Միջազգային հարաբերությունների Վեստֆալյան համակարգը

the_ratification_of_the_treaty_of_munster_gerard_ter_borch_1648

Սկսած XVI դարից Եվրոպայում պայքար էր գնում գաղութների համար: Յուրաքանչյուր եվրոպական խնդիր իր հերթին ազդում էր նաև արևմտյան պետությունների գաղութային տիրույթների վրա: Ի՞նչն էր պատճառը, որ եվրոպական պետությունները սկսեցին տարերայնորեն գաղութացնել նոր հայտնաբերված տարածքները և կատաղի պայքար սկսել իրար դեմ: Նախ՝ նվաճված գաղութներն ընդերքում ունեին հսկայական հարստություններ, որոնք չնչին գներով գնում էին տեղացիներից և բերում Եվրոպա:

Ստացվում է, որ գաղութային պետություններն էժան գնով հումք էին ձեռք բերում, իսկ դրանից պատրաստված ապրանքը շատ թանկ գնով վաճառվում էր հենց տեղաբնիկներին, ինչը և հսկայական եկամուտ էր ապահովում Եվրոպայի գաղութարար երկրների համար: XVI դարում Եվրոպայի ամենաուժեղ գաղութային պետություններն էին Ֆրանսիան և Իսպանիան: XVI դարի երկրորդ կեսից սկսում է աճել Անգլիայի գաղութային հզորությունը: Իսպանիան պայքարի մեջ էր ծովերում Անգլիայի հետ, որի պատճառով էլ նա թուլացել էր:

Մինչև Վեստֆալյան համակարգը Եվրոպայի պատմությունն իրենից ներկայացնում էր միապետների, կայսրերի միջև պայքար, կրոնական հողի վրա առաջացած հակամարտություններ, պապականության անսահմանափակ իշխանություն:

16-րդ դարի Եվրոպայում քրիստոնյա ժողովուրդների պետություններ էին, որոնք ենթարկվում էին Հռոմի պապին: Այս ժամանակաշրջանում պատերազմները, հակամարտությունները ծագում, իսկ դաշինքները կնքվում էին կրոնի հրամայականի համաձայն: Ընդհանուր առմամբ Հռոմի պապն էր միայն ինքնիշխան համարվում, իսկ մյուսները նրա վասալներն էին: Այն իրենից ներկայացնում էր բրգաձև համակարգ, որի ներսում հարաբերություններն ուղղաձիգ աստիճանակարգային էին:

Արդեն 17-րդ դարում միմյանց դեմ հակամարտող եվրոպական հիմնական ուժերը Երեսնամյա պատերազմի արդյունքում 1648թ. կնքեցին Վեստֆալյան հաշտության պայմանագիրը, որն էլ նշանավորեց միջազգային հարաբերությունների Վեստֆալյան համակարգի սկիզբը: Այդ պայմանագրով վերջ դրվեց արյունալի պատերազմին, բայց միևնույն ժամանակ այն սկիզբը դարձավ մի աշխարհակարգի ստեղծման, որը կանոնակարգում էր Եվրոպայի քաղաքական կյանքը և պետությունների միջև հարաբերությունները:

Վեստֆալյան հաշտությունը նոր իրողություններ բերեց Եվրոպա. երբ փլուզվեց միասնականության հայեցակարգը, նոր ծագող եվրոպական երկրներին անհրաժեշտ էր մի սկզբունք, որը կարդարացներ իրենց «հերետիկոսությունը» և կկարգավորեր հարաբերությունները միմյանց միջև: Այդ սկզբունքն առաջ քաշեց Ֆրանսիայի առաջին նախարար Արման ժան կարդինալ Ռիշելյեն, որը raison d’etat–ի և ուժերի հավասարակշռության պահպանումն էր: Raison d’etat-ը նշանակում էր, որ պետության բարեկեցությունն արդարացնում է ցանկացած միջոցի օգտագործումը. դա փոխարինում էր միջնադարի համընդհանուր բարոյականության գաղափարին: Raison d’etat քաղաքականության հաջողությունը հատկապես կախված է ուժերի հարաբերակցությունը ճիշտ գնահատելուց: Իսկ ուժերի հավասարակշռությունը եկավ փոխարինելու ունիվերսալ միապետությանը: Այն պետք է հաշվարկված լինի, ինչը գործնականում դժվար է իրականացնել իրատեսական հիմունքներով: Ավելի դժվար է ներդաշնակեցնել սեփական հաշվարկներն ուրիշ պետությունների հաշվարկների հետ, որն ուժերի հավասարակշռության համակարգի կարևոր նախապայման է:

