Ի՞նչ ստացավ Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանից կամ՝ հակառակը

arm14242362867

Ապրիլի 9-ին 18 տարվա ընդմիջումից հետո հանդիպեցին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ու գործող նախագահ Սերժ Սարգսյանը։ Ինչպես և սպասվում էր, հանդիպումը բուռն քննարկումների առարկա դարձավ։ Հանդիպման լուրը ստանալուն պես այն ամբողջությամբ կլանեց սոցցանցերն ու լրատվության աղբյուր հանդիսացող գրեթե բոլոր հարթակները։

Հանդիպման մասին պաշտոնական հայտարարություն տարածվեց նախագահականից, որում առանձնահատուկ ձևով նշված էր, որ հանդիպման նախաձեռնողն առաջին նախագահն է։ Համացանցում տեղեկատվության հայտնվելուն պես շոկային տրամադրություններ էին տիրում, որն ամբողջությամբ հիմնավորվում է դաշտում առկա քաղաքական կոնյուկտուրայով։ Տեր-Պետրոսյանի մոլի կողմնակիցների շրջանում որոշակի ժամանակ լուրը որևէ կերպ չմեկնաբանվեց, բնականաբար ինչպես բազմաթիվ այլ հարցերում այս դեպքում ևս առաջին նախագահի կողմնակիցները հանդիպման մասին տեղեկանում էին տարածված հաղորդագրությունից։ Ինչևէ, իրականում տեղի ունեցած հանդիպումն, առաջին հայացքից, իր տեսակով բացառիկ իրողություն էր հայկական քաղաքական դաշտում։ Բայց հանդիպման բացառիկությունն, ինչպես արդեն նշեցի, միայն առաջին հայացքից էր այդպիսին, քանի որ Տեր-Պետրոսյանի անցած քաղաքական ճանապարհին ծանոթ մարդկանց համար տեղի ունեցածն անակնկալ չէր (այդ մասին խոսեց նաև առաջին նախագահը հանդիպմանը հաջորդած հարցազրույցում)։ Հանդիպման բացառիկությունը, թերևս, այն է, որ այս անգամ Սերժ Սարգսյանը չմերժեց Տեր-Պետրոսյանի հերթական առաջարկը։

Հանդիպման մասին լուրի շոկային էֆեկտին հաջորդեցին արդեն տարատեսակ կարծիքներն ու գնահատականները, որոնցից դոմինանտներին կանդրադառնամ ստորև։ Տեր-Պետրոսյանի թիմակիցները միանգամից սկսեցին մեծ էնտուզիազմով հիմնավորել այն, ինչը մի քանի րոպե առաջ նրանք վստահորեն կորակեին հաճախորդացում, դհոլացում և նմանատիպ այլ գործիքային բնորոշումներով։ Իշխանական մեդիաներն իրենց հերթին հանդիպումը մեկնաբանեցին որպես ազգային մոբիլիզացիայի կարևորագույն բաղադրիչ և սկսեցին սրտաճմլիկ մեկնաբանություններով տարածել նախագահների «բարձր պետականամետության անկյունաքարը» հանդիսացող հանդիպման մամլո հաղորդագրությունը։ Վերոգրյալ երկու կողմերի հանդիպման վերաբերյալ հայտնած դիրքորոշումները բավականին ադեկվատ էին իրենց սուբյեկտիվ ընկալումների համատեքստում և, իրականում, թե՛ իշխանական, թե՛ տեր-պետրոսյանական թևի մեկնաբանություններն ու գնահատականներն ամբողջապես տեղավորվում են իրենց քաղաքական հաշվարկների տրամաբանության մեջ, և այստեղ երկու կողմերի կարծիքները քննարկելն ուղղակի անիմաստ է:

