսիայի և Իտալիայի միջև: Նպատակն էր սահմանափակել ռազմածովային ուժերը և լուծել խաղաղօվկիանոսյան ու հեռավորարևելյան խնդիրները: Սահմանափակվելու էր գծանավերի, հածանավերի, ավիակիրների կառուցումը, սուզանավերի և մյուս տեսակի ռազմանավերի համար քանակային սահմանափակում չկար, բայց դրա փոխարեն տարողության սահմանափակում կար:

Պայմանագրի համաձայն՝ 10 տարով դադարեցվում էր խոշոր ռազմանավերի կառուցումը, սրա հետ մեկտեղ պայմանագիրը կնքող 5 ուժերի համար ռազմանավերի տոննաժ էր սահմանվում (տարողությունը տոննաներով). հնգական ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի համար, 3-ական՝ Ճապոնիայի, 1,75-ական՝ Իտալիայի և Ֆրանսիայի: Պայմանագրի հոդվածներից մեկի համաձայն էլ՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ճապոնիան համաձայնվեցին պահպանել Խաղաղ օվկիանոսի արևելյան հատվածներում իրենց ամրությունների և ռազմածովային բազաների ստատուս քվոն:

Պայմանագիրն ուժի մեջ էր մինչև 1930-ական թթ., սակայն հենց այդ ժամանակ էլ Ճապոնիան սկսեց պնդել, որ ինքը պետք է ունենա ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային հավասար քանակությամբ և տարողությամբ ռազմանավեր, իսկ երբ մերժում ստացավ, հայտարարեց իր դուրս գալու մասին: 1936թ. որոշվեց երկարացնել համաձայնագիրը մինչև 1942թ., սակայն Ճապոնիայի և Իտալիայի բացակայության պայմաններում այն պատշաճ կերպով չէր ծառայելու իր նպատակին:

Այնուամենայնիվ, այստեղ պետք է նշել նաև ԱՄՆ-ի գրանցած հաջողությունը, այն է՝ երկարատև պայքարից հետո ԱՄՆ-ն վերջիվերջո կարողացավ Մեծ Բրիտանիայի հետ հավասար քանակությամբ ռազմածովային ուժեր ունենալ: Համաժողովի արդյունքում ձեռք բերված հաջողությունն իրականում ժամանակավոր էր. այն չկարողացավ հաստատել երկարատև վերահսկողություն սպառազինությունների նկատմամբ, որը կկարողանար խոչընդոտել ստեղծված բարդ իրավիճակի վերածումը լայնամասշտաբ պատերազմի:

Ինը տերությունների պայմանագիր

Վաշինգտոնի կոնֆերանսում մեծ տեղ էր զբաղեցնում նաև չինական հարցը: Չինաստանը հրաժարվել էր ստորագրել Վերսալյան հաշտությունը, որովհետև Չինաստանի տարածքներում գտնվող նախկին գերմանական գաղութներն այդ պայմանագրով ոչ թե վերադարձվեցին Չինաստանին, այլ հանձնվեցին Ճապոնիային:

Վաշինգտոնի կոնֆերանսում Չինաստանի պատվիրակությունը պահանջեց վերադարձնել չինական տարածքները: Ամերիկյան դիվանագիտությունը, նպատակ ունենալով թուլացնել Ճապոնիայի դիրքերը, պաշտպանեց այդ տարածքները (Ցինդաոն և Շանդունը):

1922թ. փետրվարի 6-ին Վաշինգտոնի կոնֆերանսի մասնակից պետությունները (ԱՄՆ, Բելգիա, Բրիտանական Թագավորություն, Իտալիա, Ճապոնիա, Չինաստան, Պորտուգալիա և Ֆրանսիա) ստորագրեցին համաձայնագիր Չինաստանում տարվող քաղաքականության մասին, որը հայտնի է «ինը տերությունների պայմանագիր» անվամբ:

Պայմանագիրը նպատակ ուներ կարգավորել միջազգային հարաբերությունները Հեռավոր Արևելքում և բոլորի համար հավասար պայմաններ ստեղծել Չինաստանի հետ հարաբերություններում։ Պայմանագրին մասնակցող կողմերը համաձայնում էին հարգել Չինաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։ Յուրաքանչյուր պետություն պարտավորվում էր օգտագործել իր ունեցած ազդեցությունը օգնելու համար Չինաստանին ստեղծել կայուն ղեկավարություն և բոլոր պետությունների համար ապահովել հավասար պայմաններ, խուսափել հատուկ իրավունքներ կամ արտոնություններ ստանալուց, որը նորից կբերեր ազդեցության գոտիների ստեղծման։

Այսպիսով, Ինը տերությունների համաձայնագրով հաստատվում էր բաց դռների քաղաքականությունը Չինաստանի նկատմամբ, որը առաջ էր քաշվել դեռևս 1899թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Հեյի կողմից։ Ինը պետությունները պարտավորվում էին նաև հարգել Չինաստանի չեզոքությունը բոլոր այն պատերազմներում, որտեղ ինքը կողմ չի հանդիսանում։ Իսկ այն պետությունները, որոնք ունեն առանձին կնքած պայմանագիր Չինաստանի հետ արտոնությունների վերաբերյալ և նշված պայմանագրի կողմ չեն հանդիսանում, պետք է հրավիրվեն ԱՄՆ-ի կողմից անդամակցելու պայմանագրին, որի մասին ԱՄՆ-ը պարտավորվում էր տեղեկացնել մյուս ութ տերություններին։

Այսպիսով, ԱՄՆ-ը կարողացավ վերացնել ազդեցության գոտիների բաժանումը Չինաստանում, որը հնարավորություն կտար Ամերիկային մրցակցության հավասար պայմաններում դուրս մղել մյուս պետություններին շուկայից։ Սակայն այս համաձայնագիրը, ինչպես հետագայում պարզ դարձավ, վերջնական խաղաղություն չբերեց Հեռավոր արևելքում, իսկ ազգամիջյան մրցակցությունը շարունակվեց նաև հետագա տարիներին։

Սրանով ավարտվեց Վաշինգտոնի կոնֆերանսը, որը վերջ դրեց աշխարհի վերաբաժանմանը Հեռավոր Արևելքում: Այս իմատով, այն լրացրեց Վերսալին: Եթե Փարիզի կոնֆերանսում անգլիական և ֆրանսիական դիվանագիտությանը հաջողվեց մի շարք հարցերում շրջանցել ԱՄՆ-ին, ապա Վաշինգտոնի կոնֆերանսում ամերիկյան դիվանագիտությունն հասավ նշանակալից հաջողությունների: Այն նշանավորեց նաև միջազգային հարաբերությունների Վերսալ-Վաշինգտոնյան համակարգի ձևավորման ավարտը:

Հեղինակներ՝

  • Արև Սոխակյան
  • Դավիթ Աղաջանյան
  • Էմմա Բաղդասարյան
  • Քրիստ Պողոսյան
  • Մելինե Հայրապետյան
  • Մարի Ավետիսյան
  • Մարիաննա Խաչատրյան

Աղբյուրները՝ այստեղ, այստեղ, այստեղ, այստեղ, այստեղ, այստեղ, այստեղ, այստեղ և այստեղ