Ռիշելյեն տվեց «պետական շահ» հասկացության սահմանումը: Այսուհետ պետությունները շարժվում էին ոչ թե կրոնի թելադրանքով կամ էլ միապետի քմահաճույքով, այլ պետությունների գերակա շահով: Վեստֆալյան հաշտությանը հաջորդած դարի ընթացքում պետական շահի դոկտրինը եվրոպական դիվանագիտության առանցքային սկզբունքը դարձավ: Այն ճանաչեց անկախության, ինքնիշխանության սկզբունքը։ Սա նշանակում էր, որ համաձայնագրի յուրաքանչյուր կողմ իր վրա պարտավորություն էր վերցնում հարգել մյուս կողմերի տարածքային իրավունքները և չմիջամտել նրանց ներքին գործերին։ Վեստֆալյան հաշտությամբ կաթոլիկներին, լյութերականներին ու կալվինականներին հավասար իրավունքներ տրվեցին։ Սա, բնականաբար, հարված էր Հռոմի պապին, որն այդպես էլ չէր հաշտվում այս նոր իրողության հետ: Երեսնամյա պատերազմը կրոնական հողի վրա ծագած վերջին խոշոր պատերազմն էր Եվրոպայում: Հետագայում, իհարկե, պատերազմները չդադարեցին, բայց դրանք արդեն ունեին քաղաքական կամ տնտեսական բնույթ: Երեսնամյա պատերազմի և Վեստֆալյան խաղաղության շնորհիվ պետությունները դարձան միակ լեգիտիմ քաղաքական միավորները: Եվս մեկ նորություն էր այն, որ կրոնի և դիվանագիտության համընդհանուր լեզու լատիներենին փոխարինելու եկան ազգային լեզուները:

Եթե մինչև 1648թ. Եվրոպայում պատերազմում էին միապետները, ապա հաշտությունից հետո սկսեցին պատերազմել պետությունները՝ ի դեմս միապետների: Եվ ուրվագծվեց «կրոնական պատերազմների» ավարտը:

Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ Վեստֆալյան հաշտությամբ ստեղծվեց միջազգային համակարգ, որի սկզբունքները դարձան համաշխարհային:

Եվ ահա Վեստֆալյան հաշտությունից հետո Ֆրանսիան դարձավ ամենահզոր պետությունը մայրցամաքում և հավակնեց Եվրոպայում գերիշխանության: Ֆրանսիայի հաղթանակները կանխորոշեցին նաև նրա դերը դիվանագիտության մեջ: Այս ժամանակաշրջանում էր, որ ֆրանսերենը դարձավ դիվանագիտության և միջազգային պայմանագրերի պաշտոնական լեզուն: Ֆրանսիան, շնորհիվ իր հզորության, իրագործեց «բնական սահմանների» պահանջը՝ միացնելով իրեն Էլզասն ու Լոթարինգիան, որոնք հետագա դարերի ընթացքում դարձան Գերմանիայի և Ֆրանսիայի միջև պայքարի կենտրոնը:

Միևնույն ժամանակ Բալթիկ ծովում գերիշխանության էր ձգտում Շվեդիան: XVII-րդ դարում Շվեդիան սկանդինավյան պետություններից ամենահզորն էր, որի երազանքն էր գրավել Բալթիկ ծովի աջ ափը: Վեստֆալյան պայմանագրով Շվեդիան դարձավ Եվրոպական քաղաքականության առանցքային դերակատարներից մեկը և հասավ նրան, որ Բալթիկ և Հյուսիսային ծովեր թափվող արևելաեվրոպական գետերի գետաբերանները, որոնցով հացի բեռները Արևելյան եվրոպայից գնում էին Հոլանդիա և Անգլիա, հայտնվեցին նրա ձեռքում:

Եվ այսպես XVII-րդ դարում ստեղծվեց ֆրանսիական մեծ գաղութային պետությունը, իսկ Անգլիայում տեղի ունեցավ բուրժուական հեղափոխությունը (1640-1660թթ.): Անգլիայի և Հոլանդիայի միջև ծովում գերիշխանության համար պայքար սկսվեց. այդ վեճը լուծվեց հօգուտ Անգլիայի: XVII-րդ դարում Անգլիային մնաց միայն մեկ մրցակից՝ Ֆրանսիան:

Ինչով էր պայմանավորված Անգլիայի հզոր պետություն դառնալը. Անգլիան ուներ հարմար աշխարհագրական դիրք: Տեղակայված լինելով կղզիների վրա՝ պաշտպանված էր Եվրոպայի որևէ պետության հարձակումից: Անգլիան միակ եվրոպական պետությունն էր, որի ազգային շահերը պահանջում էին ոչ թե ծավալապաշտություն Եվրոպայում, այլ ուժերի հավասարակշռության պահպանում: Նրա քաղաքականության նպատակն էր եվրոպայում գտնել այն պետությունը, որը կպաշտպաներ Անգլիայի շահերը՝ դուրս գալով գլխավոր թշնամու դեմ՝ XVII-րդ դարի Ֆրանսիայի:

Նշված հակասությունները լավագույնս դրսևորվեցին երեք խոշորագույն համաեվրոպական կոնֆլիկտներում.

1. Երեսնամյա պատերազմ (1618-1648թթ.)

2. Իսպանական ժառանգության համար մղվող պատերազմ (1701-1714թթ.)

3. Յոթնամյա պատերազմ (1756-1763թթ.)

Ֆրանսիայի և Անգլիայի միջև ընթացող պայքարում Ֆրանսիան շարունակում էր մնալ մայրցամաքի ամենաուժեղ պետությունը, սակայն անիմաստ ներքաշվելով պատերազմներում, հատկապես՝ յոթնամյա պատերազմում, կորցրեց իր ծովային գաղութները՝ Կանադան և Լուիզիանյան: Պետք է նշել, որ Ֆրանսիայի ներքաշվելը պատերազմների մեջ նրան շատ թուլացրեց: Բայց կար ևս մեկ հանգամանք. Ֆրանսիայում այդ ժամանակ կառավարում էր Լյուդովիկոս XV-ը, որի քաղաքականության հարցում պետք է անդրադառնալ նրա «գաղտնի դիվանագիտությանը»: Նա չէր վստահում իր շրջապատում գտնվող պաշտոնյաներին և իր նախարարներից զատ ստեղծել էր գաղտնի կաբինետ: Հաճախ նրանք թագավորի հրամանով այնպիսի քաղաքականություն էին վարում, որը հակասում էր պաշտոնական դեսպանների վարած քաղաքականությանը: Եվ այն, որ այս արարքներով Ֆրանսիան կրկնակի էր տուժում, շատ քիչ էր անհանգստացնում Լյուդովիկոս XV-ին:

Եվ այս պայքարում XVIII-րդ դարի վերջում Անգլիան դարձավ ոչ միայն առաջին ծովային և գաղութային պետությունը Եվրոպայում, այլև ձգտեց հասնել համաշխարհային առևտրական գերիշխանության:

Պետք է նշել, որ այս շրջանում Եվրոպայի Արևելքում որպես միջազգային հարաբերությունների մասնակից հայտնվում է նաև երիտասարդ Ռուսական կայսրությունը, որը XVIII-րդ դարի առաջին կեսից սկսեց հզորանալ:

Վեստֆալյան հաշտության նշանակությունն այն էր, որ նա վերջնականապես հաստատեց Գերմանիայի ներքին կառուցվածքը և ամրապնդեց նրա քաղաքական մասնատվածությունը՝ փաստացի կործանելով կայսրությունը: Գերմանական իշխաններն իրավունք ստացան ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարելու և պայմանագրեր ստորագրելու օտարերկրյա պետությունների հետ: Գերմանիան վերջնականապես մասնատվեց Երեսնամյա պատերազմից և Վեստֆալյան հաշտությունից հետո: Կայսրությունը դարձավ լոկ աշխարհագրական հասկացություն և նրա տարածքի վրա իբրև քաղաքական միավորներ կայացան Ավստրիան, Բավարիան, Պրուսիան (Բրանդենբուրգ), Սաքսոնիան և այլ փոքր պետություններ: Այդ քաոսային իրավիճակներում ավելի ուժեղ գտնվեցին երկու պետություններ՝ Ավստրիան և Պրուսիան: Այս երկու պետությունների միջև երկար ժամանակ պայքար էր գնում միավորելու Գերմանիան, ինչը հետագայում հաջողվեց Պրուսիային:

Ավելի քան մեկ դար Վեստֆալյան համակարգին հաջողվեց պահպանել ուժերի հավասարակշռությունը մեծ տերությունների միջև: Սակայն Ֆրանսիական մեծ հեղափոխությունը վերջ դրեց այդ հավասարակշռությանը: Բանն այն է, որ Ֆրանսիան, ներքաշվելով գաղութների և համաշխարհային տիրապետության համար մղվող պայքարի մեջ ընդդեմ Անգլիայի, աստիճանաբար կորցրեց երբեմնի հզորությունը:

Այս ամենի արդյունքում Ֆրանսիայում մեծացավ դժգոհությունը միապետի վարած ներքին և արտաքին քաղաքականության նկատմամբ: Խոսքն առաջին հերթին բուրժուազիայի մասին էր, որը հզորանում էր և ձգտում էր իր ձեռքում կենտրոնացնել իշխանությունը՝ բավարարելու համար օրեցօր աճող իր պահանջմունքները:

1789թ-ի հուլիսի 14-ին Բաստիլի գրավմամբ սկսվեց Ֆրանսիական հեղափոխությունը, որն իշխանության բերեց բուրժուազիայի ներկայացուցիչներին: Իշխանության գալուց կարճ ժամանակ անց բուրժուազիան ձեռնարկեց նվաճողական պատերազմներ, որոնք հակասում էին հեղափոխության հռչակած «համընդհանուր խաղաղության և ազատության» գաղափարներին: Իր շահերը իրացնելու ճանապարհին բուրժուազիայի վարած պատերազմներն էլ աստիճանաբար խարխլեցին Վեստֆալյան համակարգի հիմք հանդիսացող ուժերի հավասարակշռությունը և ստիպեցին մեծ տերություններին համախմբելու իրենց ջանքերն ընդդեմ Ֆրանսիայի:

Պատմության մեջ Վեստֆալյան համակարգի անկումը հիմնականում կապում են հենց Ֆրանսիական հեղափոխության հետ, որին արդեն հաջորդեց Վիեննական համակարգը:

Հեղինակներ՝

Արև Սոխակյան

Մարի Ավետիսյան

Էմմա Բաղդասարյան

Դավիթ Աղաջանյան

Աղբյուրներ՝

1. Henry Kissinger “Diplomacy” (1994)

2. Потемкин Владимир, История дипломатии. Том 1

3. Եփրեմյան Տ. «Վեստֆալյան համակարգը իբրև արդի եվրոպական քաղաքականության շրջադարձային հանգրվան», Երևան 2015