Մինչև ապրիլի 11-ը հանդիպման վերաբերյալ կարծիքները բաժանված էին երկու մասի՝ Տեր-Պետրոսյանի թիմակիցների առաջ քաշած «բարձր պետականամետության» դրսևորմանն ու իշխանական ԶԼՄ-ների կողմից քարոզվող «ազգային համաձայնության» միֆին։ Հասարակական ակտիվություն ցուցաբերող անհատների և քաղաքական այլ կուսակցությունների կողմից հանդիպման վերաբերյալ կարծիքներ առանձնապես չէին հնչում մինչև Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից իր կուսակցության «պաշտոնթերթին» տված հարցազրույցը։ Այն, որ Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական ունակությունները դաշտում եղածներին մի քանի անգամ գերազանցում են, թերևս, քննարկման ենթակա չէ, և նրա կողմից հրապարակված ցանկացած նյութ հաճելի է ընթերցանության համար, բայց արդեն վաղուց այդ հաճույքը միայն էսթետիկ բնույթ է կրում։ Հայտնի հարցազրույցից մի շարք մանրամասներ հայտնի դարձան հանդիպման մասին, որոնցից ամենակարևորը, թերևս, Ղարաբաղյան հակամարտության մեջ ռուսական դերի բարձրացման փաստի արձանագրումն էր, որով Տեր-Պետրոսյանը հերթական անգամ արձանագրեց իր արտաքին քաղաքական պատկերացումները: Հարցազրույցի շրջանակներում առաջին նախագահը հստակեցրեց նաև իր կողմից ղեկավարվող քաղաքական ուժի ներքաղաքական ռազմավարությունը, որն ըստ էության ուղղված է լինելու իր իսկ ձևակերպմամբ երկրի ներկայիս հրամանատարին՝ Սերժ Սարգսյանին, չխանգարելուն, այլ, հակառակը, դիրքերն ուժեղացնելուն: Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանին հանդիպելու իր նախաձեռնությունը բացառիկ չհամարեց՝ հիշեցնելով 1999 թվականի հոկտեմբերի 28-ի հայտնի կոչը, որտեղ նա հորդորեց բոլորին կանգնել երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողքին: Իհարկե, վերոգրյալ կոչը հետագայում չխանգարեց Տեր-Պետրոսյանին Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության բացահայտմանը խոչընդոտելու մեջ մեղադրել նույն Քոչարյանին:

Քաղաքական և քաղաքացիական դաշտում գործող ուժերից շատերը հարցազրույցի հրապարակումից հետո միանգամից սկսեցին մեղադրել Տեր-Պետրոսյանին հաճախորդացման, դավաճանության և նմանատիպ այլ «հանցագործությունների» մեջ, բայց եղածն արդեն եղած է, իսկ հնչող քննադատական մեղադրանքներն ընդամենը կարճատև ներքաղաքական նպատակներ են հետապնդում: Ընդհանրապես, նախկին և գործող նախագահների միջև տեղի ունեցող հանդիպումները, զարգացած քաղաքական մշակույթ ունեցող հասարակություններում բավականին օրինաչափ երևույթ են և նմանատիպ հանդիպումներն այդպիսի երկրներում պարբերական բնույթ են կրում։ Բայց հայկական իրականության մեջ նմանատիպ հանդիպումներն ու քաղաքակիրթ աշխարհին հայտնի այլ ձևաչափերով իշխանություն-ընդդիմություն երկխոսությունները վաղուց ենթարկվում են ամենավերջին պիտակավորումներին: Հենց Տեր-Պետրոսյանն իր 20 հոգանոց կուսակցությամբ ամենավերջին ձևակերպումներով սևացնում էին բոլոր նրանց, ովքեր որևէ կերպ մասնակցում էին իշխանության հետ երկխոսությունների: Այդ երկխոսություններն անվանում էին ֆոտոսեսիաներ և այդպիսով քաղաքական դիվիդենտներ էին ապահովում իրենց համար, բայց քանի որ հիմա նույն բանն անում է ինքը Տեր-Պետրոսյանը, դա մեկնաբանվում է որպես «պետականամետության» բարձր դրսևորում: Այսինքն, հիմա Տեր-Պետրոսյանն ու իր կողմնակիցները քաղում են այն, ինչ վերջին տարիներին ցանել էին և նմանատիպ արձագանքները, որքան էլ հիմնազուրկ են, միևնույն է, ադեկվատ են այն քաղաքական այլախեղված համակարգին, որի ճարտարապետներից մեկը հենց «հաճախորդներ» ման եկող առաջին նախագահն է իր մարգինալ կուսակցությամբ:

 Հիմա փորձենք հնարավորինս հակիրճ քննարկել, թե կողմերն ինչ ստացան հանդիպումից և որն էր հանդիպման իրական պատճառը: Սերժ Սարգսյանն իր իշխանավարման տարիներին կարողացավ ամբողջությամբ չեզոքացնել և նվազեցնել ընդդիմադիր քաղաքական հատվածի ունեցած ազդեցությունը գլոբալ քաղաքաքական գործընթացների վրա: Ըստ էության, ընդդիմությունն իր ամբողջությամբ անպտուղ գործընթացների հետևանքով վերջնականապես զրկվեց հանրային աջակցությունից, և այս պահին որևէ ընդդիմադիր ուժ Սերժ Սարգսյանի իշխանության համար իրական սպառնալիք չէ: Որքան էլ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակիցները փորձում են ներկայացնել, որ Սերժ Սարգսյանի «դիրքերն ուժեղացնելու» իրենց հայտը բավականին մեծ զիջում է իշխանությունների համար, մեղմ ասած, այդպես չէ: Վերջիվերջո, պետք է փաստել, որ առանց Լևոն Տեր-Պետրոսյանի ՀԱԿ որպես այդպիսին գոյություն չունի, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ նրանց քաղաքական կշիռը հավասարազոր է Երևանի Ավագանու վերջին ընտրություններում ստացած քվեին (437,079 քվեարկությանը մասնակցած քաղաքացիներից ՀԱԿ-ին են քվեարկել 18,493): Այսպիսով, ակնհայտ է, որ որպես քաղաքական միավոր ՀԱԿ-ն արդեն վաղուց գործոն չէ և նույնիսկ ծիծաղելի է լուրջ դեմքով հայտարարել, որ Սարգսյան-Տեր-Պետրոսյան հանդիպումը ներքաղաքական կոնսոլիդացիայի մասին է հուշում: Ներքաղաքական կոնսոլիդացիայի վրա մի քանի տոկոսանոց քաղաքական ուժը չի կարող ազդեցություն ունենալ, և, եթե հաշվի առնենք ապրիլի 1-ից հետո տեղի ունեցած հանրային գեր կոնսոլիդացիան, նույնիսկ ներքաղաքական վտանգի մասին խոսելն անիմաստ կլինի:

Այսպիսով, կարելի է հստակ փաստել, որ հանդիպման հիմնական նպատակն այլ է եղել, և այս հանդիպումը կարելի է տեղավորել ԼՂ բանակցային գործընթացի կամ այդ բանակցություններում արտաքին քաղաքական դերակատարների վերադիրքավորման տրամաբանության մեջ: Նախ, Տեր-Պետրոսյանը բավականին փորձված է ԼՂ հակամարտության շրջանակներում տեղի ունեցած բանակցություններում: Միայն իր պաշտոնավարման ընթացքում բանակցությունների սեղանին է եղել 3 տարբեր փաստաթուղթ և բացի այս հանգամանքը՝ առաջին նախագահն իր քաղաքական գործունեության ողջ ընթացքում աչքի է ընկել պրոռուսական արտաքին քաղաքական կուրս վարելով: Ներկայումս ԼՂ հակամարտության բանակցային գործընթացում տեղի են ունենում կարևորագույն փոփոխություններ, և ռուսական կողմը մյուս համանախագահող երկրներից շահեկան դիրքում է հայտնվել, և այս համատեքստում Տեր-Պետրոսյանը կարող է բավականին արդյունավետ խորհրդակցություն ապահովել Սերժ Սարգսյանի համար: Ինչն էլ նա արեց իր հարցազրույցով: Ընդհանրապես, հանդիպումն ավելի շատ պրոռուսական կոնսոլիդացիայի նշանակություն է ունեցել, այդ պատճառով էլ Սերժ Սարգսյանը մեծ հաճույքով ընդունել է Տեր-Պետրոսյանի հրավերը:

Մեծ հաշվով, այս հանդիպման հիմնական շահառուն ոչ թե ՀՀ քաղաքացիներն ու, առավել ևս, մեր պետականությունն է, այլ ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններում պրոռուսական դիրքորոշումը: Հանդիպման ամենատեսանելի հետևանքներից մեկը լինելու է բանակցային գործընթացում խաղաղապահ առաքելություն իրականացնող զորքերի ամբողջապես ռուսական լինելուն հայկական կողմի համաձայնությունը, ինչն էլ կհիմնավորվի տարատեսակ «քաղաքագիտական վերլուծություններով»: Բնավ կարևոր չէ, թե որ փուլից տեղի կունենա խաղաղապահ ուժերի տեղակայման վերաբերյալ բանակցությունները: Ավելի կարևոր է այն, որ ՀՀ-ի կողմից այդ փաստն ամբողջությամբ ընկալելի կլինի, իսկ Տեր-Պետրոսյանի գործառույթն այդ համատեքստում կլինի ընդամենը «քաղաքագիտական վերլուծություններով» «հրամանատարի դիրքերն ամրացնելն» ու դրա դեմ խոսողներին «ջղաձգվողներ» անվանելը: Իսկ հանդիպման փաստը հանրայնացնելն ունեցել է զուտ քարոզչական բնույթ, որն էլ երկու կողմերը փորձեցին տիրաժավորել «բարձր պետականամետության և համազգային գեր մոբիլիզացիայի» պաթոսային մեկնաբանություններով:  

 

Նարեկ Սամսոնյան