Որո՞նք են քաղաքացիների քաղաքական իրավունքներն ու ազատությունները

protect-your-rights-3

Քաղաքական իրավունքները և ազատությունները քաղաքացու իրավունքների և ազատությունների կարևորագույն խումբն է, որոնց ամբողջությունն ապահովում է պետության քաղաքական կյանքին քաղաքացիների ակտիվ մասնակցությունը, դրանով իսկ նախապայմաններ ստեղծելով մարդկանց անձնական իրավունքների և ազատությունների դրսևորման համար:

Պետության հասարակական-քաղաքական կյանքին մասնակցելն առաջին հերթին նշանակում է մասնակցել պետական իշխանության ձևավորմանը և այդ իշխանության իրականացմանը: Որքանով ժողովրդավարական պետությունները որդեգրել են «իշխանությունը պատկանում է ժողովրին, իշխանության աղբյուրը ժողովուրդն է սկզբունքը», անհրաժեշտ է, որպեսզի քաղաքացիները կարողանան ազատորեն արտահայտել իրենց կամքը, այլ կերպ ասած՝ ունենան քաղաքական իրավունքներ ու ազատություններ և որոշակի կարգով դրանք գործադրելու հնարավորություն:

Այսպիսով, կարող ենք ասել, որ քաղաքական իրովունքների և ազատությունների հիմքը պետության գործերի կառավարմանը մասնակցելու իրավունքն է, որը բոլոր քաղաքացիներին հնարավորություն է տալիս անմիջականորեն ընդգրկվել քաղաքականության ոլորտը, ներառվել պետական խնդիրների վերաբերյալ որոշումների ընդունման և կատարման գործընթացի մեջ: Այս իրավունքը ձևավորվել է դեռևս Լուսավորականության դարաշրջանի հայեցակարգերում և ավանդաբար ու իրավացիորեն համարվում է մարդկանց բնական հավասարության և ազատության արտահայտություն:

Քաղաքական գործունեությանը քաղաքացիների ակտիվ մասնակցության իրավունքի իրականացման համար, բնականաբար, հարկավոր է ապահովել և երաշխավորել մի շարք այլ իրավունքներ ևս, ինչպիսիք են ընտրական իրավունքը (ընտրելու և ընտրվելու իրավունքը), հանրաքվեին մասնակցելու իրավունքը, միավորումներ կազմելու իրավունքը, կուսակցություններ կազմելու և դրանց անդամագրվելու իրավունքը, ժողովներ, հանրաքվեներ, երթեր, ցույցեր անցկացնելու իրավունքը, խոսքի ազատության իրավունքը, տեղեկատվության ազատության իրավունքը և այլն:

Քաղաքական իրավունքներն ու ազատություններն արձանագրված են մի շարք հիմնարար միջազգային իրավական փաստաթղթերում, ժողովրդավարական պետությունների սահմանադրություններում:

Ինչպես արդեն նշեցինք, պետության կառավարման գործերին մասնակցելու իրավունքը ենթադրում է ընտրական իրավունք, որը, թերևս, կարևորագույններից է քաղաքական իրավունքների և ազատությունների շարքում: Ընտրական իրավունքը ժողովրդի կամքի ազատ արտահայտման և քաղաքական գործընթացներին մասնակցելու հիմնական ձևն է և ժողովրդի ինքնիշխանության արտահայտությունը: Ընտրական իրավունքը իրականացվում է ընտրելու իրավունքով, որը կոչվում է նաև ակտիվ ընտրական իրավունք, և ընտրվելու իրավունքով՝ պասիվ ընտրական իրավունք: Ժողովրդավարական պետություններում ակտիվ ընտրական իրավունքից օգտվում են բոլոր չափահաս քաղաքացիները՝ անկախ սեռից, զբաղմունքի տեսակից, գույքային դրությունից, կրթությունից:

Պասիվ ընտրական իրավունքը նշանակում է, որ ընտրովի պետական և տեղական ինքանակառավարման մարմիններում, պետական ընտրովի պաշտոններում քաղաքացիներն ունեն ընտրվելու իրավունք, այսինքն կարող են իբրև թեկնածու գրանցվել, իրականացնել քարոզչություն և այլն: Պասիվ ընտրական իրավունքը, որպես կանոն, ունենում է ավելի խիստ սահմանափակումներ:

Որոշ հեղինակներ ընտրական իրավունքի բաղկացուցիչ մաս են համարում նաև ընտրողների վստահությունը չարդարացրած անձանց, հատկապես պատգամավորների ետկանչման իրավունքը: Սակայն անհրաժեշտ է նշել, որ մինչ օրս մշակված չեն այնպիսի օբյեկտիվ չափանիշներ, որոնց միջոցով հնարավոր լինի տարբերակել ընտրված անձանց «լավ» և «վատ» աշխատանքը: Բացի այդ, դժվար է որոշել, թե որքան ժամանակահատվածից հետո կարելի է խոսել կատարված աշխատանքի մասին և կատարել համապատասխան եզրակացություններ:

Հասարակական-քաղաքական գործունեությանն ակտիվորեն մասնակցելու և քաղաքական իրավունքներն ու ազատություններն իրականացնելու համար կորևոր է մարդկանց միավորումներ կազմելու իրավունքը, որը կոչվում է նաև միություններ և միավորումներ ստեղծելու ազատություն: Այս իրավունքի առկայությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ հասարակական-քաղաքական կյանքին մարդիկ մասնակցում են ոչ միայն անհատապես, այլ նաև կոլեկտիվ, և այդ իրավունքը կոչված է նպաստելու տարբեր տիպի կազմակերպություններ ստեղծելուն, համատեղ ուժերով նպատակաուղղված գործողություններ կատարելուն: Որպես կանոն, մարդիկ միավորվում են որոշակի գաղափարների շուրջ և իրենց նպատակներն իրագործելու համար ստեղծում ինքնակառավարվող կազմակերպություններ:

Ըստ գործունեության ոլորտների այդ միավորումներն ու միությունները բաժանվում են երկու խմբի՝ հասարակական կազմակերպություններ և հասարակական-քաղաքական կազմակերպություններ: Վերջինները կոչվում են նաև քաղաքական կուսակցություններ կամ, պարզապես, կուսակցություններ: Ի դեպ, որպես կանոն, հասարակական կազմակերպությունների անդամ կարող է դառնալ յուրաքանչյուր ոք, իսկ կուսակցությունների անդամ կարող են լինել միայն քաղաքացիները:

Քաղաքական իրավունքների և ազատությունների շարքում կարևորվում է նաև քաղաքացիների ժողովներ, հանրահավաքներ, երթեր, ցույցեր անցկացնելու իրավունքը, որը հնարավորություն է ընձեռում նրանց ակտիվորեն մասնակցել հասարակական-քաղաքական իրադարձություններին: Այս իրավունքը քաղաքացիների անհատական և կոլեկտիվ կարծիքը հրապարակայնորեն արտահայտելու ձևերից է, որի միջոցով նրանք արտահայտում են իրենց վերաբերմունքն իրենց հուզող երևույթների և հարցերի նկատմամբ:

Վերոնշյալ իրավունքների (ազատությունների) իրացման համար պահանջվում է հանրային միջոցառումների անցկացման համար անհրաժեշտ նյութական նախադրյալներ պահանջելու իրավունք և անհրաժեշտության դեպքում պետական հարկադրման և պետական պաշտպանության օգնությանը դիմելու իրավական հնարավորություն:

Տարբեր պետություններում այդ իրավունքներն իրացվում են ծանուցման կարգով, երբ քաղաքացիները զանգվածային, հանրային միջոցառումների անցկացման մասին նախապես տեղեկացնում են իրավասու պետական մարմիններին, թույլատվության կարգով, երբ քաղաքացիները միջոցառումների անցկացման համար նախապես համապատասխան պետական մարմիններից թույլտվություն են ստանում, ներկայանալու կարգով, երբ քաղաքացիները կարող են անցկացնել միջոցառումը առանց պետական մարմիններին նախապես տեղյակ պահելու:

Թույլտվության կարգը կիրառվում է ամբողջատիրական պետություններում, որտեղ իշխանություններն են որոշում տվյալ միջացառման անցկացման նպատակահարմարությունը: Ժողովրդավարական պետություններում սովորաբար կիրառվում է ծանուցման կարգը, և, ըստ այդմ, իշխանությունները, տեղյակ լինելով միջոցառման անցկացման մասին, իրենց հերթին պարտավորվում են ստեղծել անհրաժեշտ պայմաններ, ապահովել հասարական կարգը և անվտանգությունը: Պետական մարմինները միջոցառումը կարող են արգելել միայն այն դեպքում, եթե այդ միջոցառման նպատակները և պայմանները կարող են վտանգել հասարակական կարգուկանոնը, այլոց իրավունքներն ու ազատությունները:

Քաղաքական իրավունքների և ազատությունների շարքում կարևոր տեղ է զբաղեցնում հանրագիր (պետիցիա) ներկայացնելու (դիմելու) իրավունքը: Քաղաքացիների պետական մարմիններին և տեղական ինքնակառավարման մարմիններին դիմելու, պահանջներ ներկայացնելու իրավունքը պետության քաղաքական կյանքին մասնակցելու ակտիվ ձև է և միաժամանակ խախտված իրավունքերը վերականգնելու եղանակ: Այս իրավունքի առկայությունը միաժամանակ ենթադրում է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները և պաշտոնատար անձինք պարտավոր են օրենսդրությամբ հաստատված կարգով և սահմանված ժամկետներում ընդունել առաջադրված հարցերի վերաբերյալ օրինական որոշումներ:

Քաղաքացիների քաղաքական իրավունքերն ու ազատությունները բազմազան են և, բնականաբար, այսքանով չեն սահմանափակվում:

Նյութը պատրաստեց՝ Լիլիթ Իվանյան